Մի օր գալիս է բռնապետությունների վերջը
Wed, 11 Nov 2026 20:15:48 +0400
Այն, ինչ (խուզարկությունններ ու ձերբակալություններ) տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ, ոչ թե հանրային ճնշում էր, ինչը նախօրոք հայտարարվել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, այլ բռնատիրական գործողություն: Վերազանցելով իր լիազորությունները՝ Փաշինյան Նիկոլը սեփական երկրում իրականացրեց ահաբեկչական գործողություն: Բնականաբար, ինքն ավտոմատը ձեռքին չառևանգեց բարերար ու գործարար Սամվել Կարապետյանին ու մնացած ընդդիմադիրներին: Եվ, իհարկե, անձամբ չիրականացրեց անօրինական գործողություննների շարք: Բայց դրանից գործողության էությունը չփոխվեց: Որովհետև դա իր փոխարեն կատարեցին իրավապահները՝ ինչպես միշտ անմռունչ կատարելով նրա հրահանգը: Այն, ինչ տեղի է ունենում 2021 թվականից այս կողմ, քանի որ մինչև 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունը դա արվում էր քաղհասարակության ներկայացուցիչների ու շարքային քաղաքացիների միջոցով:
Փաստորեն, իրավակարգի և ներքին անվտանգության ապահովման (օրենքների կիրառում, հանցավորության դեմ պայքար, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն) պետական գործառույթը վերածվել է ուղղակի ճնշման ֆունկցիայի: Եվ դա տեղի ունեցավ այն պետությունում, որի իշխանությունը ձգտում է դառնալ, այսպես կոչված, եվրոպական ժողովրդավարական ակումբի անդամ: Եվ ի դեմս Եվրամիության՝ եվրոպական ժողովրդավությունն էլ քաջալերում է նրա այդ ձգտումը: Ինչը, ենթադրաբար, վկայում է, որ Եվրամիության ղեկավարությունն ինքն իրեն ընկալում է որպես բռնապետների ակումբ: Ընդամենը դա գաղտնի է պահվում հասարակությունից: Բայց քանի որ Հայաստանի պես միապետությունների ղեկավարությունը տեղյակ է դրանից, իրեն իրավունք է վերապահում 2027-ին (կամ 2028-ին) դիմելու անդամություն ստանալու հարցով: Երևի հենց այդ պատճառով է, որ ԵՄ անդամության թեկնածու Վրաստանի հայտը կասեցվել է, քանի որ վերջին տարիներին չի տեղավորվում դրանց շարքում:
Եթե Հայաստանը չլիներ միապետություն, ապա վարչապետի պաշտոնը զբաղեցնողը չէր հայտարարի, թե ինքը կառավարությունն է: Ու առանց հայտարարելու չէր գործի որպես գլխավոր քննիչ (քննչականի, հակակոռուպցիոնի ու ազգային անվտանգության), գլխավոր դատախազ ու գլխավոր դատավոր: Եթե դա այդպես չլիներ, ապա վերջինիս կամքը որպես օրենք չէր ընկալվի այդ կառուցներում: Իսկ քանի որ ինքն արյուն թափելու առումով աննորմալ հակում ունի՝ հիշենք Իջևանում արյան գետեր հոսեցնելու վերաբերյալ 2019-ին ԱԱԾ տնօրենին տրված ուղղակի հրահանգը («Ես ուզում եմ տեսնել արյան գետեր՝ սատկացրեք բոլորին»), ապա մարդկային կյանքն էլ պետք է արժեք չունենար նրա աչքում: Հատկապես ընդդիմադիր անձանց, ովքեր ցանկանում են զրկել նրան իշխանությունից: Իսկ իշխանությունն իր համար ավելին է, քան կյանքը, քանի որ առաջինը կորցնելու դեպքում վստահություն չի ունենա երկրորդի պահպանման առումով:
Դա գիտակցում է ոչ միայն ինքն ու իր նեղ շրջապատը, այլև ողջ իրավապահ համակարգը: Որի ներկայացուցիչներին նա գնել ու շարունակում է գնել մեր աղքատ երկրի առումով աննորմալ բարձր աշխատավարձերով ու պարգևավճարներով: Ու այդ պատճառով էլ նախկին, այսպես կոչված, ոչ ժողովրդավարական Հայաստանում չի գրանցվել որևէ քաղբանտարկյալի մահ բանտում, սակայն հայաստանյան «ժողովրդավարության» պայմաններում արդեն գրանցվեց երրորդ մահը: Հիշենք, որ հենց ընդդիմադիր Փաշինյանի կողմից էր անընդհատ շահարկվում Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») մահը, ինչը տեղի ունեցավ հիվանդանոցում: Բայց վերջինս ձերբակալվեր էր 2016-ին ՊՊԾ գնդի գրավման օրերին ահաբեկչություն իրականացնողներին սնունդ տանելու համար: Իսկ լուսահոգի Արսեն Գևորգյանը ոչ թե ընտրակաշառք է բաժանել՝ ինչպես ներկայացրել է հակակոռուպցիոնը, այլ նախընտրական շտաբի աշխատանքի համար աշխատակիցներին անհրաժեշտ գումար: Ինչը թույլատրված է օրենսդրությամբ, ու, ի դեպ, Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ամենից շատ հենց ՔՊ-ն էր ծախսեր կատարել:
Ինչպես հայտնի է, բռնապետությունները անվերջ չեն լինում, ու մի օր գալիս է դրանց վերջը: Չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց վստահաբար տեսանելի ապագայում: Ու այդ օրը բոլոր նրանք, ովքեր, հանուն գործող իշխանության պահպանման, կատարել են անօրեն գործողություններ, պատասխան են տալու օրենքի առջև: Ու դրանից հետո ստիպված են լինելու պատասխան տալ իրենց ժառանգներին: Չեմ խոսում Աստծո դատաստանի մասին, քանի որ դրանք թքած ունեն այդ երևույթի վրա: Եթե թքած չունենային, ապա չէին անի այն ամենը, ինչ անում են 2021 թվականից այս կողմ: