«Հրապարակ». Արցախում իմ դրած չորս արձան կորան գնացին, որն ինձ ցավ է պատճառում
Wed, 04 Nov 2026 12:45:48 +0400
Հարցազրույց Հայաստանի վաստակավոր նկարիչ եւ քանդակագործ Տիգրան Արզումանյանի հետ
– «Դվինի» պատին՝ «Լեռնցիների պարը» քանդակը դժվար ճակատագիր ունեցավ` «թալան», «տեղահանություն»: Ե՞րբ եւ ինչպե՞ս ստեղծվեց հայտնի արձանախումբը:
– Այդ գործն էսքիզային վիճակում առաջին անգամ ցուցադրել եմ 1973թ.՝ Նկարիչների միությունում: Որից հետո բրոնզե տարբերակն ուղարկեցինք Մոսկվա՝ համամիութենական ցուցահանդեսի: Այդ ժամանակ արդեն ծրագրվում էր «Դվին» հյուրանոցի շինարարությունը: Ծանոթացա ճարտարապետների հետ եւ առաջարկեցի քանդակի մոդելը, իրենք էլ մտցրին հյուրանոցի ծրագրի մեջ: Արդեն 80-ական թվականներին պատվերն ունեի եւ արձանը ստեղծում էի: Նախատեսված էր բրոնզից ձուլել արձանը, բայց ֆինանսական նեղվածություն ունեին հյուրանոցի կառուցապատողները, եւ առաջարկեցինք ավելի թեթեւ` պղնձի կոփածո տարբերակը: Արձանը տեղադրվեց հյուրանոցի աջ կողմում` ջրավազանների մոտ, եւ շատ սիրուն էր: Հետո «Դվինի» տերերը փոխվեցին, հյուրանոցն էլ փոխվեց: Շինարարության ընթացքում արձանի պղինձը մի 60-70 տոկոսով թալանվեց: Մեծ աղմուկ բարձրացավ մամուլով, հեռուստատեսությամբ: Հետո պայմանավորվեցինք հյուրանոցի տերերի հետ, որ պիտի հանենք-տանենք եւ վերականգնենք քանդակը: Մի 3-4 տարի էլ վերականգնելու ընթացքը տեւեց, որից հետո քանդակը տեղադրեցինք հյուրանոցի ձախ կողմում՝ այս անգամ: Էլի լավ էր, բայց սկսեցին հսկա ցանկապատեր կառուցել, մեծ ծառեր տնկել, եւ քանդակը տեսանելի չէր: Հյուրանոցի տերերին համոզեցի, որ պետք է քանդակը հանենք տարածքից: Լավ էր, առիթ ներկայացավ, Մերգելյան ինստիտուտի դիմացի պուրակը վերակառուցող Վահե Պետրոսյանը նախաձեռնեց, բերեցինք այդտեղ դրեցինք:
– Այդ տարիներին կուսակցական առաջնորդներին էին քանդակում, ինչպե՞ս ծնվեց մտահղացումը` քանդակել ազգային ոգի կրող մեր պարը:
– 1965թ. հետո մեր կերպարվեստում էլ, գրականության մեջ էլ մի տեսակ նոր ազգային շունչ մտավ, սկսեցին անթաքույց խոսել մեր ցեղասպանությունից, մեր պատմությունից, իսկ ցուցասրահներում սկսեցին երեւալ այդպիսի գործեր: Մենք էլ երիտասարդներ էինք, եւ մեր հայացքը հենց այդպես էլ սկսեց ձեւավորվել: Ես էլ այդ քանդակի անունը «Պար» եմ դրել, որովհետեւ մեր պարերը միջոց են՝ արտահայտելու մեր ոգին: Մի զավեշտալի բան պատմեմ: Երբ դեռ գիպսից էր քանդակը, եւ իմանում էի, որ հանձնաժողով պիտի գար նայելու, էն թռչող ֆիգուրի ձեռքին թաշկինակ էի դնում, իսկ հենց գնում էին, թաշկինակը վերցնում էի։ Այսինքն՝ որ պար երեւար, ոչ թե ռազմակոչ: Հետո սուսուփուս քանդակը դրեցինք, բայց թերթերն էլի գրեցին` էս քանդակը ռազմակո՞չ է, թե՞ պար, եթե պար է, ինչո՞ւ պարի նման չէ: Բայց դա իմ առաջին քանդակն էր, ես շատ երիտասարդ էի, եւ իմ այցեքարտն է դարձել` մուտքս դեպի Երեւանի քանդակագործություն: Այդ քանդակի շնորհիվ ես ճանաչում ունեցա, բայց նման համարձակ պատվերներ գրեթե չստացա:
– Արվեստում եւ գրականության մեջ մատուցվող այդ ազգային ոգին չէ՞ր պատճառը, որ 1988թ. մեր ժողովուրդն ազգային զարթոնք ունեցավ:
