Քիմ Քարդաշյանը կվիրահատվի
Fri, 30 Oct 2026 21:37:36 +0400
Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ էզոֆագիտի՝ կերակրափողի բորբոքման վերջերս ստացած ախտորոշումից հետո ստիպված է լինելու վիրահատության ենթարկվել՝ կոկորդի շրջանում հայտնաբերված «շեղումները» հեռացնելու համար։ Ինչպես գրում է PEOPLE-ը, նա խոստովանել է, որ այս խնդիրը հատկապես անհանգստացնում է իրեն՝ հաշվի առնելով իր ընտանիքում քաղցկեղի պատմությունը։
«Վերջերս մի քանի բժշկի եմ դիմել, և այս հարցն անընդհատ մտքիս է»,-ասել է Քիմը հոկտեմբերի 29-ին հեռարձակված The Kardashians ռեալիթի շոուի դրվագում՝ անկեղծորեն խոսելով իր մտահոգությունների մասին։ Նրա հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, մահացել է կերակրափողի քաղցկեղից 2003 թվականին՝ 59 տարեկանում։
«Ես այս մասին շատերին չեմ պատմել, որովհետև կարծում եմ՝ սա մի հարց է, որն ինձ շատ խորն է հուզում, և ես պարզապես չեմ ուզում դրա մասին մտածել»,- ասել է Քիմը։ «Քանի որ հայրս մահացել է կերակրափողի քաղցկեղից, հուսով եմ՝ կկարողանամ պարզապես դեղորայք ընդունել, և այս ամենը կանցնի»։
Սակայն հաջորդ դրվագի նախադիտման տեսանյութում Քիմին տեսնում են հիվանդանոց մտնելիս։
«Բժիշկն ասում է, որ կերակրափողիս մեջ այսպիսի շեղումներ կան, և դրանք պետք է վիրահատական ճանապարհով հեռացվեն։ Հորս մոտ էլ նույն խնդիրն էր եղել»,-լսվում է Քիմի ձայնը կադրերի ներքո, որոնցում Քրիս Ջենները հիվանդանոցային մահճակալի մոտ մխիթարում է դստերը։
Այս եթերաշրջանի ավելի վաղ դրվագներից մեկում 46-ամյակը նոր բոլորած Քիմի մոտ ախտորոշվել էր էզոֆագիտ։ Ըստ Mayo Clinic-ի՝ այս հիվանդությունը հանգեցնում է կերակրափողի ներքին մակերեսը պատող հյուսվածքների այտուցման և գրգռման, որոնք միասին կոչվում են բորբոքում։
Էզոֆագիտի հիմնական պատճառներից մեկը գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունն է, որը սովորաբար հայտնի է GERD հապավմամբ։ Սակայն հիվանդությունը կարող է առաջանալ նաև կերակրափողում սպիտակ արյան բջիջների կուտակման կամ որոշ դեղամիջոցների ազդեցության հետևանքով։