«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում
Thu, 12 Nov 2026 08:20:28 +0400
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, որ 2024 թվականի օգոստոսին է նշանակվել, այնուամենայնիվ, տունդարձի ճանապարհին է։ Ինչպես հայտնի էր դեռ ամռանը, ՀՀ իշխանությունները որոշել են նրան փոխարինել, բայց նոր դեսպանի նշանակումն ուշացավ, ուստի Արսենյանը շարունակեց պաշտոնավարել: Սովորաբար դեսպանի հետկանչն իրականացվում է նորի նշանակմանը զուգահեռ: Արսենյանի մտերիմներից տեղեկացանք, որ նա արդեն իրերն է հավաքում՝ մի հսկայական «օժիտ», որովհետեւ պետական գույքը չի օգտագործել, որոշ բան Հայաստանից է տարել կամ իր միջոցներով գնել, անգամ իր թանկարժեք «Բենթլին» է տարել Մոսկվա եւ հիմա այդ բոլորը պետք է հետ բերի Հայաստան։ Մենք գրել էինք, որ ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան աշխատած, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որն ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է, բայց ռուսական կողմը ձգձգում է նրա ագրեմանը: Լուրեր կան անգամ, որ չեն հաստատելու: