Թե ի՞նչ կլիներ, եթե…

Թե ի՞նչ կլիներ, եթե…

Wed, 11 Nov 2026 15:45:17 +0400


Կիրակի էր, ու ես որոշել էի ինձ հանգիստ պարգևել՝ զերծ մնալով Նիկոլին հիշատակելուց: Հաշվի առնելով, որ վերջինս արդեն ութուկես տարի մեր կյանքի անբաժան մասն է՝ պատերազմի խայտառակ պարությունից հետո իր հետ քարշ է տալիս ընդդիմությանը: Էլ չասած, որ ընդդիմության մի մասնիկն էլ ես եմ՝ դեռևս այս հազարամյակի սկզբից: Կամ դրանից ավելի վաղ ժամանակներից: Ինչևէ, անդրադառնամ ընդդիմությանը, բայց սկզբում կատարեմ մեջբերում: Իսկ հետո հարց կառաջադրեմ: «Նիկոլ Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ամբողջ ընդդիմությանը»,- նախորդ օրն ասել է Լևոն Զուրաբյանը: Հիշեցնեմ՝ վերջինս ՀՀ առաջին նախագահի կողմից ՀՀՇ-ի ավերակների վրա հիմնադրած ՀԱԿ կուսակցության փոխնախագահն է: Ինչևիցե, ճիշտ է ասում, համաձայն եմ ամբողջովին՝ հատկապես որ հարգում եմ իրեն՝ առանց իր հետ անձնապես շփվելու:

Իսկ հիմա տամ հարցը՝ ի՞նչ փոխվեց այս տարվա մայիս-հունիսից այս կողմ, որ այն ժամանակ տեղի չունեցավ համախմբում: Թեև դա ավելի քան անհրաժեշտ էր ու սպասելի: Կարծում եմ, որ ոչ մի փոփոխություն էլ չեղավ, չպատահեց ոչ մի լուրջ իրադարձություն: Այն ամենը, ինչի մասին քարոզարշավին խոսում էր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, մեկ հարցում «զարգացմամբ»՝ մնում է օրակարգում: «Զարգացումը» վերաբերում է միայն հակաեկեղեցական արշավին: Օրակարգում է մնում գլխավոր հարցը՝ թշնամական Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրություն փոխելը: Այդ դեպքում ինչո՞ւ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները որոշեցին միավորվել հիմա՝ չնայած շատ ավելի ճիշտ կլիներ, եթե միավորվեին գարնանը:

Պատասխանը, կարծում եմ, միանշանակ է. դա քաղաքական ամբիցիաների տիրույթում է: Նույն Զուրաբյանը, որ այն օրերին ևս խոսում էր միավորման անհրաժեշտության մասին, վերջին պահին հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը ընտրությունններին մասնակցելու է միայնակ: Ինչո՞ւ, ի՞նչ էր դա տալու ՀԱԿ-ին: Ոչինչ չէր տալու, ընդամենը մեկ անգամ ևս պետք է արձանագրվեր, որ կուսակցությունը չունի հայաստանցի ընտրողների աջակցությունը: Ու հարց է առաջանում, ճիշտ չէ՞ր լինի, արդյոք, եթե ՀԱԿ-ը հրաժարվեր մասնակցելուց և իր փոքրաթիվ անդամներին ու հետևորդներին ուղղորդեր դեպի «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ եթե խնդիր ուներ ընդդիմադիր այլ ուժերի առումով: Ու իր ստացած 3143 քվեն կստանար դաշինքը: Իհարկե, դա մեծ թիվ չէ, բայց խոսքն այստեղ ոչ թե քանակի մասին է, այլ սկզբունքի:

