«Հրապարակ». Շուրջ մեկ ժամ անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստացել

«Հրապարակ». Շուրջ մեկ ժամ անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստացել

Thu, 12 Nov 2026 10:15:30 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46-ամյա Արսեն Գեւորգյանը նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում վատ է զգացել, եւ ՔԿՀ ժամանած շտապօգնությունը մեկ ժամ անց արձանագրել է նրա մահը։ Ընդդիմադիր գործչի մահվան շուրջ հանրային աղմուկն ու իշխանությունների հասցեին ուղղված քննադատությունները քանի օր է՝ չեն դադարում։ Գեւորգյանի փաստաբանները հայտարարեցին, որ բժիշկները կալանավորվածին են մոտեցել մահվանից հետո, մինչ այդ ՔԿՀ բուժակն է միայն փորձել օգնել` ապարդյուն: Քրեակատարողական ծառայությունը հրապարակեց ժամանակագրություն, որտեղ ներկայացված է, թե երբ է վատ զգացել ընդդիմադիր գործիչը, երբ են հասել բժիշկները, երբ է արձանագրվել կենսաբանական մահը: Արսեն Գեւորգյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանին խնդրեցինք մեկնաբանել ՔԿԾ-ի հրապարակած ժամանակագրությունը եւ ներկայացնել իր գնահատականը։

«Մենք այս պահին չունենք տեսախցիկների զննության արձանագրությունները, բայց եթե նայում ենք Քրեակատարողական ծառայության հրապարակած տեղեկատվությանը եւ ժամային համադրություն ենք անում, ապա հետեւյալ պատկերն է ստացվում։ Ըստ հրապարակված տվյալների՝ ժամը 07:37-ին ծառայողը մոտենում է համապատասխան խցին եւ զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչեւ ժամը 07:38-ը, այսինքն՝ 1 րոպե։ Ժամը 07:40-ին ծառայողը եւս մեկ անգամ մոտենում է խցին եւ զրուցում մինչեւ ժամը 07:41-ը, այսինքն՝ 1 րոպե։ Ժամը 07:42-ին բուժքույրը մոտենում է խցին, այստեղ ահազանգը կա, որ մարդն իրեն վատ է զգում։ Ժամը 07:43-ին ծառայողը բացում է խուցը, եւ բուժքույրը մուտք է գործում ներս, 1 րոպե հետո, այսինքն, գալիս է բուժքույրը, 2 րոպե հետո՝ ժամը 07:45-ին, բուժքույրը դուրս է գալիս խցից՝ շտապօգնություն կանչելու գործընթացը կազմակերպելու նպատակով։ 07:51-ին ծառայողը եւս մեկ անգամ բացում է խուցը, եւ բուժքույրը գտնվում է այնտեղ մինչեւ ժամը 07:58-ը՝ 7 րոպե։ 08:10-ին շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։ Ժամը 08:13-ին շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։ Ժամը 08:23-ին անձին խցից դուրս են բերում պատգարակով։ Ժամը 08:27-ից մինչեւ 08:33-ը քրեակատարողական հիմնարկի միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացնում են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժշկի կողմից արձանագրվում է անձի կենսաբանական մահը։

Հիմա այս պարզ ժամային, ժամանակագրական վերլուծությունն ի՞նչ է ներկայացնում։ Այն, որ առնվազն առաջին ահազանգը եղել է 07:37-ին, այսինքն՝ 07:37-ից մինչեւ 08:33-ը՝ շուրջ մեկ ժամ, անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստանում։ Միգուցե այդ ընթացքում նրան տեղափոխեին հիվանդանոց, եւ հնարավոր լիներ փրկել նրա կյանքը։ Այս եզրահանգումը ոչ թե ենթադրություն է, այլ իրենց տված տեղեկատվության հիման վրա արված գնահատական։ Այդ պարզ վիճակն է. մարդն իրեն վատ է զգացել, քրեակատարողական ծառայության աշխատակիցը կանչել է բուժքրոջը․․․ Վերջին հաշվով, ՔԿՀ-ում գտնվում են բազմաթիվ անձինք, մարդիկ, որոնք ունեն որոշակի հիվանդություններ կամ ուղեկցող հիվանդություններ, այդ մարդկանց գոնե բժշկական սպասարկումը, որը նախատեսված է Սահմանադրությամբ, պետք է ապահովվի: Ինչո՞ւ բժիշկ չեք պահում։ Միգուցե բժիշկն այնպիսի քայլեր կատարի, որոնց շնորհիվ հնարավոր լինի փրկել մարդու կյանքը։ Բնականաբար, դեռ նախաքննության սկզբնական փուլն է, մենք պետք է հասկանանք՝ ով է մեղավոր եւ ինչի համար է պատասխանատու»։

Ըստ փաստաբանի՝ անձը կալանավորման պահից գտնվում է պետության հոգածության ներքո․ «Նրա անվտանգության համար թիվ մեկ պատասխանատուն պետությունն է՝ ի դեմս ՔԿԾ-ի, շտապօգնության եւ մնացյալ այլ ծառայությունների։ Հիմա, եթե պետությունը չի կարող հոգալ… Քննիչը երկու ամսով կալանքի միջնորդություն է ներկայացնում դատարան, բայց 15 օր հետո նախաքննությունն ավարտվում է։ Բայց սրա տրամաբանությունը որտե՞ղ նայենք։ Նույն պետությունը, որն ունի պոզիտիվ պարտականություն՝ քաղաքացիների իրավունքների հարգման հարցում, ո՞նց է լինում, որ մտնում է, կալանք է ուզում, ապա նախաքննությունն ավարտում։ Նախաքննական մարմինն ի սկզբանե անձին խոշտանգելու դիտավորություն է ունեցել, ինքը գիտեր, չէ՞, որ 15 օր հետո նախաքննության ավարտ է հայտարարելու»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի Thu, 12 Nov 2026 10:30:42 +0400…

2 րոպե ago

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան Thu, 12 Nov 2026 10:30:37 +0400 Պատմության մեջ առաջին…

2 րոպե ago

«Հրապարակ». Բուհական գրաքննություն

«Հրապարակ». Բուհական գրաքննություն Thu, 12 Nov 2026 10:25:34 +0400 Նախորդ ամիս ԿԳՄՍ նախարար, Հայաստանի պետական…

8 րոպե ago

Մինսկը պնդում է՝ սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին

Մինսկը պնդում է՝ սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին Thu, 12 Nov 2026 10:00:07 +0400…

33 րոպե ago

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է Thu, 12 Nov 2026 09:55:12 +0400 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ…

38 րոպե ago

Բանանը ուտելու համար չէր, Փաշինյանը հասել է Դուբլին

Բանանը ուտելու համար չէր, Փաշինյանը հասել է Դուբլին Thu, 12 Nov 2026 09:51:06 +0400 Latest…

42 րոպե ago