«Հրապարակ». 2018-ից ամեն կիրակի պատարագել եմ, ուղտի ականջում քնած են

«Հրապարակ». 2018-ից ամեն կիրակի պատարագել եմ, ուղտի ականջում քնած են

Wed, 04 Nov 2026 11:15:54 +0400


Արագածոտնի թեմն օրերս հայտարարություն էր տարածել՝ խստիվ դատապարտելով կարգալույծ հռչակված նախկին հոգեւորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն)՝ կիրակի օրը Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում կատարած կեղծ պատարագը։ Նա 2018-ին «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման առաջնորդն էր` Եկեղեցու դեմ առաջին պայքարողներից մեկը: Թեմայի շուրջ զրուցել ենք նրա հետ։

– Արագածոտնի թեմը հայտարարություն էր տարածել, որ Դուք` որպես կարգալույծ հոգեւորական, իրավունք չունեք պատարագ մատուցել, դատապարտել էին Ձեր քայլը։ Ինչպե՞ս կարձագանքեք։

– Թող իրենց պատարագները կեղծ որակեն։ Ես 2018-ից մինչեւ այսօր ամեն կիրակի Աստծո կամոք պատարագել եմ, մկրտություններ, պսակներ, իմ հոգեւոր ծառայությունը երբեք չեմ դադարեցրել։ Իրենք գուցե ուղտի ականջում քնած են եղել, իրենց թվացել է, որ Հայր Կորյունին կարգալույծ են արել, ինչ-որ մի գրչի հարվածով կարող են մարդկանց կյանքերը խորտակել, ես երբեք, կոպիտ ասած, շան տեղ չեմ դրել, հաշվի տեղ չեմ դրել, իմ օծումն Աստծուց ստացել եմ եւ վերջ։ Այդ աննորմալ մոտեցումը, որ բազում լրատվականներ, իրավաբաններ ներկայացնում են, որ բա` ոնց է, որ երբ ձեռնադրվում էիք կաթողիկոսի ձեռնադրմամբ, այն ժամանակ ինքը կաթողիկոս էր, իսկ հիմա` ոչ։ Ես ասում եմ, որ ես կաթողիկոսից չեմ ստացել ձեռնադրությունը, եւ որեւէ հոգեւորական կաթողիկոսից չի ստանում։ Ձեռնադրությունը եպիսկոպոսներն են կատարում։ Կարող եք փնտրել ու կտեսնեք, որ իր՝ կաթողիկոս լինելու տարիներին մեկ կամ երկու դեպք է եղել, որ կաթողիկոսը ձեռնադրել է, էն էլ, օրինակ, իր քրոջ տղային, որ անպայման ուզել է, որ քեռին ձեռնադրի։ Միայն եպիսկոպոսական ձեռնադրություններ են լինում, որին ինքը մասնակցում է որպես ավագ եպիսկոպոս, այսինքն՝ եպիսկոպոսների մեջ առաջինն է` ըստ պաշտոնի։

– 2018-ին կարգալույծ հռչակվելուց հետո միայն Գառնահովիտի Սուրբ Գեւորգ եկեղեցո՞ւմ եք պատարագներ մատուցել։

– Ոչ միայն Գառնահովիտի, այլեւ տարբեր եկեղեցիներում, վանքերում։ Այստեղ խնդիրն այն է, որ քանի որ Գառնահովիտ գնացել էի` Տեր Թադեի տարածքն էր, որին կրկին կարգալույծ են արել, բայց մարդն իր համայնքում հովվում է։

– Երբ Դուք «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը սկսեցիք, իշխանությունները Ձեզ չաջակցեցին, եւ այդ շարժումը կարճ կյանք ունեցավ։ Ձեր կարծիքով` Փաշինյանի իշխանությունը փոշմանե՞լ է, որ Ձեզ չի աջակցել այն ժամանակ։

– Եթե այն ժամանակ իշխանությունը գոնե մեզ չխանգարեր, մենք հաջողության կհասնեինք։ Իշխանությունը մեզ արգելեց, պարտադրեցին, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում չհավաքվենք, վերջին շրջանում մենք անգամ այլեւս իրավունք չունեինք այդ տարածք մտնելու, դրա համար ցույցերը դադարեցրինք, բայց մեր պայքարը շարունակվում է մինչ այսօր։

– Վերջին շրջանում եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ սկսված արշավից հետո Նիկոլ Փաշինյանի կամ նրա արշավին միացած հոգեւորականների հետ հանդիպե՞լ եք, հայտնե՞լ եք Ձեր աջակցությունը։

– Չէ, չեմ էլ իմացել, ես համացանցից եմ տեղեկացել` բոլորի նման, Տեր Արամի գրության մասին, որը շատ արագ տարածվեց, եւ այդպես ամեն ինչին սկիզբ դրվեց։ Դրանից հետո էլ ես որեւէ կապ չեմ ունեցել իշխանությունների հետ, որեւէ մեկն ինձ ոչինչ չի ասել։ Հետագայում ընդամենը իմանալով, որ այդ ամեն ինչը բացեիբաց կառավարության մակարդակով եղավ, ես նորից սկսել եմ իմ շարժումը, բայց ոչ իր ծավալով, իր նախկին տրամաբանությունով, քանի որ արդեն ամեն ինչ ավելի բարձր մակարդակի վրա է, եւ դրա անհրաժեշտությունը չկա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոնո Սարգսյանի խոսքը` հայտնի ֆիլմի պրեմիերայից առաջ

Նոնո Սարգսյանի խոսքը` հայտնի ֆիլմի պրեմիերայից առաջ Wed, 25 Nov 2026 20:05:33 +0400 Latest news…

12 րոպե ago

Ոսկին համաշխարհային շուկայում էժանացել է․ ինչքան արժե

Ոսկին համաշխարհային շուկայում էժանացել է․ ինչքան արժե Wed, 25 Nov 2026 20:00:37 +0400 Ոսկու միջազգային…

17 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն՝ իշխանության պատանդ

Նիկոլ Փաշինյանն՝ իշխանության պատանդ Wed, 25 Nov 2026 19:45:56 +0400 Հայաստանի ներքաղաքական կյանքն այսօր վերածվել…

32 րոպե ago

Հայաստանում մեկ բան կա փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը

Հայաստանում մեկ բան կա փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Wed, 25 Nov 2026 19:38:39 +0400 Հայաստանում…

39 րոպե ago

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Wed, 25 Nov 2026 19:36:33 +0400…

41 րոպե ago

Ալիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար Մելոյան

Ալիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար Մելոյան Wed, 25 Nov 2026 19:33:02…

45 րոպե ago