Սերբերն ո՜ւր, մե՜նք ուր…
Thu, 29 Oct 2026 17:15:31 +0400
Այսօր նախապատրաստել էի մեկ այլ թեմա, սակայն քանի որ սերբ ուսանողների կատարածի «տարոսը մեզ» մաղթանքը հասավ «Հրապարակ»-ին, որոշեցի անդրադառնալ դրան: Ի դեպ, մի քանի օր ՖԲ մեր հայրենակիցներն այդ էին մաղթում միմյանց: Ինչեւէ, առանց դրանից հաճույք ստանալու՝ սառը ցնցուղի դեր կատարեմ: Նախ՝ կարեւոր չէ, թե երբ է կազմվել ցուցակը եւ ում է ներառում այն, բացի, իհարկե, թոփ տասնյակից: Շարժումը մարդկանց փողոց է հանել 2024-ի նոյեմբերից ու համարյա թե չի դադարել: Եթե անպայման ուզում ենք համեմատվել, ապա դա պետք է անենք հենց 2018-ի գարնանային իրադարձությունների հետ, որովհետեւ մեր դեպքում դա Սերժի տղամարդավարի տված խոսքի մերժումն էր, իրենց դեպքում՝ կայարանի տանիքի հովհարի քանդվելու հետեւանքով 16 սերբերի մահը: Այնպես որ, եթե խոսում ենք կայծակնային արդյունքի մասին, ապա մեր երկրում տեղի ունեցածը պետք է բնորոշենք որպես գերկայծակնային: Որովհետեւ, եթե սերբականը տեւեց շուրջ երկու տարի, մեզ մոտ ընդամենը մեկ ամիս էլ չտեւեց, ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն էլ Սերժ Սարգսյանի նման թույլ ղեկավար էր: Դա ասում եմ՝ հիմնվելով բողոքային շարժումն ինչ-որ ձեւով վերահսկելու՝ նրա անհաջող փորձերի վրա: Չմոռանամ ասել, որ 16 զոհի առումով Վուչիչի մեղքը խիստ անուղղակի էր, տեղական կամ չինական ընկերությունների անորակ շինարարության պատճառով մեղքը Վուչիչի վրա բարդելն էլ՝ խիստ անարդարացի:
Արդեն նշեցի, որ շարժումը համարյա չէր դադարում: Անընդհատ տասնյակ ու նույնիսկ հարյուր հազարավոր երիտասարդներ էին դուրս գալիս փողոց՝ պահանջելով Վուչիչի հրաժարականը: Ի դեպ, այն, որ վերջինս այդքան դիմացավ, խոսում է նրա օգտին: Սերբիան եվրոպական երկիր է եւ 2012-ից ունի Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ: Բնական է, որ այդ երկրի ղեկավարությունը կախված է եվրոպական կառույցներից: Իսկ Ռուսաստանից վառելիքի մատակարարման հետ կապված՝ անընդհատ սահմանափակումների տակ էր կամ դրա վտանգի ներքո: Եվ ամենակարեւորը՝ Եվրամիության ու եվրոպական երկրների ղեկավարությունն աջակցում էր ուսանողական շարժմանը, ինչը հատկապես բացահայտ երեւում էր ուսանողական հերթական փողոցային բողոքների օրերին: Մեզանում, ի տարբերություն Սերբիայի, եվրոպական աջակցությունը վայելում է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ Հայաստանի շահերի հաշվին «համարձակ» քայլեր կատարող Փաշինյանը: Դրա վերջին դրսեւորումներից երկուսը նրան արաբական ու գերմանական մրցանակներ հատկացնելն էր: Թե ինչ կշահեն սերբերը Վուչիչին հեռացնելով՝ դեռ ցույց կտա կյանքը:
Շարունակենք համեմատությունը: 2023-ի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում (վա՜յ այդ կացարանին) 15 զինվորի այրվելը մեզանում, մեծ հաշվով, մեծ ցավ պատճառեց միայն այդ տղաների հարազատներին: Այդպես եմ ասում՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ դա չհանգեցրեց համազգային շարժման: Չմոռանանք, որ զինվորների նկատմամբ մեզանում առկա է գերհոգատար վերաբերմունք: Բայց հասարակությունը, մեծ հաշվով, անտարբեր անցավ 15 երիտասարդի կյանքի կորստի կողքով՝ ի տարբերություն սերբական դեպքի, որտեղ անմիջապես ձերբակալվեց 12 հոգի, այնուհետ՝ նաեւ 11 անձ, եւ այդ թվում՝ շինարարության գծով երկու նախկին նախարար, իսկ մեզանում որպես կասկածյալ ներկայացված է 5-ը: Բայց դա չառնչվեց պաշտպանության նախարարին, որն ազատ ֆռֆռում էր՝ մասնակցելով ընտրական քարոզարշավին: Բայց, միեւնույն է, դա չազդեց հասարակության վրա այն աստիճան, որ դուրս գար փողոց: Թե ինչու դուրս չեկավ՝ այլ հարց է ու հասկանալի, սակայն հենց դա է պատճառը, որ մեզանում սերբական սցենարը գործածական չէ:
Ես, օրինակ, պատկերացնում եմ, թե ինչ կկատարվեր եվրոպական որեւէ երկրում, եթե երկրի ղեկավարի ավտոշարասյունը երիտասարդ հղի կնոջ մահվան պատճառ դառնար: Բայց մեզանում դրան դարձյալ ոչինչ չհետեւեց՝ մարդիկ ընդամենը ծաղիկներ դրեցին վրաերթի վայրում: Ու դա կրկնվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 26-ին՝ արդեն 4 տարի: Այնպես որ, եթե մենք երազում ենք, որ Հայաստանում եւս կյանքի կոչվի սերբական սցենարը, ապա մենք եւս պետք է անընդհատ անենք այն, ինչ արվում էր այնտեղ: Ու միայն այդ դեպքում հնարավոր կլինի հրաժարական պարտադրել երբեմնի «դուխով» Նիկոլին: Հենց պարտադրել հրաժարական, որովհետեւ հունիսի 7-ի ընտրությունների ողջ գործընթացը վկայեց, որ նա ընտրությունների միջոցով հեռանալու բացարձակ ցանկություն չունի, ինչն էլ աջակցություն է ստանում իրավապահների կողմից՝ այն իրավապահների, ովքեր կոչված են պահպանել օրենքն ու արդարադատությունը: