Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան
Thu, 12 Nov 2026 10:30:37 +0400
Պատմության մեջ առաջին անգամ Չինաստանից Վրաստան պատվիրակություն է այցելել՝ երկրի փոխնախագահ Հան Ջենի մակարդակով` նոյեմբերի 6-8-ը: Սա կարեւոր է ոչ միայն վրաց-չինական հարաբերությունների առումով, այլ նաեւ ցույց է տալիս Պեկինի հետաքրքրվածությունը Հարավային Կովկասի ռեգիոնով, եթե հաշվի առնենք Վրաստանի տարանցիկ նշանակությունը։ Նաեւ ցույց է տալիս Թբիլիսիի հետաքրքրվածությունը Չինաստանով, հատկապես՝ արեւմտյան ճամբարի հետ հարաբերությունների ներկայիս «սառեցված» վիճակի պայմաններում։ Այս տարվա հունիսին, ինչպես գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, վրաց-չինական հարաբերությունները պաշտոնապես բարձրացան համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի, եւ հիմա կարծես հռչակագրային հայտարարություններից գործնական քայլերի անցնելու ժամանակն է։ Թբիլիսիում բանակցությունների առանցքում հիմնական հարցը Միջին միջանցքն էր, որը կապում է Չինաստանը Եվրոպայի հետ՝ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի միջոցով։
Չինաստանի համար այն հնարավորություն է՝ վերանայելու տրանսպորտային ուղիները, Վրաստանի համար՝ տարանցիկ հանգույց լինելու իր կարգավիճակն ամրապնդելու։ Հատուկ նշանակություն է ձեռք բերում Անակլիայի խորջրյա նավահանգիստը։ Այդ նախագիծն իրականացնելու է չին-սինգապուրյան կոնսորցիումը։ Սակայն նախագծի հեռանկարները կախված են ոչ միայն քաղաքական աջակցությունից, այլ նաեւ ֆինանսավորումից, ենթակառուցվածքներից եւ բեռնահոսքից։ Կարեւոր է նաեւ դիվանագիտական ենթատեքստը։ Չինաստանը վերահաստատել է, որ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, իսկ Թբիլիսին էլ հայտարարել է, որ հավատարիմ է «մեկ Չինաստանի» սկզբունքին։ Այդ փոխադարձությունը ամրացնում է քաղաքական վստահությունը մեկմեկու նկատմամբ։ Ըստ էության՝ Թբիլիսին ընդլայնում է իշխող թիմի եւ կառավարության արտաքին եւ տնտեսական քաղաքական հնարավորությունները։ Այցը խոշոր պայմանագրերի կնքմամբ աչքի չընկավ, սակայն որդեգրված քաղաքական կուրսը վերահաստատվեց` փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետության վրա հիմնված գործընկերությունը։ Կարելի է ասել, որ Պեկինը քայլ առ քայլ փորձում է ոտքն ամրացնել Հարավային Կովկասում։