«Հրապարակ». Անպատժելիության մթնոլորտն է երկրում ստեղծել նման իրավիճակ
Thu, 12 Nov 2026 09:45:28 +0400
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 11-ին բողոքի ակցիա անցկացրեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի առջեւ՝ «Արդարություն Արսեն Գեւորգյանի համար» պահանջով։ Ակցիայի մասնակիցները եվրոպական կառույցներից ակնկալում են արձագանք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանկարծամահ եղած Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանի դեպքի առնչությամբ։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը հայտարարել է, որ հավաքն ուղղված չէ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի կամ պատվիրակության դեմ։ Նրա խոսքով՝ Մարագոսն արդեն տեղեկացված է դեպքից, բայց «պետք է լինեն հրաժարականներ»։ Պատգամավորը քննադատել է քրեակատարողական հիմնարկներում պահման եւ բուժօգնության պայմանները եւ կալանքը համարել է Գեւորգյանի եւ նույն գործով մյուս մեղադրյալների նկատմամբ չափազանց խիստ խափանման միջոց։ «Մենք անդադար բարձրաձայնում ենք այն, որ կալանքը պատիժ չէ, խափանման միջոց է»,- հայտարարել է Հարությունյանը՝ նշելով, որ կոնկրետ այս քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներով է իրականացվել, ապա Գեւորգյանին պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել։
Արսեն Գեւորգյանը մահացել է նոյեմբերի 10-ի առավոտյան՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ հոկտեմբերի 21-ից կալանքի տակ էր։ Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ ինքնազգացողության վատթարացումից հետո նրան առաջին օգնություն է ցուցաբերել հերթապահ բուժակը։ Ժամը 7։55-ին շտապօգնություն են կանչել, որի անձնակազմը ժամը 8։30-ի սահմաններում արձանագրել է Գեւորգյանի մահը։ Մինչդեռ «Ուժեղ Հայաստան»-ի փաստաբանական թիմը պնդում է, որ շտապօգնության բժիշկները կալանավայր են մտել նրա մահից հետո։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Գեւորգյանը նախկինում առողջական խնդիրների մասին չի բարձրաձայնել։
Գեւորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններից մի քանի օր առաջ, ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը եւս ուսումնասիրություն է սկսել։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` առաջիկայում ի՞նչ քայլեր են նախաձեռնում, որպեսզի 46-ամյա Արսեն Գեւորգյանի մահվան մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, եւ այս դեպքը մյուսների պես մոռացության չմատնվի: Յոլյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հենց անպատժելիության մթնոլորտն է երկրում ստեղծել նման իրավիճակ, մեր երկրում ընդդիմադիր լինելն այլեւս նշանակում է դատապարտված լինել մահվան: Այս մահաբեր համակարգի զոհն էր մեր պայքարի ընկեր Արսեն Գեւորգյանը, որն իրապես հայրենասեր գործիչ էր, մարդ, որը պայքարում էր իր երկրի համար: Իշխանությունները նրան պատանդ էին վերցրել եւ ընտրություններից ընդամենը երեք օր առաջ բանտարկեցին` չհաստատված քրեական գործով: Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է սա` վտանգ ներկայացնող ցանկացած ընդդիմադիր, անկախ նրանից՝ քաղաքական գործիչ է կամ պարզապես շարքային քաղաքացի, բանտարկվում է, եթե իրենից վտանգ է ներկայացնում իշխանության համար: Փորձը ցույց է տալիս, որ գրեթե միշտ ընդդիմադիրներն արդարացվում են, եւ ժամանակը ցույց է տալիս, որ այդ քրեական գործերը շինծու են: Մամիկոն Ասլանյանի օրինակն ամենացցունն է: Նա 2021 թվականին հաղթեց Վանաձորի ընտրություններում, եւ նրան պատանդ վերցրին: 2 տարի 7 ամիս բանտում պահելուց հետո նա արդարացվեց: Այս ռեժիմին շատերն են զոհ գնացել: Մարդուն անգամ պաստառ պոկելու համար հասցրին ինքնասպանության, եւ նման դեպքեր էլի են եղել: Մեր խնդիրն այսօր այս ամենի դեմ պայքարելն է: Միջազգային կազմակերպություններին պետք է կոչ անել՝ անհապաղ այս ամենին գնահատական տալ: Նրանց լռությունը նշանակում է լեգիտիմացնել բռնապետության ճանապարհով գնացող իշխանության գործունեությունը: Հայաստանում կան տարբեր կառույցներ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով, սակայն այսօր նրանք խնդիր ունեն մեզ հետ աշխատելու եւ իրավիճակին օբյեկտիվ գնահատական տալու: Հայաստանում կատարվողն անընդունելի է: Իրավապահ համակարգը Փաշինյանը սեփականաշնորհել է եւ այն աշխատեցնում է ժողովրդի դեմ: Անգամ մեկ ֆեյսբուքյան գրառման համար քաղաքացուն տանում են կալանքի: Թույլ չպիտի տանք, որ նմանօրինակ դեպքերը կրկնվեն: Պետության հոգածության ներքո գտնվող հաստատությունում մարդ է մահանում, սակայն այդ ամենն անպարկեշտ ձեւով ընդունում են զուտ որպես վիճակագրական տվյալ: Մենք պարտաճանաչ ենք լինելու, ԵՄ դեսպանը խոստացել է, որ համարժեք գնահատական է տալու այս ամենին: Մենք կանգնեցնելու ենք իշխանության ապօրինի գործողությունները եւ հակահայ մոտեցումները»: