«Հրապարակ». Իլհամ Ալիեւը կարծում է, թե հայկական պետականությունն արդեն չեզոքացրել է Նիկոլ Փաշինյանի միջոցով

«Հրապարակ». Իլհամ Ալիեւը կարծում է, թե հայկական պետականությունն արդեն չեզոքացրել է Նիկոլ Փաշինյանի միջոցով

Thu, 29 Oct 2026 11:45:50 +0400


«Հրապարակի» զրուցակիցը դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանն է։

– Թուրք-ադրբեջանական հարաբերություններում վերջին օրերին քաղաքական լուրջ հակասություններ են ծագել․ փոխադարձ կոշտ հայտարարություններ են հնչում, իսկ Բաքուն այնքան է վրդովվել կրթօջախներում հիջաբ կրելու արգելանքի հետ կապված թուրքական դատապարտող արձագանքից, որ թուրք հայտնի լրագրողների, պատգամավորների, կուսակցապետերի եւ այլ անձանց մուտքն արգելել է Ադրբեջան, նաեւ հետախուզում է հայտարարել մի քանի անձանց։ Մի՞թե Ալիեւի ինքնավստահությունն այնտեղ է հասել, որ «ձեռնոց է նետում» մեծ եղբորը՝ Էրդողանին։

– Երկրները հաճախ համերաշխ են, քանի դեռ ունեն ընդհանուր թշնամի։ Սակայն երբ այդ թշնամին՝ Հայաստանը, ջախջախված է, նրանց ընդհանուր նպատակներն ու շահերը կարող են իրենց տեղը զիջել տարաձայնություններին։ Անկարան եւ Բաքուն՝ իրենց ռազմավարական դաշնակցությամբ հանդերձ, միշտ չէ, որ ունեն նույնական շահեր ու նպատակներ։ Իմ համոզմամբ՝ ներկայիս հակասության խորքում նաեւ Հայաստանի նկատմամբ ազդեցության հարցն է։ Ալիեւը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո ստեղծված իրավիճակում կարող է հենց Փաշինյանի միջոցով կառավարել Հայաստանը։ Հետեւաբար, նա ո՛չ ցանկություն ունի այդ կառավարումը կիսելու որեւէ մեկի, այդ թվում՝ Թուրքիայի հետ, ո՛չ էլ դրա անհրաժեշտությունն է տեսնում։ Կարծում եմ՝ հենց սա է պատճառը, որ թեեւ թուրք-ադրբեջանական հակասությունը վաղուց գոյություն ուներ, այն սկսեց ավելի բացահայտ դրսեւորվել միայն Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո։

– Այդուհանդերձ, կարելի՞ է «թաղել մեկ ազգ՝ երկու պետություն» ձեւաչափով գործող Անկարա-Բաքու դաշինքը։

– Անկարա-Բաքու դաշինքը կա եւ կշարունակի գոյություն ունենալ։ Չեմ կարծում, թե ներկայիս տարաձայնությունները կարող են վտանգել այն, քանի որ Թուրքիային եւ Ադրբեջանին միավորում են խորքային քաղաքական, ռազմական, տնտեսական, հոգեբանական եւ այլ գործոններ։ Սակայն այդ դաշինքի ներսում պարբերաբար ի հայտ են գալիս հակասություններ։ Մասնավորապես, Ալիեւ կրտսերը ժամանակ առ ժամանակ ինքնահաստատման խնդիր է ունենում։ Նրա վարքագծում շատ բան ցուցադրական է։ Նա լավ է հասկանում, որ արեւելյան քաղաքական մշակույթում արտաքին կոշտությունն ու ուժի ցուցադրությունը հաճախ ընկալվում են որպես առաջնորդի վճռականության եւ առնականության վկայություն։ Սա ասելով՝ ուզում եմ շեշտել, որ Էրդողանը եւս արեւելյան բռնապետ է։ Նա այժմ կարող է կուլ տալ Ալիեւի վիրավորանքները, սակայն, իմ համոզմամբ, առաջին իսկ հարմար պահին թիկունքից կհարվածի նրան։ Ուստի ներկայիս լարվածությունը ես դիտարկում եմ ոչ այնքան որպես միջպետական հակասություն, որքան որպես երկու ինքնագոհ բռնապետերի միջեւ անձնական մրցակցության դրսեւորում։ Սակայն դա չի վերացնում նրանց ռազմավարական դաշինքը։

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված այս երկրների միջեւ խորացող հակասություններում Իսրայելի գործոնը, եւ որքան է դրա մասնաբաժինը։

