Դա կործանարար կլինի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ հայ ժողովրդի համար
Mon, 09 Nov 2026 12:23:51 +0400
Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը կարծում է, որ ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացում Արցախի պետական ինստիտուտները չպետք է ունենան մյուս քաղաքական ուժերին հավասար առանձին դերակատարի կարգավիճակ։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե որքանով է նպատակահարմար Արցախի ղեկավարության մասնակցությունն ընդդիմադիր ուժերի միավորմանը։
Միևնույն ժամանակ Բեգլարյանը շեշտել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը պետք է պարտադիր ընդգրկվի համախմբման օրակարգում։ Նրա խոսքով՝ այդ հարցում Արցախի իշխանությունների դիրքորոշումը պետք է էական նշանակություն ունենա։
Արցախի նախկին ՄԻՊ-ը նաև հայտնել է, որ աջակցելու են ընդդիմադիր ուժերի համախմբմանն ու պայքարելու են, որպեսզի, իր բնորոշմամբ, «Ալիևի սահմանադրությունը» Հայաստանում չընդունվի՝ անկախ նրանից, թե ինչ առաջարկների կամ քաղաքական փաթեթավորմամբ այն կներկայացվի։
Բեգլարյանի գնահատմամբ՝ այդ Սահմանադրության ընդունումը կործանարար հետևանքներ կունենա ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ հայ ժողովրդի համար։