Գնա, քեզ համար Բաքվից ընդդիմություն բեր
Wed, 28 Oct 2026 19:45:37 +0400
Նիկոլ Փաշինյանին, ասացեք խնդրեմ, Հայաստանի ընդդիմությունը ձեռ չի տալիս, եւ նա նոր ընդդիմություն է ուզում ունենալ: Ասում է՝ մեր ընդդիմությունը «եռագլուխ հրեշ է», ինձ ուրիշ ընդդիմություն է պետք, մի ընդդիմություն, որ պրոիշխանական չլինի, բայց լինի կառուցողական: Ի՞նչ անեմ, չգնա՞մ դիմում գրեմ Փաշինյանին, որ ինձ աշխատանքի ընդունի որպես կառուցողական եւ ոչ պրոիշխանական ընդդիմություն…
ՀՀ մեծարգո վարչապետ, այսպես ու այսպես, խնդրում եմ ինձ նշանակել ընդդիմություն: Բայց, ախր, սա քաղաքագիտական զավեշտ է: Այդ մարդը չի հասկանում կամ չգիտի, որ ընդդիմությանը, ինչպես եւ հարեւանին, չեն ընտրում, չեն նշանակում, առավել եւս՝ գործի չեն ընդունում, որպես կառուցողական հարեւանի: Ինձ թվում է՝ վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքներն են ազդել վրան: Վախեցել է աշխարհադղորդ տոկոսներից, հասկացել, որ եթե քաղաքական դաշտում մենակ մնա իր ունեցած գրպանային ընդդիմությունով, կվերածվի քյոհնա միապետի (իբր չի ուզում, էլի): Եվ, ահա, դժգոհում է քաղաքական դաշտի լաքեյներից, որոնցից շատերի գաղափարական հենքը հենց ինքն է՝ իր ապազգային էությամբ:
Փաշինյանի կողմից բռնաբարվող քաղաքագիտությունը, սակայն, ասում է, որ ընդդիմությունը (իրական) ձեւավորվում, իր պայքարը ծրագրում եւ հունավորվում է՝ ելնելով օրվա իշխանությունների վարած քաղաքականությունից: Այնպես որ, առանց իշխանության ընդդիմություն չի կարող լինել: Իրական ընդդիմության բնույթը կախված է այն բանից, թե ինչ բնույթի իշխանություն է գործում տվյալ պահին: Ասվածը կարող եմ ցույց տալ Փաշինյանի իշխանության վրա:
2018 թվականի մայիսից մինչեւ 2020թ. նոյեմբերի 10-ը Հայաստանում բոլորովին այլ ընդդիմություն կար: Անգամ Փաշինյանի՝ 2018թ. հոկտեմբերի 2-ի գրոհն ԱԺ-ի վրա, ապա՝ 2019-ի մայիսին դատարանների շրջափակումը առանձնապես չփոխեց այդ ընդդիմության բնույթը: Վերջինիս կողմից «հրեշավոր» բաներ չարվեցին իշխանությունների դեմ: Ամեն ինչ, սակայն, փոխվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ Փաշինյանի իշխանությունն իր հայրենասիրական բնույթը փոխեց եւ վերածվեց երկրի կապիտուլյացիան գովերգող ռեժիմի… Հայրենիքի փրկության շարժում, գենշտաբի սպանիչ հայտարարություն… ՀՀ թիվ մեկ կապիտուլյանտը ստիպված եղավ հրաժարական տալ եւ նոր ընտրություններ նշանակել: 2021թ. կեղծիքներով, ուժով, լծակներով վերընտրվեց, բայց իր բնույթը՝ որպես կապիտուլյանտ ու թշնամու կամակատար, չկարողացավ հաղթահարել:
Դիմադրության շարժում, Սրբազան շարժում… Ոչինչ նրան չխանգարեց՝ իրագործելու Արցախի հայաթափումն ու վերջնական հանձնումը Ադրբեջանին: Ես դեռ չեմ խոսում այն մեծ քանդարարության մասին, որ այդ ընթացքում կապիտուլյանտական ռեժիմը կազմակերպեց ու իրականացրեց Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ոլորտներում՝ կրթություն-գիտությունից մինչեւ արդյունաբերություն ու գյուղատնտեսություն, արտաքին գործընկերների հետ հարաբերություններից մինչեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ խայտառակ արշավ… Բանակ, պաշտպանություն, ազգային անվտանգություն, իրավապահ համակարգ… Ամեն ինչ քանդեց կապիտուլյանտը, նորանոր տարածքներ ու անխոչընդոտ միջանցք հանձնեց թշնամուն, մինչեւ որ վերածվեց քաղաքական իզգոյի՝ թե՛ արտաքին աշխարհում, թե՛ տանը: Հասկանալի է, չէ՞, որ ընդդիմությունը, եթե դա ընդդիմություն է, չէր կարող իր պայքարը շարունակել՝ չտեսնելու տալով այս ամենը:
2026թ. ընտրություններով Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չստացավ ԱԺ-ում: Առանց ընդդիմության «աջակցության» նա չի կարող Սահմանադրություն փոխել ու վերջնականապես կործանել հայոց վերջին պետականությունը: Այստեղից էլ սկսվում են Փաշինյանի եւ նրա իշխանության հիստերիան, վայրահաչոցն ընդդիմության հասցեին… Է՛լ «եռագլուխ հրեշ», է՛լ բռնություններ, է՛լ հետապնդումներ… Հայաստանն աննկատ մտնում է քաղաքացիական պատերազմի փուլ: Իսկ բռնապետ պարոնը, իբր չհասկանալով, որ Հայաստանին ոչ թե նոր ընդդիմություն է պետք, այլ նոր իշխանություն, լոլոներ է կարդում քաղաքական դաշտի եւ հանրության գլխին՝ բա գիտե՜ք, եթե այս ընդդիմությունը մեզ չօգնի Ալիեւի սահմանադրությունն ընդունելու հարցում, կարող եմ նոր ընտրություններ անել, կարող եմ նոր ընդդիմություն բերել… Ի՞նչ ասեմ, գնա՝ Բաքվից ընդդիմություն բեր, որ կարողանաս աշխատել: Բայց մի հարցնող լինի՝ ինչի՞ համար է այս ամենը, ինչի՞ ես հասնելու Հայաստանը վերջնականապես կործանելուց հետո: Ավելի լավ չէ՞ քո այիբից խոսես, որ հանրությանն էլ պարզ լինի, թե ինչու է մեր ընդդիմությունն այսպիսին: