Գնումների սև ցուցակ են գցել
Thu, 12 Nov 2026 21:45:15 +0400
Բերդ քաղաքի փողոցների նորոգման, ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները ձգձգվել են, ինչը հարուցում է համայնքի բնակիչների դժգոհությունը։ Այդ աշխատանքների ձգձգման պատճառներից մեկը մատակարարների կողմից նյութերի մատակարարման ձախողումներն են։ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հոկտեմբերի 9-ին որոշել է Վեդի քաղաքում գործունեություն իրականացնող «Տեքստո պլաստ» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում ներառելու մասին։ Այսինքն, սեւ ցուցակում: Ըստ պայմանագրի, այդ ընկերությունը պետք է Բերդ համայնքին 6 միլիոն 545 հազար դրամի պլաստմասսե երկշերտ, ծալքավոր, 400 մմ-անոց խողովակներ տրամադրեր, սակայն խախտել է պայմանագրային պարտավորությունը։