Որովհետև սկզբունքի պահպանման դեպքում Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցությունը 10 անգամ ավելի շատ ձայն կնվիրեր «Ուժեղ Հայաստան»-ին՝ 33537: Ի դեպ, այս անգամ ևս ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական ուժերի հայտարարությանը միանալու պայման է առաջադրում իրավական հավասարության անհրաժեշտությունը: Ասեմ, որ առաջին հայացքից տրամաբանական պահանջ է. կուսակցությունը փորձում է պահպանել ինքնուրույնությունը: Բայց միայն առաջին հայացքից, քանի որ պրակտիկորեն այդ պահանջն իրագործելի չէ: Որովհետև 340 հազար քվե հավաքած և խորհրդարան անցած ու ընդդիմադիր առաջնային դիրք գրաված քաղաքական ուժը չի կարող հավասար պայմանների մեջ լինել խորհրդարան չանցած՝ 33.5 հազար հավաքած ուժի հետ: Դա նույնիսկ տրամաբանական էլ չէր լինի: Այդ դեպքում ինչո՞ւ է նման պայման առաջադրում Արման Թաթոյանը: Կարող եք ասել՝ հարցրու իրեն: Չէ, ես կբավարարվեմ հրապարակային հարցադրմամբ: Կուզի՝ կպատասխանի, չի ուզի՝ չի պատասխանի:
Նախորդ երեկոյան տեղի է ունեցել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպում: «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կոչ է արել մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Սահմանադրությունն Ալիևի թելադրանքով չփոխելու հարցի շուրջ: Ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է, որ բացի զուտ օրակարգից, միավորման առանցքը լինելու է «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ու դրա ղեկավարը: Իսկ մնացած ուժերը հանդես են գալիս որպես կոմնակիցներ ու համախոհներ՝ դուր գա դա Արման Թաթոյանին ու մյուսներին, թե ոչ:

Ի դեպ, գարնանը չմիավորվեցին նաև Ռեֆորմիստներն իրենց 1425 ձայնով, «Լուսավոր Հայաստան»-ն իր 7439 քվեով, «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ն իր 5481 ձայնով և վերջապես «Բարգավաճ Հայաստան»-ն իր կորսված 58287 քվեով: Խոսքն այն քաղաքական ուժերի մասին է, որոնք վստահաբար դեմ են փաշինյանական միապետությանը: Քաղաքական այդ ուժերի հավաքած 109312 քվեն կմիավորվեր «Ուժեղ Հայաստան»-ի ստացածների հետ՝ կազմելով 449318: Իսկ եթե հրաշք պատահեր ու «Հայաստան» դաշինքը ևս միավորվեր, ապա միասնական ընդդիմությունը կունենար 594301 քվե՝ Փաշինյանի ստացած 726819 քվեի դիմաց: Ինչը կարող էր նաև հոգեբանական ազդեցություն ունենալ անտարբեր զանգվածի վրա, ու նրանց ավելի մեծ մասը մասնակցեր քվեարկությանը: Ինչևէ, եթե վերջինս տեղի չունենար, այդ ուժերի միավորումը մեծամասնություն չէր առաջացնի, սակայն կլիներ հզոր ուժ: Ու թշնամու առջև «խեղճ հարիֆի» վերածված երբեմնի «դուխով» Նիկոլը կխեղճանար նաև երկրի ներսում: Եվ ՔՊ-ի հավաքած 49.2168 տոկոսի դիմաց ունենալով 40.2433 տոկոս՝ խորհրդարանում ընդդիմությունն անընդհատ խնդիրներ կառաջացներ ՔՊ-ի համար:

ՀԳ. Նոր նկատեցի, որ հոդվածի սկզբում խոստացել էի չհիշատակել Նիկոլին, բայց դժբախտաբար դա չստացվեց: Ու հասկացա, որ չի ստացվելու այնքան ժամանակ, որքան նա զբաղեցնելու է Հայաստանի վարչապետի պաշտոնը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում

Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Wed, 11 Nov 2026 15:52:54…

12 րոպե ago

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Wed, 11 Nov 2026 15:47:23 +0400 Ակբա բանկն…

17 րոպե ago

Երբ տեղի կունենա Արսեն Գեւորգյանի հոգեհանգստի արարողությունը

Երբ տեղի կունենա Արսեն Գեւորգյանի հոգեհանգստի արարողությունը Wed, 11 Nov 2026 15:43:15 +0400 Նոյեմբերի 12-ին,…

21 րոպե ago

Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ

Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Wed, 11 Nov 2026 15:00:21 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

Չեն ասում՝ հիվանդ ենք, որովհետև Փաշինյանը ծաղրում է նրանց հիվանդությունը

Չեն ասում՝ հիվանդ ենք, որովհետև Փաշինյանը ծաղրում է նրանց հիվանդությունը Wed, 11 Nov 2026 14:45:00…

1 ժամ ago

Շատ կուզեին շոուի համար գնալ Եռաբլուր , բայց իրենց իշխանության բերած ուժերը ականջները կկտրեին

Շատ կուզեին շոուի համար գնալ Եռաբլուր , բայց իրենց իշխանության բերած ուժերը ականջները կկտրեին Wed,…

2 ժամ ago