Վենսը մտադիր է անձամբ բանակցել Իրանի ուժայինների հետ
Thu, 12 Nov 2026 13:00:58 +0400
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դիտարկում է հակամարտությունը դադարեցնելու նպատակով Իրանի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցչի հետ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը, գրում է Wall Street Journal-ը։
«Վենսը դիտարկում է Իրանի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցչի հետ առերես բանակցությունների հնարավորությունը, քանի որ նա դառնում է Իրանի հետ գլխավոր բանակցողը՝ ձգտելով վերջ դնել պատերազմին, որը բեռ է համարվում Հանրապետական կուսակցության համար»,- գրում է պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում է` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին իր շրջապատին հասկացրել է, որ պատրաստ է Վենսին վստահել բանակցային գործընթացի վերագործարկումը, և նրան օժտել է համապատասխան լիազորություններով, թեև անձնական հանդիպման քննարկումներն առայժմ նախնական բնույթ են կրում։
Հատկանշական է, որ Վենսն ավելի վաղ Իրանի հետ հակամարտությունը նշել էր որպես նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտության գլխավոր պատճառ։