– Իսրայելի հարցում Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերն էապես տարբերվում են, եւ այդ տարբերությունն իր ազդեցությունն ունի Անկարա-Բաքու հարաբերությունների վրա։ Թուրքիան եւ Իսրայելը մրցակցում են Մերձավոր Արեւելքում ազդեցության համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համատեքստում։ Միաժամանակ, Թուրքիան հավակնում է իսլամական աշխարհի առաջնորդի դերին։ Չմոռանանք, որ Օսմանյան կայսրության սուլթանը նաեւ խալիֆ էր՝ իսլամական աշխարհի հոգեւոր առաջնորդ։ Էրդողանի իշխանությունը, որն այսօր ձգտում է հանդես գալ իբրեւ մահմեդականների շահերի պաշտպան, պարզապես չի կարող Իսրայելի հանդեպ թշնամական դիրքորոշում չունենալ։ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ լուրջ տարաձայնություններ կան նաեւ Արեւելյան Միջերկրական ծովի գազի պաշարների, ինչպես նաեւ Հնդկաստանից եւ Չինաստանից դեպի Եվրոպա ձգվող առեւտրային ու հաղորդակցական ուղիների նկատմամբ ազդեցության եւ վերահսկողության հարցերում։ Ադրբեջանի վիճակն այլ է։ Այն չունի Թուրքիայի տարածաշրջանային առաջնորդության հավակնությունները՝ միջինարեւելյան ընդգրկման տեսանկյունից, եւ Իսրայելի հետ հարաբերություններում առաջնորդվում է իր անմիջական շահերով։ Իսրայելն ադրբեջանական նավթի կարեւոր շուկա է, իսկ Ադրբեջանի համար՝ ժամանակակից սպառազինության կարեւոր մատակարար։ Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում հասարակության բոլոր շերտերում առկա են խոր հակահրեական տրամադրություններ։ Այսուհանդերձ, Ադրբեջանի իշխանությունները, ելնելով Իսրայելի հետ իրենց շահագրգռությունից, ամեն կերպ դա քողարկում են։ Առայժմ դա հաջողվում է։ Այսպիսով, Իսրայելի գործոնը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ շահերի տարբերության կարեւոր աղբյուր է, բայց դա ինքնին բավարար չէ նրանց ռազմավարական դաշինքը խզելու համար։

– Կարծիք կա, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն փորձում է կերտել այն միֆը, ըստ որի՝ հաղթանակի է հասել բացառապես Ալիեւի շնորհիվ ու սեփական ուժերով։ Բայց սրան կոշտ հակադարձում են Թուրքիայի քաղաքական շրջանակներից․ տարբեր քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ ակնարկում են, որ Ադրբեջանն առանց Թուրքիայի աջակցության չէր կարող հաղթել Հայաստանին։ Ի՞նչ կարող է շահել Հայաստանն իր հարեւանների «քաղաքական փոխհրաձգությունից»։

– Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Թուրքիայի գործոնը վճռորոշ է եղել, գուցե՝ ամենավճռորոշը։ Հայաստանը միշտ ստիպված է եղել եւ ստիպված է լինելու հաշվի առնել այդ գործոնը, քանի դեռ Թուրքիան չի տրոհվել։ Չնայած իշխանությունների վարդագույն հեքիաթներին, Թուրքիան Հայաստանի համար եղել եւ մնում է ռազմական վտանգ։ Հենց այդ պատճառով Իսրայելի դերը Թուրքիայի զսպման հարցում Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունի։ Թուրքիայի դերը, իմ համոզմամբ, էական է եղել նաեւ Ռուսաստանի հակահայկական դիրքորոշման ձեւավորման հարցում։ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը խիստ կարիք ուներ եւ շարունակում է ունենալ Թուրքիայի չեզոքության, ուստի ստիպված է բավարարել թուրքերի պահանջները եւ անսալ Անկարայի հորդորներին։ Այժմ Ալիեւը կարծում է, թե հայկական պետականությունն արդեն չեզոքացված է Փաշինյանի միջոցով, եւ կարող է իրեն թույլ տալ ստանձնել «արեւելյան մաչոյի» դերը։ Ուստի, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների առերեւույթ լարումից Հայաստանը, առավել եւս՝ ներկայիս իշխանությունների պայմաններում, ոչինչ չի շահի։ Հայաստանի համար շատ ավելի կարեւոր է երկու հարակից գործոն։ Առաջինը Իրանում նոր արեւմտամետ իշխանության հաստատումն է, որը կարող է հանգեցնել Ադրբեջանի աշխարհաքաղաքական եւ տնտեսական նշանակության կտրուկ նվազման։ Երկրորդը Իսրայել-Թուրքիա հակասության՝ ավելի գործնական փուլ մտնելն է։ Բայց այս երկու գործընթացն էլ բազմաթիվ փոփոխականներով հավասարումներ են, եւ դրանց ընթացքը Հայաստանից կախված չէ։ Հետեւաբար, մենք պետք է պատրաստվենք առաջիկա տասնամյակների հնարավոր մեծ պատերազմներին։ Դա պիտի անենք նոր դաշինքներին անդամակցելով, ՀՀ բազմաբնույթ անվտանգային համակարգի ձեւավորմամբ եւ տարածաշրջանի պետականազուրկ ժողովուրդների հետ սերտ կապերի ստեղծումով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դուք ձեր մասին խոսեք, որ պատահական դարձել եք իշխանություն

Դուք ձեր մասին խոսեք, որ պատահական դարձել եք իշխանություն Thu, 29 Oct 2026 12:41:08 +0400…

7 րոպե ago

Սա մտածված ու ծրագրված պրովոկացիա էր, գիտենք՝ ծրագրողն էլ ով ա

Սա մտածված ու ծրագրված պրովոկացիա էր, գիտենք՝ ծրագրողն էլ ով ա Thu, 29 Oct 2026…

8 րոպե ago

Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք

Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք Thu, 29 Oct 2026…

10 րոպե ago

Գյուղատնտեսական գործունեությունը հարկման համակարգում ներառելու ժամանակն է

Գյուղատնտեսական գործունեությունը հարկման համակարգում ներառելու ժամանակն է Thu, 29 Oct 2026 12:35:43 +0400 Գյուղատնտեսական գործունեությունը…

13 րոպե ago

Նստեք բոլորդ. ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց

Նստեք բոլորդ. ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց Thu, 29 Oct 2026 12:32:05 +0400 Latest news from…

16 րոպե ago

ԱՄՆ-ն գաղտնի առաջարկ է արել Իրանին․ ԶԼՄ

ԱՄՆ-ն գաղտնի առաջարկ է արել Իրանին․ ԶԼՄ Thu, 29 Oct 2026 12:30:11 +0400 ԱՄՆ փոխնախագահ…

18 րոպե ago