Փաշինյանից հեռանալը դրական է ազդում մտավոր կարողությունների վրա
Thu, 12 Nov 2026 11:00:53 +0400
Երեկ ուշագրավ հրապարակում էր արել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը` «Եմ անդամակցության պատրանքը» վերնագրով, որտեղ հիմնական միտքն այն էր, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում: Եթե ուզում ենք Ռուսաստանից մեր կախվածությունը փոքրացնել եւ մեր տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել, ոչ թե պետք է հրահրենք ու սադրենք Ռուսաստանին, ոչ թե պետք է ԵՄ-ին անդամագրման մեկնարկի մասին դատարկ ու ոչինչ չնշանակող օրենք ընդունեինք, այլ խելամիտ քայլերով առաջ շարժվեինք: Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ յուրաքանչյուր նման քայլից հետո Ռուսաստանն ակտիվանում է, եւ մեր կախվածությունը փոքրանալու փոխարեն մեծանում է: Ի վերջո, մենք պետք է ելնենք մեր աշխարհագրական դիրքից, աշխարհաքաղաքական զարգացումներից, մեր էներգետիկ կախվածություններից: Մանավանդ պետք է հաշվի առնենք, որ Եվրամիությանն անդամակցելն անհնարին է, եւ ԵՄ-ն մեզ ոչ մի երաշխիք չի տալու:
Ահա մի հատված «Մեդիալաբում» հրապարակված հոդվածից.
«Հայաստանի նորագույն պատմությանը նայելիս մի շատ հստակ եւ դաժան օրինաչափություն է երեւում. ամեն անգամ, երբ Երեւանը փորձել է քայլ անել դեպի Արեւմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը եւ ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում»։
• 1990-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության՝ եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների հետ մերձենալու փորձերն ավարտվեցին ՀԱՊԿ-ին անդամակցությամբ եւ 1997 թվականին Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրմամբ՝ ամրապնդելով Հայաստանի ռազմաքաղաքական կապերը Մոսկվայի հետ։
• 2010-ականներին Սերժ Սարգսյանի իշխանության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու փորձն ավարտվեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու որոշմամբ, որին հաջորդեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։
Այսօր այս նույն պատմությունը կարծես կրկնվում է, բայց շատ ավելի վտանգավոր սցենարով։ ԵՄ անդամակցության մասին խոսակցություններին եւ քայլերին զուգահեռ՝ ես տեսնում եմ Հայաստանը ռուս-բելառուսական «միութենական պետության» մեջ ներքաշելու սպառնալիքի մեծացում։
Ես՝ ինքս տեսել եմ, թե որքան ազատություն ունեինք Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնելու հարցում մինչեւ ԵՄ անդամակցության մասին օրենքի ընդունումը, եւ ինչպես են այդ հնարավորությունները սահմանափակվել դրանից հետո»։
Արեգ Մարգարյան