Տնտեսությունը, բանակն ու ժողովրդագրությունը
Tue, 10 Nov 2026 19:15:53 +0400
Ամեն անգամ, երբ լսում եմ «իրական Հայաստանի» մասին Նիկոլի պատմածները, առաջին բանը, որ անում եմ, փորձում եմ հասկանալ, թե այս մարդն ինչի մասին ու ինչի համար է պատմում այս պատմությունը: Փորձում եմ հասկանալ, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում:
Չեմ հասկանում, որովհետեւ 44 000 քառակուսի կիլոմետրանոց եւ 29 743 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ու Ադրբեջանի վերաբերմունքներում տարբերություն չեմ տեսնում, որովհետեւ երկիր մուտք գործողների անձնագրերի վրա Արարատի նկարով կնիք դնող եւ դրանք առանց Արարատի նկարով կնքող Հայաստանի նկատմամբ թուրքերի եւ ադրբեջանցիների վերաբերմունքներում փոփոխություն չեմ նկատել:
Համեմատեք 44 000 եւ 29 743 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի վերաբերմունքները, համեմատեք երկիր մուտք գործողների անձնագրի վրա Արարատի նկարով կնիք դնող եւ առանց Արարատի նկարի կնիքով դրանք կնքող Հայաստանի նկատմամբ նրանց վերաբերմունքն ու ինքներդ կհամոզվեք, որ ո՛չ այն, որ 44 000 քառակուսի կիլոմետրից Հայաստանն այսօր 29 743 քառակուսի կիլոմետր է դարձել, ո՛չ այն, որ Հայաստանն այսօր երկիր մտնողների անձնագրերը Արարատի նկարով կնիքով այլեւս չի կնքում, ոչ մի բանով չեն փոխել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի վերաբերմունքը:
Այո, չեն փոխել ու չեն էլ փոխելու: Իսկ չեն փոխելու, որովհետեւ ո՛չ Թուրքիայի եւ ո՛չ էլ Ադրբեջանի խնդիրը Հայաստանին 44 000 քառակոսի կիլոմետրի փոխարեն 29 743 կիլոմետր դարձնելը չէ, որովհետեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի խնդիրը Հայաստան մուտք գործողների անձնագրերում Արարատի նկարով կնիք դնել կամ չդնելը չէ, ավելին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի խնդիրը նաեւ Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարների կողմից Էրդողանի գիրքը գրկել կամ չգրկելը չէ: Նրանց, թերեւս նաեւ մեր խնդիրը իրենց կողմից թուրանականությունը որպես պետական գաղափարախոսություն ընդունելի ու այն իրականություն դարձնելու ճանապարհին Հայաստանը որպես խոչընդոտ դիտարկելն է:
Այս իմաստով, ինչքան էլ Նիկոլը փորձի երկիր մուտք գործողների անձնագրերն Արարատի նկարն ունեցող կնիքով չկնքելով, Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետրի երաշխավորը Բաքվին ու Անկարային դարձնելով Հայաստանի նկատմամբ ունեցած Ադրբեջանի ու Թուրքիայի թշնամանքը մեղմի, միեւնույն է՝ դրանից ոչինչ չի ստացվի: Չի ստացվի, որովհետեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի նկատմամբ ոչ թե իրենց նկատմամբ Հայաստանի վերաբերմունքից է գալիս, այլ իրենց պանթուրականությունից: Իսկ դա արդեն այնպիսի արգելք է, որը ո՛չ Արարատի նկարով անձնագրերը չկնքելով, ո՛չ էլ Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետրը հարգելու Ալիեւի կամ Էրդողանի խոստումներին հավատալով չի հաղթահարվի: Դրա հաղթահարման ձեւն ու միջոցը հզոր տնտեսությունը, մարտունակ բանակն ու արագ բարելավվող ժողովրդագրությունն են:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