– Մեր բախտը բերել է, որ մենք մեր սովետահայ կուսակցական գործիչների մեջ` սկսած Մյասնիկյանից, Խանջյանից, գալով Զարուբյանին, Քոչինյանին, Դեմիրճյանին, ունեցել ենք այդպիսի ղեկավարներ, որոնք ազգային հարցերին, մտածելակերպին առաջնություն էին տալիս: Այսինքն, չէին արգելում, որ ազգային տարածքում մենք որոշ սահմաններ մի փոքր անցնեինք: Արդեն 1965-ին կառուցեցինք Ծիծեռնակաբերդը, չգիտեմ՝ դա սովետական կարգերի ժամանակ հատուկ ինչ-որ թույլտվությո՞ւն էր, համենայնդեպս, ազգային հարցերի շուրջ կաշկանդվածությունը թուլանում, ճեղքվում էր, արդեն խոսում էին մեր ցեղասպանության մասին, մեր հերոսների` Անդրանիկի, Նժդեհի, Դրոյի մասին, նաեւ արձաններ դրվեցին:
– Իսկ մենք այսօր ունե՞նք «Լեռնցիների պարը» քանդակի ոգին կրող ժողովուրդ:
– Ունենք էդ ժողովուրդը եւ ավելին ունենք: Ցավոք սրտի, այսօրվա մասին դժվարանում եմ խոսել, հատկապես 20թ. պատերազմից, զոհերից հետո, էդ ցավն ապրելուց հետո: Մենք ավելին ունենք, պարզապես Աստված մեր պետությանը, մեր ժողովրդին համբերություն տա, եւ ամեն ինչ լավ կլինի: Շատ վատ ժամանակներ ենք ապրում, բայց ազգի միջից հայրենասիրությունը երբեք դուրս չի եկել եւ չի կարող դուրս գալ:
– Դուք քանդակել եք նաեւ մեր մեծերի արձանները, հերոսներից` Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին: Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ քանդակները հասարակական կյանքում:
– Լեոնիդ Ազգալդյանին ճանաչում էի անձամբ, եւ միշտ մեծ տպավորություն էր թողնում ինձ վրա: Երբ առիթը ներկայացավ՝ հուշատախտակ ամրացնել տան մուտքի մոտ, որտեղ նայեցի եւ տեսա, որ հնարավոր չէր, առաջարկեցի հուշասյուն դնել Մաշտոցի եւ Խորենացու անկյունում: Ֆինանսական եւ այլ դժվարություններ կային, բայց ես այդ ամեն ինչը մի կողմ դնելով` հուշասյունը կառուցեցի, եւ դրեցինք: Ինձ օգնեցին իմ ճարտարապետ ընկերները, քանի որ քաղաքային իշխանությունները տեր չկանգնեցին: Հետո՝ գիտեք, թե վերջերս էլ ինչ պատմություն եղավ:
– Պղծվեց Ազգալդյանի կիսանդրին Երեւանի կենտրոնում:
– Ես երեւի առաջիններից էի, երբ ընկերոջս հետ անցնում էի եւ տեսա, որ քիթը կոտրվել է: Նայելով քարին` հասկացա, որ նոր են կոտրել: Զանգ տվեցինք ոստիկանություն, եկան եւ տեսախցիկների նկարահանածով անմիջապես բռնեցին կոտրողին: Չորս տարի դատ գնաց, պիտի որոշեին վնասի չափը, կարծես ցուցափեղկ էր կոտրվել: Թեպետ ես անմիջապես, մեկ շաբաթ հետո անվճար սարքեցի քիթը, բերեցի եւ կպցրեցի, որ քաղաքում արձանն այդ տեսքով չմնա: Իսկ այդ մարդուն չորս տարվա դատավարությունից հետո մի անհեթեթ պատիժ վճռեցին. հանրօգուտ աշխատանք, ասենք՝ մի 50 ժամ:
– Ինչի՞ հետեւանք է, որ հերոսների արձաններն են պղծվում:
– Ազգալդյանի արձանի ջարդելը ես չգիտեմ, թե ինչի հետեւանք է, եւ չեմ էլ կարող մեկնաբանություններ անել, թե ինչու ջարդեց եւ ինչու այդ մարդն իր պատիժը չկրեց:
– Այսօր ունենք Արցախի հերոսներ, բայց չունենք Արցախ:
– Արցախում իմ դրած չորս արձան կորան-գնացին: Վահրամ Փափազյան էի քանդակել, որ դրված էր թատրոնի դիմաց, Ալեք Մանուկյան ունեի` նրա անունը կրող փողոցում դրված, որ Լուիզ Սիմոն Մանուկյանն էր շատ շքեղ սարքել, Մեսրոպ Մաշտոց ունեի` մշակույթի տան դիմաց դրված: Ջութակահար Բորյա կար, որ արցախյան շարժման տարիներին, ցույցերի ժամանակ, թափորի առաջն ընկած՝ ջութակ նվագելով գնում էր, եւ արցախցիները որոշել էին արձանը դնել Ստեփանակերտում՝ պանթեոնի մոտ: Ինձ պատվիրեցին, ես էլ քանդակեցի: Հիմա արդեն պարզ է, թե ինչ ճակատագրի արժանացան այդ քանդակները: Երիտասարդ տարիներին շատ գործեր ենք արել, զոհվածների քանդակներ ենք դրել Ռուսաստանում, Ուկրաինայում, բայց ո՛չ ուզում եմ հիշել, ո՛չ էլ ցավս գալիս է դրանց համար: Իսկ երբ կորուստը Ստեփանակերտի կամ Երեւանի արձաններին է վերաբերում, պարզ է, որ ցավ է տալիս:
– Այսօր երիտասարդ քանդակագործները կարողանո՞ւմ են աշխատանք գտնել, պատվեր ունենալ:
– Բարերարների ինստիտուտ պետք է կազմավորվի: Ես ինչո՞ւ սկսեցի բարերարների արձաններ քանդակել, որպեսզի նորածիլ այս մեծահարուստները մի քիչ հովանավորեն մշակույթը: Պետության կողմից աշխատելու, ապրելու որեւէ հնարավորություն չկա երիտասարդների համար, ավարտում են բուհը, իսկ հետո՞: Սովետական կարգերի օրոք պետական հովանավորություն կար, հիմա նման բաներ չկան: Եթե որեւէ հովանավոր որեւէ մի բան չպատվիրի, պետական պատվերներով արվեստագետները չեն կարող ոչ մի բան անել:
– Փաստորեն, քանդակագործությունը հետին պլա՞ն է մղված:
– Մի քանի տարին մեկ հնարավոր է, որ քաղաքապետարանն ինչ-որ առիթով ինչ-որ բանի նվիրված մի մրցույթ հայտարարի, որից հետո գործը կա՛մ կարվի, կա՛մ չի արվի: Երեւանում դրված իմ քանդակների մեծ մասն արել եմ բարերարների շնորհիվ:
– Ձեր ո՞ր գործը կառանձնացնեք ե՛ւ որպես խորհրդանշական, ե՛ւ որպես արվեստի արժեք ունեցող:
– Միայն իմ կարծիքը չէ, բոլորն էլ իմ երիտասարդ տարիներին արված այդ «Լեռնցիների պարը» քանդակն են համարում, որ իսկապես մեջը հայի հավաքական ուժը կա, ոգին կա: Բայց ես դժգոհ չեմ, որ Մանթաշյանի արձանն եմ քանդակել: Շատ հավանում եմ Սախարովի արձանը, թեպետ ճարտարապետությունը մի քիչ անփույթ արվեց: Էս վերջերս Մհեր Մկրտչյանի արձանը դրվեց: Հոգեբանորեն արդարացված է, որ այդպիսի արձան եմ քանդակել, իր հոգեբանությունը ես ավելի լավ գիտեի:
– Որը բուռն քննարկման առիթ տվեց համացանցում, մամուլն էլ անդրադարձավ: Եղան ե՛ւ դրական կարծիքներ, ե՛ւ սուր քննադատություններ: Ի՞նչ կասեք այդ առիթով:
– Ինձ թվում է, որ ժողովուրդը շատ գոհ է, շատ սիրեց էդ արձանը: Իսկ այդ շատ քննադատողներից մի քանիսի ականջներն էլ երեւում են: Կա Արա Շիրազի քանդակը Գյումրիում՝ թատրոնի դիմաց դրված, որը ես հավանում եմ: Արա Շիրազն իր մեկաբանությունով է արել, ես էլ իմ մեկնաբանությունով եմ արել` որպես մարդ, որպես փիլիսոփայող, մտածող, արդեն հասունացած արտիստ Մհեր Մկրտչյան, որն անդրադառնում է իր ամբողջ ստեղծագործական կյանքին եւ էությանը:
– Այն ժամանակ Դուք մեր ուժը, ոգին եք մարմնավորել «Լեռնցիների պարը» քանդակի միջոցով, իսկ այսօր արդյո՞ք ունենք այդ ոգին կրող ժողովուրդ:
– Էս մեր ժամանակներն այնքան լիքն են ամեն ինչով, որ դրանց մասին երեւի որոշ ժամանակ հետո շատ անկեղծ խոսակցություններ պիտի գնան` ինչ ենք անում, ուր ենք գնում: Ամեն դեպքում, աշխարհը շատ խառն է, Սահյանի ասած` էս աշխարհից բան չեմ հասկանում:
– Այսօր ի՞նչ ստեղծագործության վրա եք աշխատում, ի՞նչ նոր մտահղացումներ ունեք:
– Ճիշտն ասած, չեմ էլ ուզում շատ բացահայտել, հիմա Ֆիրդուսու արձանի վրա եմ աշխատում, որ պետք է դրվի նորակառույց թաղամասում: Աշխատանքն ընթացքի մեջ է, արդեն չորս տարի բազմաթիվ էսքիզներով աշխատում եմ: