«Է՛լ իվան, է՛լ ռաշիդ… էլ հետո՞. թող իրանց լեզվին տեր եղնին». Գյումրու տոնից՝ քաղաքական սկանդալ
Thu, 29 Oct 2026 14:45:39 +0400
Գյումրու օրվա տոնի առթիվ, փոխարենը գյումրեցիների կողքին լինելու, նրանց ոգևորելու, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդես եկավ աղմկահարույց ֆեյսբուքյան գրառմամբ։ Մարզպետն իր հրապարակման մեջ, մասնավորապես շեշտելթր, թե «գյումրեցիները իվաններ չեն»` ուղղակիորեն թիրախավորելով ու վիրավորելով ռուսներին։ Այս գրառումը բավականին մեծ սկանդալի առիթ դարձավ հայ-ռուսական հարաբերություններում, ինչին հետևեց Ռուսաստանի Դաշնության կոշտ արձագանքը։
Ստեղծված իրավիճակում Դավիթ Առուշանյանը փորձեց արդարանալ՝ պնդելով, թե իր գրառումը վերաբերում էր «Ուժեղ Հայաստանին», որը կազմակերպել էր Գյումրու օրը, թեպետ հանրության համար ակնհայտ էր, թե իրականում ինչ նկատի ուներ նա։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության կոշտ արձագանքին, Առուշանյանը հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ։
Ուշագրավ է, որ Դավիթ Առուշանյանի փոխարեն երեկ մեկնաբանությամբ հանդես եկավ ԱԺ գյումրեցի պատգամավոր Սարիկ Մինասյանը։ Նա ոչ միայն փորձեց արդարացնել Շիրակի մարզպետին՝ նշելով, թե «հիմա կարող էր Իվան չասել, այլ ասել Ռաշիդ`այսկերպ գյումրեցիներին ևս մեկ որակավորում տալով, իսկ անդրադառնալով ՌԴ կոշտ արձագանքին, հայտարարեց, թե Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ընդամենը տնտեսական նշանակություն ունի և զուրկ է ռազմական նշանակությունից։ Ավելին՝ Մինասյանը հանդես եկավ հերթական աղմկահարույց հայտարարությամբ՝ պնդելով, թե եթե թուրքերը հարձակվեն, ապա ռուսական ռազմաբազան ընդամենը 20 րոպե կդիմակայի։
Այս հայտարարություններին զարմանքով է արձագանքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության գյումրեցի պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։ «Որ Մինասյան Սարիկը ՀէՑ֊ից ու սոցիալական ոլորտից տեղեկացված էր, գիտեինք, բայց պարզվում է, որ նա արդեն պաշտպանական գծով գաղափար ունի»։ Անդրադառնալով Դավիթ Առուշանյանին՝ Մխիթարյանը ցավով ընդգծեց, որ փոխարենը Գյումրու տոնին գյումրեցիների կողքին լինելու, նրանց սատարելու և քաղաքի իրական խնդիրներով զբաղվելու, մարզպետը նախընտրում է հանդես գալ նմանատիպ աղմկահարույց ու վտանգավոր հայտարարություններով։
Ի դեպ, գյումրեցիները ևս վրդովված են.
«Էս ի՞նչ կխոսան, մեզ ռուս էլ սարքին, թուրք էլ` ռաշի՞դ, բա չեն ամչընա, ձեռ առնելի՞ք ենք»֊ասաց գյումրեցի թոշակառու Ռաֆիկ Երեմյանը։
Մեզ հետ զրույցում գյումրեցիները չթաքցրեցին իրենց զայրույթը։
«Էս ի՞նչ կապիկություն է, կողքներս կանգնելու տեղը՝ ընկել, քաղաքական սկանդալներ են սարքում։ Մեկ ռուս կսարքեն մեզ, մեկ թուրք, հըմի էլ ելել՝ ռաշիդ կըսեն։ Էս ի՞նչ որակավորումներ են, ի՞նչ կուզեն էս քաղքից ու էս ժողովրդից» ֊վրդովված ասաց անցորդ երիտասարդը։
«Մարզպետի ու պատգամավորի ըրածը ո՞րն է։ Գյումրվա անունը քաշեցին կռիվների ու սկանդալների մեջ։ Օրը մի հիմարություն կխոսան։ Փոխանակ քաղաքի խնդիրներով զբաղվեն, նոր գործատեղեր բերեն, նստել համացանցերում մարդկանց կվիրավորեն ու միջազգային սկանդալներ կհրահրեն»,֊ասում է մեկ այլ երիտասարդ։
«Գյումրեցու արժանապատվության հետ խաղալ չկա՛։ Պատգամավորը ելել, կսե՝ կարող էր ռաշիդ ասել։ Էդի՞ է ձեր հարգանքը գյումրեցու հանդեպ։ Գյումրեցին միշտ իր պատիվն ու դեմքը բարձր է պահել, թույլ չենք տա մեզ նման պիտակներ կպցնեն»,֊ասաց մադնագիտությամբ մանկավարժ Անահիտ Սահակյանը։
«Ռազմաբազայից ու պաշտպանությունից խոսացողները թող մի հատ մտածեն՝ իրանց լեզվին տեր կանգնի՞ն, թե չէ…։ 20 րոպեի մասին կխոսա… Նպաստների վրա աշխատողը դառել է պաշտպանական հարցերի փորձագե՞տ։ Գնացեք ձեր գործով զբաղվեք, քաղաքի գլխին փորձանք մի բերեք։ Մարզպետի սխալները կփորձե արդարացնել նոր վիրավորանքներով։ Ամոթ է, իրոք ամոթ»,֊Ռիժկովի փողոցի առևտրական պապիկն է զայրանում։