«Հրապարակ». ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հարկ չի համարել հարցմանը պատասխանել
Wed, 11 Nov 2026 12:15:59 +0400
Լրագրողական աշխատանքիս 30 տարվա ընթացքում տարբեր նախարարություններ, գերատեսչություններ, հիմնարկներ մեծ թվով հարցումներ եմ արել, որ ստանամ հանրությանը հուզող, հասարակական կյանքի տարբեր ոլորտների մասին կարեւոր տեղեկատվություն եւ դրանք հանրությանը ներկայացնեմ։ Եղել են դեպքեր, երբ տեղեկատվական հարցմանս օրենքով նախատեսված ժամկետից ուշ են պատասխանել կամ հարցերին անորոշ, ոչինչ չասող պատասխաններ են տվել։ Սակայն Սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Տիգրան Պետրոսյանին ուղարկած տեղեկատվական հարցմանս դեպքն առանձնահատուկ է։ Հոկտեմբերի 5-ին հղում անելով 2015թ․ փոփոխություններով ՀՀ սահմանադրության 51-րդ հոդվածին եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ եւ 9-րդ հոդվածներին՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան
Պետրոսյանին խնդրել եմ տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
«1․ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի շուրջ 4 հազար բնակիչներն ամեն օր խմում են աղբյուրներից բաց եղանակով մատակարարվող ջուր, որին խառնվում են Բողազի ձոր տարածքում գտնվող անասնաֆերմաների կոյուղաջրերը, այդ պատճառով բնակարանների ծորակներից հոսող ջրից մեզի հոտ է տարածվում։ Հաղարծին գյուղը սնուցող խմելու 4 ջրամբարից երկուսի ծածկը բաց է։ Առկա է հիվանդությունների առաջացման վտանգ։ 2025 եւ 2026 թվականներին սննդի անվտանգության տեսչական մարմինը տեսչական ի՞նչ գործառույթներ է իրականացրել՝ Հաղարծին գյուղը սնուցող խմելու ջրի համակարգում վատ վիճակն արձանագրելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
2․ Դիլիջան քաղաքը սնուցում են քաղաքի շրջակա տարածքների մակերեսային ջրերը, որոնք անձրեւներից հետո պղտորվում են, խմելու ջուրը դառնում է ցեխաջուր։ 2025 եւ 2026 թվականներին սննդի անվտանգության տեսչական մարմինն ի՞նչ է արել՝ Դիլիջան քաղաքը սնուցող խմելու ջրի համակարգում առկա վիճակն արձանագրելու, համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
3. Դիլիջան քաղաքում եւ նույն համայնքի 6 գյուղերում չի գործում ոչ մի սպանդանոց, Դիլիջան քաղաքի սննդի օբյեկտներում եւ Դիլիջանի բնակիչների կողմից օգտագործվող միսը չունի սպանդանոցային ծագում, այն բակերում կատարվող մորթի արգասիք է։ Դա մարդկանց առողջության համար իրական վտանգ է։ 2025 եւ 2026 թվականներին սննդի անվտանգության տեսչական մարմինն ի՞նչ է արել այդ առնչությամբ։
4․ 2025 եւ 2026 թվականներին սննդի անվտանգության տեսչական մարմինը Տավուշի մարզի գյուղերում բնակչությանը մատակարարվող խմելու ջրի անբավարար որակի առնչությամբ տեսչական ի՞նչ գործողություններ է իրականացրել, ի՞նչ է պարզել»։
Տիգրան Պետրոսյանին խնդրել եմ հարցումիս պատասխանել ըստ էության, հանգամանալից, լիարժեք, օրենքով սահմանված ժամկետում։ Հարցմանս հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, էլփոստով պատասխան եմ ստանում․ «Ձեր դիմումը մուտքագրված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին եւ ուսումնասիրվում է համապատասխան ստորաբաժանման կողմից: Ձեր դիմումի ընթացքի մասին կարող եք տեղեկանալ՝ սեղմելով հետեւյալ հղումը։ Դիմումի պատասխանը Ձեզ կառաքվի դիմումի ներկայացման ընթացքում Ձեր կողմից տրամադրված էլփոստի հասցեով եւ թղթային տարբերակով՝ փոստային ծառայության միջոցով»։ Նշված հղումը բացելով տեղեկանում եմ, որ գրությունս Սննդի անվտանգության տեսչական մարմնում մուտք է եղել հոկտեմբերի 6-ին, ժամը 10․46-ին, պատասխանի վերջնաժամկետը հոկտեմբերի 9-ն է, ժամը 18․00-ն, հարցերի համար կարող եմ զանգահարել 015 404040 հեռախոսահամարով` Արմեն Խաչատրյանին։
Այդ հեռախոսահամարը դարձավ իմ անլռելի զանգակատունը: Բազում օրեր, բազում անգամ զանգահարելուց հետո նախ իմացա, որ Արմեն Խաչատրյանն արձակուրդում է, հետո եկավ արձակուրդից, մի քանի անգամ ինձ շատ քաղաքավարի ասաց, որ հարցմանս պատասխանն արդեն պատրաստ է, այն դրված է Տիգրան Պետրոսյանի սեղանին, որպեսզի ստորագրի, եւ ուղարկեն ինձ: Վերջին անգամ նոյեմբերի 6-ին եմ զանգահարել Արմեն Խաչատրյանին՝ ասացի, որ տեղեկատվական հարցմանը պատասխանելու համար նախատեսված առավելագույն ժամկետը, երբ լրացուցիչ ուսումնասիրության կարիք է լինում, մեկ ամիս է, դա էլ է անցել։ Ա․ Խաչատրյանը խոստացավ, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, հարցմանս պատասխանը կլինի։ Բայց նոյեմբերի 10-ին էլ հարցմանս պատասխանը չստացա եւ որոշեցի հոդված գրել ու այս հարցման ոդիսականը ներկայացնել ձեզ։
Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է պետական պաշտոնյաների աշխատավարձը, նրանց միլիոնավոր դրամների պարգեւավճարներ է բաժանում, սակայն այդ պաշտոնյաներից շատերն իրենց աշխատանքային պարտականությունները չեն կատարում։ Դրա վառ օրինակը Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն է, որը չի բարեհաճում մեկ ամսում պատասխանել լրագրողի գրավոր տեղեկատվական հարցմանը: Իսկ սննդի անվտանգության ոլորտում իրենց պարտականությունների կատարման հարցում հազարավոր թերացումների մասին չենք էլ խոսում: