Չեն ասում՝ հիվանդ ենք, որովհետև Փաշինյանը ծաղրում է նրանց հիվանդությունը

Չեն ասում՝ հիվանդ ենք, որովհետև Փաշինյանը ծաղրում է նրանց հիվանդությունը

Wed, 11 Nov 2026 14:45:00 +0400


Փաշինյանը կառավարության նիստերում, Ազգային ժողովի ամբիոնից և տարբեր հրապարակային ելույթների ժամանակ բազմիցս հեգնանքով է խոսել այն մասին, որ մարդիկ ազատության մեջ ակտիվ կյանք են վարում, բիզնեսով զբաղվում, իսկ իրավապահների կողմից ձերբակալվելուց հետո հանկարծ նրանց մոտ ծանր հիվանդություններ են ի հայտ գալիս։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա ընդամենը նրա անձնական գնահատականն է, որը որևէ առնչություն չունի իրավական գործընթացների հետ։ Բայց պետք է հիշել, որ Փաշինյանը երկրի վարչապետն է, և նրա հրապարակային խոսքը հասարակական ընկալումների վրա ազդեցություն ունի։ Երբ երկրի ղեկավարը կալանավորված մարդկանց առողջական խնդիրները ներկայացնում է հեգնանքի առարկա դարձնելով՝ հանրության շրջանում նախապես ձևավորում է համոզմունք, թե կալանավորված մարդիկ հիվանդություններ են հորինում կամ ձևացնում՝ պատասխանատվությունից խուսափելու համար։

Դրանով նա կասկածի տակ է դնում կալանավորված անձանց խոսքի արժանահավատությունը դեռևս այն ժամանակ, երբ նրանց մեղավորության հարցը դատարանի կողմից վերջնականապես լուծված չէ։ Սա առնչվում է անմեղության կանխավարկածի սկզբունքին։
Նման հայտարարությունների մյուս վտանգն այն է, որ դրանք կարող են ճնշում գործադրել դատական համակարգի վրա։ Երբ գործադիր իշխանության ղեկավարը հրապարակայնորեն կասկածի տակ է դնում կալանավորվածների բժշկական խնդիրները և բժշկական եզրակացությունների արժանահավատությունը, դատավորները կարող են կաշկանդվել առողջական վիճակի հիմքով կալանքը փոխելու միջնորդություններ քննելիս։ Նրանք կարող են խուսափել նման որոշումներից՝ ակնկալելով քաղաքական քննադատություն կամ հանրային պարսավանք։

Կա նաև երրորդ վտանգը՝ բժիշկների և դատաբժշկական փորձագետների վրա հնարավոր ազդեցությունը։ Նման մթնոլորտում բուժաշխատողները կարող են զգուշանալ ծանր ախտորոշումներ արձանագրելուց կամ համապատասխան եզրակացություններ տալուց՝ մտավախություն ունենալով, որ իրենց կմեղադրեն կեղծ տեղեկանքներ տրամադրելու կամ նախկին պաշտոնյաներին հովանավորելու մեջ։

Այս ամենի հետևանքով վտանգի տակ կարող են հայտնվել կալանավորված անձանց կյանքն ու առողջությունը։
Բայց այս բոլոր վտանգները մի կողմ թողնենք։ Կա մի հանգամանք, որը, իմ կարծիքով, շատ ավելի խորքային է և որի մասին արժե առանձին խոսել։

Պաշտոնական կասկածամտությունը, հեգնանքը և հանրային պարսավանքը կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ կալանավորված մարդու վրա։ Դրանք կարող են ստիպել նրան նույնիսկ սեփական առողջական խնդիրները թաքցնել։
Ինչո՞ւ։ Որովհետև մարդը չի ուզում հայտնվել ստախոսի կամ թույլի դերում։ Նա փորձում է պահպանել իր արժանապատվությունն ու հեղինակությունը, ցույց տալ, որ չի կոտրվել, չի հանձնվել և խղճահարություն չի հայցում։ Նա կարող է համոզված լինել, որ իր խոսքին միևնույն է չեն հավատալու, իսկ առողջական գանգատները հանրության և իրավապահ համակարգի կողմից հերթական անգամ ծաղրի են արժանանալու։

Եվ այս պայմաններում մարդը կարող է պարզապես հրաժարվել բժշկի դիմելուց կամ ժամանակին չբարձրաձայնել իր առողջական խնդիրների մասին։ Ոչ թե այն պատճառով, որ հիվանդ չէ, այլ որովհետև չի ուզում, որ իր հիվանդությունը ներկայացվի որպես պատրվակ կամ կեղծիք։

Սա արդեն առողջության համար անմիջական վտանգ է։ Ախտանիշները թաքցնելու և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով նույնիսկ սկզբնական փուլում գտնվող կամ վերահսկելի հիվանդությունները, օրինակ՝ սրտանոթային խնդիրները կամ բարձր զարկերակային ճնշումը, կարող են սրվել և հանգեցնել անդառնալի հետևանքների։
Իսկ եթե դրան գումարենք նաև կալանքի պայմաններում առկա սթրեսը, հոգեբանական ճնշումը և մշտական անորոշությունը, ապա պատկերը դառնում է առավել մտահոգիչ։

Ստացվում է մի իրավիճակ, երբ մարդը ոչ միայն զրկված է ազատությունից, այլև կարող է զրկվել սեփական առողջական խնդիրների մասին ազատորեն խոսելու հնարավորությունից։ Նա ստիպված է մտածել ոչ միայն այն մասին, թե ինչ է կատարվում իր առողջության հետ, այլև այն մասին, թե ինչպես կընկալվի իր հիվանդությունը, ինչ կասեն իր մասին և արդյոք իրեն կրկին չեն մեղադրի ձևացնելու մեջ։
Իսկ սա արդեն շատ վտանգավոր սահման է. երբ կալանավորված մարդու առողջական վիճակի մասին խոսելու և բուժօգնություն ստանալու հնարավորությունը պայմանավորվում է ոչ թե նրա իրական կարիքներով, այլ քաղաքական գնահատականներով ու հանրային վերաբերմունքով։

Այս ամենի ֆոնին․ երեկ կալանավայրում Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանի մահը, որի մասին այժմ ասում են, թե առողջական գանգատներ չի ունեցել, ստիպում է շատ ավելի ծանր հարց տալ՝ մի՞թե իշխանության հեգնանքն ու ստեղծած մթնոլորտը հասել են այն բանին, որ կալանավորված մարդը գերադասում է լռել նույնիսկ այն ժամանակ, երբ իր կյանքն է վտանգված։ Այս հարցը պիտի բարձրաձայնել՝ ինչու՞ է կալանավորված անձը թաքցնում իր առողջական վիճակը․․․ Պատասխանը առավել քան պարզ է․ Փաշինյանի ծաղրից հետո շատերը չեն ուզում ստախոս ու թույլ երևալ։ Լռում են ոչ թե որովհետև առողջ են, այլ որովհետև չեն ուզում իրենց հիվանդությունը դարձնել ծաղրի առարկա։ Չեն ասում՝ հիվանդ ենք, որովհետև Փաշինյանը ծաղրում է նրանց հիվանդությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շատ կուզեին շոուի համար գնալ Եռաբլուր , բայց իրենց իշխանության բերած ուժերը ականջները կկտրեին

Շատ կուզեին շոուի համար գնալ Եռաբլուր , բայց իրենց իշխանության բերած ուժերը ականջները կկտրեին Wed,…

31 րոպե ago

Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին գագաթնաժողովը հարցականի տակ է

Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին գագաթնաժողովը հարցականի տակ է Wed, 11 Nov 2026 14:30:22 +0400 ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան պետությունների ղեկավարների մակարդակով…

32 րոպե ago

Իրավիճակը չի փոխվի, իշխանությանն է պետք փոխել

Իրավիճակը չի փոխվի, իշխանությանն է պետք փոխել Wed, 11 Nov 2026 14:22:37 +0400 «Նուբարաշեն» քրեակատարողական…

40 րոպե ago

Վարդգես Գասպարին ա բողոք գրել, ենթադրում եմ կախաղան կանեն. Գեղամ Մանուկյան

Վարդգես Գասպարին ա բողոք գրել, ենթադրում եմ կախաղան կանեն. Գեղամ Մանուկյան Wed, 11 Nov 2026…

43 րոպե ago

Հաջորդը ո՞ր տեղանունն է լինելու, որի անունը թուրքերեն «ձևով» լսելիս մենք պետք է «չվրդովվենք»

Հաջորդը ո՞ր տեղանունն է լինելու, որի անունը թուրքերեն «ձևով» լսելիս մենք պետք է «չվրդովվենք» Wed,…

46 րոպե ago

Ընդդիմադիր ավագանին քվեարկել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի օգտին

Ընդդիմադիր ավագանին քվեարկել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի օգտին Wed, 11 Nov 2026 14:11:10 +0400 Երեկ…

51 րոպե ago