Օվալաձեւ աշխատասենյակ․ ամերիկյան պետության սիմվոլներից մեկը
Sat, 07 Nov 2026 21:00:34 +0400
Օվալաձեւ աշխատասենյակը Սպիտակ տան ամենակարեւոր եւ սիմվոլիկ նշանակություն ունեցող տարածքներից է, որն այլ սիմվոլների հետ մեկտեղ՝ հանդիսանում է ամերիկյան պետականության կարեւոր խորհրդանիշներից մեկը։ Այն ԱՄՆ նախագահի աշխատանքային սենյակն է։ Այստեղ են կայացվում համապետական եւ միջազգային նշանակության որոշումները, անցկացվում բանակցությունները պետությունների ղեկավարների հետ, արվում են հայտարարություններ, որոնք կարող են ազդել համաշխարհային օրակարգի վրա։ Օվալաձեւ աշխատասենյակի պատմությունը սկսվում է 20-րդ դարասկզբից։ 1902 թվականին նախագահ Թեոդոր Ռուզվելտը նախաձեռնում է Սպիտակ տան ծավալուն վերանորոգում։ Դրա շրջանակում կառուցվում է Արեւմտյան հարկաբաժինը, որը նախատեսված է նախագահի աշխատակազմի համար։
Սկզբնապես նախագահի աշխատասենյակն ունեցել է ուղղանկյուն տեսք։ Ներկայիս ճարտարապետական տեսքը ձեռք է բերել ավելի ուշ՝ Ուիլիամ Հովարդ Թաֆթի նախագահության շրջանում։ 1909 թվականին, Արեւմտյան հարկաբաժնի կառուցումից հետո, ճարտարապետ Նաթան Վայեթի նախագծով ստեղծվել է, այսպես ասած՝ առաջին Օվալաձեւ աշխատասենյակը։ Անսովոր ձեւի համար հիմք են հանդիսացել Սպիտակ տան Երկնագույն սենյակը եւ օվալաձեւ շինությունների ավանդույթը, որը կիրառվել է դեռ Ջորջ Վաշինգտոնի ժամանակներում՝ պաշտոնական արարողությունների ժամանակ։ 1934 թվականին՝ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի ժամանակ, աշխատասենյակը տեղափոխվել է ներկայիս տեղը, որտեղից տեսարան է բացվում դեպի Վարդագույն այգի։ Տեղափոխության պատճառը նախագահական աշխատակազմի ընդլայնումն էր։ Բացի այդ, նախագահի հաշմանդամությամբ պայմանավորված, անհրաժեշտություն կար՝ մոտեցնելու նրա եւ աշխատակազմի աշխատասենյակները։
Օվալաձեւ աշխատասենյակի առանձնահատկությունն այն է, որ այստեղ կան ե՛ւ ճարտարապետական մնայուն՝ չփոփոխվող բաղադրիչներ, ե՛ւ փոփոխվող ինտերիեր։ Յուրաքանչյուր նախագահ հնարավորություն ունի փոխելու ինտերիերը` ըստ իր ճաշակի։ Նա կարող է ընտրել կահույքը, նկարները, գորգերը, պատմական նշանակության առարկաները, որոնք դրվելու են այնտեղ։ Ջոն Քենեդին, օրինակ, նախընտրում էր ծովային թեմատիկան, մյուս նախագահներն ավելի շատ պատմական ավանդույթներն են ընդգծել կամ ցուցադրել են սեփական քաղաքական նախընտրությունները։ Որոշ մասեր, ինչպես, օրինակ, քարե բուխարին, պահպանվել է դեռ առաջնային տարբերակից։ Օվալաձեւ աշխատասենյակը հայտնի է դարձել հատկապես հեռուստատեսության գյուտից հետո։ Այստեղից են նախագահներն ուղերձով դիմում ամերիկացիներին` ճգնաժամերի ժամանակ, հայտարարում են կարեւոր պետական որոշումների մասին, օտար ղեկավարների հետ հանդիպում են այստեղ։ Այդ պատճառով էլ այն վերածվել է ինքնուրույն քաղաքական սիմվոլի, ամերիկյան պետականության ատրիբուտներից մեկի։