«Հրապարակ». Այս դեպքով մենք անգամ չգիտենք, թե ինչպես են բուժօգնություն ցուցաբերել
Wed, 11 Nov 2026 10:45:59 +0400
Նիկոլ Փաշինյանի հրահանգների արդյունքում ընդդիմադիր գործիչները կալանավորվում են, ոմանք նույնիսկ բանտում մահանում են, ինչպես երեկ վաղ առավոտյան տեղեկացանք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գեւորգյանը: Երեկ այս մահն անասելի զայրույթ էր առաջացրել հանրության շրջանում` 46-ամյա առողջ տղամարդուն 20 օր առաջ ընտրակաշառքի կասկածանքով կալանավորել են, եւ ընդդիմադիր գործիչը հանկարծամահ է եղել կալանավայրում:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Ստեփանավանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանի մահվան դեպքին եւ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է. «Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում։ Այս դեպքի հետ կապված միայն կասեմ, որ արձանագրվել է սրտի կանգ։ Հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել, այսինքն՝ ինքնազգացողության վատացում անձը չի ունեցել։ Այսօր առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից, ժամը 07։55-ի շրջանում բուժակն այցելել եւ զննություն է կատարել, որից կարճ ժամանակ անց շտապօգնություն է կանչվել, ինչից հետո էլ արձանագրվել է սրտի կանգ։ Այսքանը՝ ինֆորմացիայի մասով, ավել բան չունեմ ասելու»։
Արսեն Գեւորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ավագանու ընտրություններից չորս օր առաջ։ Նույն օրը Հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Վարույթի շրջանակում ձերբակալվել էր 14 անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած մեղադրանքի համաձայն՝ Գեւորգյանը մի քանի տասնյակ ընտրողի գումար էր տվել «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պայմանով։ Գեւորգյանը եւ ընդդիմադիրները չէին ընդունում առաջադրված մեղադրանքը, ասում էին, որ գումարները տրվել են նախընտրական օրինական ծախսերի համար։
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանի քաղաքական հակառակորդները մահանում են կամ սպանվում: Նախորդ տարի սպանվեց Փարաքարի ընտրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը, 2022-ի հուլիսին դատական նիստի ժամանակ հանկարծամահ եղավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը կալանավորվել էր իշխանություններին քննադատելու համար: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ էլ մի քաղաքացու էին ձերբակալել` ՔՊ-ի նախընտրական պաստառը պատռելու համար, եւ այդ քաղաքացին հոգեկան առողջության կենտրոնում ինքնասպան եղավ: Եթե այս մահերին գումարենք նաեւ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված 29-ամյա հղի Սոնա Մնացականյանին, որի արդյունքում խլեցին երկու կյանք, ինչպես նաեւ՝ այն բազում մահերը, որոնք տեղի են ունեցել այս տարիներին, ապա մարդիկ չեն սխալվում, երբ ասում են, որ սրանք մահաբեր իշխանություն են: Բայց, ամեն դեպքում, պետք է հասարակությունը հասկանա, թե ինչու են հայաստանյան բանտերում պայմաններն այսքան անմարդկային, ինչու են մարդիկ մահանում բանտախցերում ու դատարաններում եւ ինչու են քաղաքական այլախոհության համար բանտարկվում:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է. «Հարցին պետք է երկու տեսանկյունից նայենք. նախ՝ որքանով է կալանքը որպես խափանման միջոց ընտրելը օրինական հիմքերի շրջանակներում արվում, եւ, առհասարակ, այդ պրակտիկան մեզանում որքանով է տարածված: Ցավոք, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կալանքը Հայաստանում շարունակում է մնալ ամենատարածված խափանման միջոցը՝ այն պարագայում, երբ կան այլ, տարատեսակ խափանման միջոցներ` գրավ, տնային կալանք, բացակայելու արգելք, վարչական հսկողություն եւ այլն: Իրավապահները շատ հանգիստ կարող են այս խափանման միջոցները կիրառել, սակայն մենք տեսնում ենք, որ նախընտրում են անձանց կալանավորել, հատկապես` որոշակի խմբերի ներկայացուցիչների պարագայում: Հատկանշական է, որ այդ կալանավորումները հիմնավորված չեն: Մարդուն կարող են կալանավորել միայն այն դեպքում, եթե նա խուսափում է քննչական գործողություններից, ազդեցություն է ունենում վկաների վրա, կամ եթե կա վտանգ, որ ենթադրյալ հանցանքը կարող է նորից կատարել: Այժմ ինչ-որ թույլ հիմնավորումների արդյունքում անձանց կալանքի են տանում, եւ դա թողնում է ծանր ազդեցություն իրավական տեսանկյունից եւ մարդու իրավունքների, դա նաեւ ազդում է քրեակատարողականների վրա: Մեկ տարի առաջ ունեինք ավելի շատ կալանավորված անձ, քան դատապարտյալներ, այժմ դինամիկան մի փոքր փոխվել է, կալանավորված անձինք չեն գերազանցում դատապարտյալներին, սակայն, միեւնույն է՝ կալանավորված անձինք գնալով շատանում են: 2022 թվականին կար 1210 կալանավորված անձ, այժմ՝ 1522: Սա նշանակում է, որ կալանավորումը շարունակում է մնալ որպես հիմնական խափանման միջոց, իսկ դա մարդու իրավունքների խախտում է: Չի կարելի մարդուն անհիմն ազատությունից զրկել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են կալանավայրերում մարդիկ մահանում, ապա, օրինակ, Արմեն Գրիգորյանը մահացավ, քանի որ ՔԿ-ում կար լրջագույն խնդիր՝ օդափոխության հետ կապված, եղանակն էլ բավականին տաք էր, այդ հեղձուկ օդին նրա առողջական վիճակն ավելի վատթարացավ, եւ նա մահացավ: Այդ պայմաններն ազդել էին նրա սրտանոթային մկանների վրա: Եթե Արմեն Գրիգորյանի պարագայում ամեն բան տեղի ունեցավ ուղիղ եթերի ժամանակ, երբ մենք տեսանք, որ անմիջապես բուժօգնություն ցուցաբերվեց, ապա այսօրվա դեպքով մենք չգիտենք, թե ինչպես են բուժօգնություն ցուցաբերել: Այստեղ նաեւ հարց է առաջանում` քրեակատարողական հիմնարկներում մահվան բոլոր դեպքերի պարագայում, երբ հարուցվում են վարույթներ, եւ քննվում են դեպքերը, ինչ արդյունքների են հանգում: Արդյո՞ք մենք աշխատում ենք այդ պատճառների ուղղությամբ, արդյո՞ք այն մարդիկ, որոնց պատճառով տեղի են ունենում նման դեպքերը, պատասխանատվության ենթարկվում են»: