Թրամփի պարտությունը կարող է հարցականի տակ դնել TRIPP-ի ապագան
Fri, 13 Nov 2026 14:15:18 +0400
Քաղաքագետ Գեորգի Ասատրյանը կարծում է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա քաղաքական հենարանը հանդիսացող Հանրապետական կուսակցության պարտությունը կարող է հարցականի տակ դնել թե՛ ռուս-ամերիկա-ուկրաինական եռակողմ բանակցությունների, թե՛ TRIPP-ի ապագան։ «Ալֆանյուզի» հետ զրույցում նա մասնավորապես ասել է․ «Իրականում դա Թրամփի, թրամփիզմի եւ, առհասարակ, Հանրապետական կուսակցության համար խորտակիչ պարտություն էր։ Մենք ականատես եղանք զարմանալի տեսարանի։ Նախ՝ դեմոկրատները տարան վստահ հաղթանակ, եւ մի շարք նահանգներում իրավիճակը դարձավ հեղափոխական։ Կարծում եմ, որ դեմոկրատները շատ լուրջ աշխատանք էին տարել։ Թրամփիզմն ի սկզբանե զարգացել է բավականին հաջող կերպով։ Սակայն հետագայում մեկը մյուսի հետեւից կայացվել են սխալ որոշումներ։ Առանցքային գործոններից մեկն Իրանի դեմ պատերազմն էր։ Խնդիրը, ընդ որում, ոչ այնքան բուն ռազմական հակամարտության մեջ է, որքան դրա հետեւանքների։ Եթե պատերազմը լիներ կարճատեւ եւ չունենար լուրջ տնտեսական հետեւանքներ, ամերիկյան հասարակությունն այն շատ ավելի հանգիստ կընդուներ։ Սակայն արդյունքում հետեւանքներն իրենց մաշկի վրա զգացին ամերիկյան հասարակության բոլոր սոցիալական խավերը։ Թանկացան բենզինը, դիզելային վառելիքը եւ սննդամթերքը։ Ամերիկյան հասարակության լայն շերտերը, այդ թվում՝ նաեւ աշխատավորներն ու միջին դասը, հիասթափվեցին թրամփիզմի պահպանողականությունից»։
Փորձագետը կարծում է, որ Ուկրաինայի հարցով Վաշինգտոն-Մոսկվա-Կիեւ բանակցային ֆորմատն ինչ-որ կերպ փոփոխություն կկրի։ «Կարող եմ ասել, որ կողմերը հիմա բանակցություններին ավելի լուրջ են մոտենում։ Հնարավոր է, որ որոշակիորեն փոխվել է մթնոլորտը։ Այն ավելի նվազ թշնամական է դարձել։ Այստեղ կարեւոր դերակատարում են ունեցել հումանիտար առաքելությունները։ Սակայն ես չեմ ակնկալել, որ այս փուլում որեւէ լուրջ տեղաշարժ պետք է լիներ։ Մենք դեռեւս գտնվում ենք բավականին տեւական բանակցային պրոցեսի նկատելի բարդ փուլում։ Չի բացառվում, որ որոշակի խաղաղարար նախաձեռնությունները կարող են շատ ավելի շուտ լինել, քան սպասում են։ Իհարկե, հակամարտության շարունակման կողմնակիցները քիչ չեն թե՛ Եվրոպայում, թե՛ Կիեւում եւ թե՛ Միացյալ Նահանգներում։ Սակայն նաեւ կարելի է ասել, որ նկատվում են որոշակի տեղաշարժեր դեպի խաղաղ կարգավորում»։
Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանն ու TRIPP-ի ապագային՝ Ասատրյանը նշել է, որ այդ նախաձեռնության ապագան շարունակում է անորոշ մնալ։ «TRIPP նախագիծը շատ մշուշոտ ապագա ունի։ Ես վստահ չեմ, որ այն կավարտվի եւ կիրականացվի լրիվությամբ։ Նախեւառաջ՝ հնարավոր են քաղաքական փոփոխություններ Միացյալ Նահանգներում։ Փաստը, որ այն կրում է Թրամփի անունը, արդեն կարող է պատճառ լինել, որ վերանայվի։ Բացի այդ, նախագծի հանդեպ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դիրքորոշումը շատ ավելի կոշտ է, եւ հենց դա պետք է հաշվի առնել՝ գնահատելու ծրագրի հեռանկարը։ Իրանն ավելի ու ավելի վատ է ընդունում իր հյուսիսային սահմանների մոտ օտարերկրացիների, այդ թվում՝ նաեւ ամերիկացիների, զինվորականների կամ կիսազինվորականների հայտնվելը։ Եթե ռեգիոնալ լարվածությունը շարունակի աճել, ապա չի կարելի բացառել, որ Թեհրանը կոնկրետ գործողությունների կգնա այդ նախագծի եւ դրա հետ կապված ենթակառուցվածքների դեմ։ Դրա համար TRIPP-ի ապագան մնում է մեծավ մասամբ անորոշ։ Կարծում եմ, որ այդ նախագծից այն մասշտաբայնության արդյունք չի լինի, որպիսին հիմա պատկերացնում են կամ ակնկալում»,- ասել է Ասատրյանը։