ԱԺ գործով քրվարույթը և Նիկոլի ալիբին
Mon, 09 Nov 2026 19:15:15 +0400
Գլխավոր դատախազությունից իմացա, որ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Որպես ՀՀ օրինապահ և սրտացավ քաղաքացի, անմիջապես գնացի գլխավոր դատախազություն, որ պարզեմ, թե հատկապես որ միջադեպի մասին է խոսքը: Դե Ռուբինյանի ԱԺ-ում հո մի միջադեպ չի՞ եղել: Համ երեկվա երեխուն ԱԺ են վստահել, համ էլ ուզում են, որ միջադեպեր չլինե՞ն: Մյուս կողմից էլ ինձ հետաքրքրում էր՝ այդ միջադեպը, արդյոք, կապված չէ՞ Նիկոլ Փաշինյանի հետ:
Դատախազությունից ինձ կտրուկ պատասխանեցին՝ ոչ, ՀՀ մեծարգո պարոն վարչապետը երկաթյա ալիբի ունի: Այդ միջադեպի թունդ պահին նա կառավարությունում էր… Նիստ էր վարում, հետո էլ բրիֆինգ:
-Այսինքն, վարչապետը որևէ կերպ չի՞ առնչվում այդ միջադեպին,- հարցրեցի:
-Չէ, էլի, այ մարդ, չէ, нет…
-Օ՝ֆֆ է,- հանգստացած հոգոց հանեցի ես, բայց շարունակեցի Աննա Վարդապետյանից հետաքրքրվել, թե հատկապես ո՞ր միջադեպի մասին է խոսքը:
Տիկինը, որքան հասկացա, ժամանակ չուներ ինձ բացատրություններ տալու: Նա մի թղթապանակ հանեց գրասեղանի դարակից, տվեց ինձ ու խնդրեց միջանցքում ծանոթանալ քրեական վարույթ նախաձեռնելու պատճառներին: Ես, վերցնելով թղթապանակը, նրան խնդրեցի մի վերջին հարցի պատասխանել.
-Կներեք, սա Ձե՞ր նախաձեռնությունն է, թե՞ վարչապետ Փաշինյանի:
-Գիտե՞ք,- ասաց տիկին գլխավոր դատախազը,-ես շտապում եմ: Երբ նյութերին ծանոթանաք, թղթապանակը թողեք պահակի մոտ, ես կվերցնեմ: Ցտեսություն:
Կարդում եմ. «Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։ 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը»… Այս մի քանի տողն էլ բավական էր ինձ հասկանալու, որ խոսքը ս.թ. հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած այսպես կոչված, միջադեպի մասին է: Այդ օրը ԱԺ-ում թեժ ծեծկռտուք էր տեղի ունեցել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Օրենսդիրները, առանց սեռական խտրության, հարձակվել էին միմյանց վրա և փոխադարձ հարվածներ հասցրել ինչով պատահի: Այո, անգամ աթոռներով: Նախագահությունում թառած Ռուբինյանը, փոխանակ ընդմիջում հայտարարելու և կամերաներն անջատելու, թույլ էր տվել, որ նրանք ուղիղ եթերում մի լավ ծեծեն իրար: Թե բա՝ դիտմամբ ընդմիջում չեմ հայտարարում, որ նստեք տեղներդ…
Որ ասեմ այս գործով դատախազության հարուցած քրեական վարույթից առանձնապես տպավորվեցի, այնքան էլ ճիշտ չի լինի: Ախր հարգելի Աննա Վարդապետյան, մի ամբողջ խորհրդարան, մեծ, փոքր, կին, տղամարդ իրար ծեծել են, դուք ասում եք մի խումբ մարդի՞կ: Ստադիոնում եղած լիներ դեպքը, կասեինք՝ տարբեր թիմերի մի խումբ երկրպագուներ խուլիգանություն են արել: Մի՞թե կարելի է նիստերի դահլիճում իրար ուտող պատգամավորների մասին ասել՝ մի խումբ անձինք: Հաշվե՞լ եք, թե ամեն պատգամավորի թիկունքում քանի ընտրող կա: Որ շատ խորանանք, կարող է պարզվել, որ ՀՀ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մի կեսն այդ օրը ծեծել է մյուս կեսին: Իսկ դուք ասում եք՝ մի խումբ մարդիկ խուլիգանություն են արել: Դուք, ախր, տուժող էլ չունեք:
Եվ ապա՝ սա ի՞նչ համահարթեցում է, տիկին գլխավոր դատախազ: Ձեզ չի թվո՞ւմ, որ Ռուբեն Ռուբինյանի և Վահագն Ալեքսանյանի գործողությունները խուլիգանություն որակելը մեղմ ասած՝ ծիծաղելի է: Ի՞նչ տարբերություն՝ մարդը փողոցո՞ւմ է աթոռով մարդասպանության փորձ կատարվել, թե՞ ԱԺ դահլիճում: Եվ ապա՝ Ռուբինյանն, արդյոք, չընդմիջելով նիստը, միտումնավո՞ր ժամանակ չի տվել Ալեքսանյանին, որ սա աթոռը պոկի և «սպանելու նպատակով» հարվածի ընդդիմադիր պատգամավորին: Թե բա խուլիգանություն…
Որ ճիշտն ասեմ, տիկին գլխավոր դատախազ, դարձրել եք «01-99»-ի տակառիկի գործը: Էն որ մեկը, հարբած, կարգ է խանգարում փողոցում, բայց նույնիսկ չգիտի՝ ընկե՞լ է ավտոյի տակ, թե չի ընկել: Ընդհուպ չեմ էլ կարողանում հասկանալ, թե որ պատգամավորի հետևից եք գնալու՝ որպես խուլիգանի: Այս գործի հետևում, եթե ուզում եք իմանալ, մեկ մարդ է կանգնած՝ Նիկոլ Փաշինյանը, որ կեղծեց ընտրություններն ու այսպիսի խորհրդարան ձևավորեց: Էլ չասեմ, թե ում «դաբրոյով» Ռուբինյանն ու Ալեքսանյանը հայտնվեցին ԱԺ նախագահությունում: Այս երեքը, կարծում եմ, լիուլի բավական են, գործով պատասխանատվության ենթարկվելու համար: Եթե շատ եք ուզում, կարող եք Ռուբինյանին ու Ալեքսանյանին որպես խուլիգանների դատել, բայց Փաշինյանի պարագայում հոդվածը պետք է խստացնել, ընդհուպ մինչև «Պետության հեղինակությանը ծանր հարված հասցնելը»: Թե բա լավ են արել, մի բան էլ քիչ են ծեծել…