Կա ազատվելու միայն մեկ ճանապարհ
Mon, 09 Nov 2026 18:15:39 +0400
100 տարի առաջվա աշխարհակարգի փոփոխությունը հանգեցրեց ցեղասպանությանը: Վերջին տասնամյակների՝ թեև ավելի մեղմ, փոփոխությունը հանգեցրեց Արցախի կորստին և հայերի արժանապատվության ոտնահարմանը: Եվ որքան էլ վարչապետի աթոռից կառչած Նիկոլը խոսի թոկից ազատվելու մասին՝ դրանից էությունը չի փոխվում: Մենք խայտառակ պարտություն ենք կրել պատերազմում ու մինչև այսօր կրում ենք դրա ողբերգական հետևանքները: Ու եթե այսպես շարունակվի՝ սերունդները մեզ կանիծեն այնպես, ինչպես չեն անիծում նույնիսկ ցեղասպան թուրքերին: Որովհետև նրանք վայրենի թշնամի էին, իսկ նման թշնամուց ողորմածություն ու գթասրտություն չեն ակնկալում: Բայց հաղթական ազատամարտի շնորհիվ ցեղասպանվածի բարդույթից ազատվող մեր ժողովրդին ավելի խորը հոգեբանական տրամվա պատճառելն արժանի է ավելի մեծ պատժի, քան զուտ անեծքն է:
Վրացիներն էլ են պարտություն կրել պատերազմում, բայց դա խայտառակ պարտություն կոչել հնարավոր չէ: Նախ, որովհետև դիմացինը Ռուսաստանն էր, և ոչ թե Ադրբեջանը: Այն երկիրը, որ ծեծ էր կերել 30 տարի առաջ: Իսկ հիմա ամեն տարվա սեպտեմբերի 27-ին ու նոյեմբերի 9-ին ստորացնում է Արոյի ասած «չշշկռվելիք գերագույնին»: Ու, բնականաբար, նրա միջոցով մեզ բոլորիս՝ որքան էլ մենք չընդունենք այդ «գերագույնին»: Իսկ Ռուսաստանը, որքան ինձ հայտնի է, նման բան թույլ չի տալիս իրեն: ՌԴ-ում թիրախը նախկին նախագահ Սաակաշվիլին է, ոչ թե վրաց ժողովուրդը: Թե ինչու է Եվրամիության հուսալի գործընկեր, արևելյան բռնապետը վարվում այդպես, իսկ նույն ԵՄ-ի աչքում դիկտատորի համարում ունեցող ՌԴ նախագահը՝ ոչ, պետք է հարցնել հենց ԵՄ չինովնիկներից: Նրանցից, ում ժամանակին «եվրոյոնջա» էր անվանում իրենց այսօրվա հովանավորյալը:
Երկրորդ, վրացիները չհաշտվեցին պարտության պատասխանատուի հետ: Ու հենց առաջին հնարավորության դեպքում հեռացրին նրան պաշտոնից: Չնայած ինքն էլ, ի տարբերություն, երբեմնի «դուխով» Նիկոլի, չհաշտվեց պարտության հետ: Պարտության հետ չհաշտվեցին նաև նրան հաջորդած իշխանությունները: Ու ոչ մեկը չհայտարարեց, որ ի դեմս Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի՝ իրենք ազատվել են իրենց վզին հագցրած թոկից: Ու դրա կորստից հետո իրենք իրական անկախություն են ձեռք բերել: Ու չնայած այսօրվա գործող իշխանությունը փորձում է պահպանել փոխշահավետ հարաբերություններ ՌԴ-ի հետ, պետականորեն արգելված չէ երկու կորսված երկրամասերի հիշատակումը: Եվ ոչ միայն արգելված չէ, այլև անընդհատ խոսվում է վերադարձնելու հնարավորության մասին:
Ինչպես միշտ, մերն ուրիշ է: Եվ այդ ուրիշն աննորմալ է ու տվյալ դեպքում՝ ստրկամտությամբ լի: Այդպիսին է ոչ միայն «չշշկռվելիք գերագույնը», այլև ողջ իշխանական ողջ ապաշնորհ վերնախավը: Ու, բնականաբար, փորձում է իր նման դարձնել մնացած ողջ ժողովրդին: Ինչը հնարավորություն կտա պահպանելու իր իշխանությունը պատերազմից վախեցնելու ու խաղաղություն քարոզելու միջոցով: Ինչին էլ պետք է տեր կանգնի նաև ժողովուրդը, այսինքն ոչ թե թշնամուն թշնամի անվանի, այլ որպես բարեկամ ընկալի: Անմռունչ կրի Բաքվից հնչող թշնամական ստորացումները, որովհետև միայն այդպես է հնարավոր տեր կանգնել այն բանին, ինչը ոչ թե մուրում են, իսկ հետո տեր կանգնում, այլ ձեռք են բերում զենքի ուժով: Քանի որ պարտվածին երբեք չի նվիրվում արդար խաղաղություն, այլ պարտադրվում է նրան անարդարը: Եվ դա այն է, ինչ այսօր «վայելում» ենք մենք:
Խմբագրելու նպատակով վերընթերցելով հոդվածը՝ ինձ վատ զգացի՝ գիտակցելով, թե ինչպիսի մազոխիստական ոգով է այն գրված: Բայց դա հենց այդպես էլ պետք է լիներ՝ եթե ժողովրդի մեծամասնությունն արդեն երկրորդ անգամ (առաջինը 2021-ի հունիսի 20-ին էր) համաձայնվել էր ծեծված լինել հոգեբանորեն: Երբ դրանից առաջ երկու անգամ (2020-ին և 2023-ին) էլ ծեծվել էր ֆիզիկապես: Այն ժողովուրդը, որն ահավոր երկրաշարժից հետո շարունակեց պայքարել հանուն Լեռնային Ղարաբաղի: Ու այդ ժողովուրդն այսօր գլուխը կախ լսում է թշնամական գործակալի անհեթեթե դատողությունները, որպեսզի անընդհատ ծեծվի հոգեբանորեն: Ու նաև ֆիզիկապես՝ եթե թշնամու համար ծագի դրա անհրաժեշտությունն ու հնարավորությունը: Մինչ գիտակցելը, որ պետք է ազատվել այդ ամենից, և հասկանա, որ կա ազատվելու միայն մեկ ճանապարհ: Եվ դա մեզ բաժին հասած արհավիրքների թիվ մեկ պատասխանատու ու, ըստ այդմ, թիվ մեկ մեղավոր անձին հեռացնելն է պետության ղեկավարի պաշտոնից: