11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ
Sat, 31 Oct 2026 23:46:53 +0400
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի կողմից մեկնարկած «Ներառական հանրային վերահսկողություն» նախաձեռնության շրջանակներում կաթնամթերքի շուկայում ուսումնասիրություն է իրականացվել։ Այս մասին տեղեկացնում է ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Ուսումնասիրության շրջանակներում նմուշառումներ են իրականացվել 11 կաթնամթերք արտադրող ընկերությունների արտադրատեսակներից։ Նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության՝ միջազգային հավատարմագրում ունեցող երեք լաբորատորիաներ՝ ՍԱՏՄ կազմում գործող «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ, «Էֆ Դի Էյ լաբորատորիա» ՍՊԸ և «Ստանդարտ Դիալոգ լաբորատորիա» ՍՊԸ։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում մի շարք արտադրատեսակներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։
Մասնավորապես՝ «Աշտարակ կաթ» ընկերության 3,2 տոկոս յուղայնությամբ կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ)։ Նույն ցուցանիշով շեղումներ են արձանագրվել նաև «Երեմյան Փրոդաքթս» ընկերության 25 տոկոս յուղայնությամբ, «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ի 20 տոկոս յուղայնությամբ և «Բոնիլատ» ՍՊԸ-ի 17 տոկոս յուղայնությամբ թթվասերներում։ ԱՑԽՄ է հայտնաբերվել նաև մի շարք ընկերությունների կաթնաշոռներում։ Խոսքը «Թամարա և Անի», «Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Երեմյան Փրոդաքթս», «Միլկին», «Բոնիլատ», «Բիոկաթ», «Չանախ» և «Արզնի կաթնամթերք» ընկերությունների արտադրանքի մասին է։
Բացի այդ, կաթնաշոռերի հետազոտությամբ շեղումներ են հայտնաբերվել նաև խմորասնկեր/բորբոսասնկեր և կաթնաթթվային մանրէներ ցուցանիշներով։ Խմորասնկեր/բորբոսասնկեր ցուցանիշով անհամապատասխանություններ են արձանագրվել «Բոնիլատ», «Թամարա և Անի», «Արզնի կաթնամթերք», «Չանախ», «Մարիլա» և «Բիոկաթ» ընկերությունների կաթնաշոռներում։ Իսկ կաթնաթթվային մանրէների ցուցանիշով շեղումներ են հայտնաբերվել «Մարիաննա», «Չանախ», «Մարիլա» և «Միլկին» ընկերությունների կաթնաշոռներում։
Ուսումնասիրության արդյունքում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերվել նաև «Իգիթ» ՍՊԸ-ի արտադրած՝ 240 գրամանոց փայտիկներով չեչիլ պանրում։
Այսպիսով, լաբորատոր հետազոտությունների արդյունքներով անհամապատասխանություններ են արձանագրվել կաթի, թթվասերի, կաթնաշոռի և պանրի մի շարք նմուշներում։