«Հրապարակ». Ինչպես են արձագանքել տնտեսվարողները եւ ՍԱՏՄ-ն Բաբկեն Պիպոյանի բացահայտումներին
Sat, 14 Nov 2026 10:45:24 +0400
Նախորդ շաբաթ գրել էինք, որ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հայկական կաթնամթերքի ուսումնասիրություն է կատարել` նմուշներ վերցնելով կաթնամթերք արտադրող գրեթե բոլոր ընկերությունների՝ «Աշտարակ կաթ», «Արզնի կաթ», «Երեմյան», «Մարիաննա», «Մարիլա», «Չանախ», «Անի», «Միլկին», «Բիոկաթ», «Բոնիլաթ» եւ «Իգիթ», արտադրատեսակներից։ Ապա ընտրել են սննդի բնագավառում միջազգային հավատարմագրում ունեցող 3 լաբորատորիա եւ այնպիսի սուպերմարկետներ, որոնց սառնարաններն ապահովում են համապատասխան ջերմաստիճան, եւ նմուշներն ուղարկվել են փորձաքննության: «Կաթերից չենք ստուգել միայն «Արզնի կաթի» արտադրանքը, որը խանութում բացակայել է, եւ այդ ժամանակահատվածը համընկել է այն շրջանի հետ, երբ «Արզնին» կասեցված է եղել: Մնացած բոլոր ընկերությունների արտադրանքը նմուշառել ենք: «Աշտարակ կաթում» ունենք խախտում՝ աղիքային ցուպիկ ցուցանիշով, մնացած կաթերում, բարեբախտաբար, վիճակը լավ էր: Ընդգծեմ՝ խոսում ենք միայն այն ցուցանիշների մասին, որոնք ստուգել ենք: Ստուգել ենք նաեւ նշված բոլոր ընկերությունները, բացի «Իգիթից»: «Երեմյան» ընկերության 25% յուղայնության թթվասերում, «Արզնի կաթի» 20% յուղայնությամբ եւ «Բոնիլաթի» 17% յուղայնությամբ թթվասերներում հայտնաբերել ենք աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Բնականաբար, 10 արտադրողից 3-ի մոտ խախտումն արդեն իսկ մտահոգիչ չէ, չնայած սրանք համեմատաբար ուրախ նոտաներն էին»,- մանրամասնել էր ՀԿ նախագահը: Նրա խոսքով. «Կաթնաշոռերի շուկայում կա լրջագույն խնդիր, խախտումներ են հայտնաբերվել ոչ միայն աղիքային ցուպիկի, այլեւ խմորասնկերի, բորբոսասնկերի ցուցանիշի մասով եւ կաթնաթթվային մանրէների մասով: Կաթնաշոռերում շեղումներ հայտնաբերվել են «Թամարա-Անի» կաթնաշոռում, «Մարիաննայի», «Աշտարակ կաթի», «Երեմյանի», «Միլկինի», «Բոնիլաթի», «Բիոկաթի», «Չանախի» եւ «Արզնիի» կաթնաշոռերում: Ընդ որում՝ խմորասնկերի, բորբոսասնկերի ցուցանիշով շեղումներ են հայտնաբերվել «Բոնիլաթում», «Թամարա-Անիում», «Չանախում» եւ «Մարիլայում», «Արզնիում» եւ «Բիոկաթում»: Կաթնաթթվային մանրէները պակաս են եղել «Մարիաննայում», «Չանախում», «Մարիլայում» եւ «Միլկինում»: Կաթնաշոռի մասով կան ընկերություններ, որոնք միաժամանակ 3 ցուցանիշով ունեն խախտում, որոշները՝ 2 ցուցանիշով: Կան ընկերություններ, որոնց պարագայում մի լաբորատորիան տվել է, որ ունեն խախտում, մյուսը բացառել է խախտումը»: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը տեղեկացրել էր, որ բոլոր տվյալները փոխանցելու են ՍԱՏՄ-ին, ներկայացնելու են նաեւ մեթոդաբանությունը, թե ինչպես պետք է իրականացվի վերահսկողությունը՝ խախտումներ հայտնաբերելու համար:
Բաբկեն Պիպոյանը մեզ հետ առանձին զրուցել էր եւ ասել, որ իր ասուլիսից հետո բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից: Մենք որոշեցինք պարզել, թե ինչ եղավ ասուլիսից հետ, ինչ ընթացքում են Պիպոյանի բացահայտումները, եւ պատկան մարմիններն ինչ քայլեր են ձեռնարկել: Կաթնամթերք արտադրող ընկերությունները վերացրե՞լ են թերությունները, թե՞ ոչ:
Պիպոյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Ուրբաթ օրը ստացել եմ գրություն` տեսչական մարմնի կողմից, որ կիրականացվի պետական վերահսկողություն: Այդ գրությունը ստացել եմ այն բանից մեկ շաբաթ անց, երբ կառավարության բրիֆինգից հետո լրագրողները վարչապետին հարց ուղղեցին թեմայի վերաբերյալ, Փաշինյանն էլ հանձնարարեց խնդրով զբաղվել: Նախքան այդ, պետական որեւէ կառույցի կողմից չկար արձագանք: Այն, որ այս տեմպը մտահոգիչ է, վատ է, դա միանշանակ է: Բայց այս ամենում մի դրական բան տեղի ունեցավ: Արտադրողներն իրենց նախաձեռնությամբ վերացրին խնդիրները: Իրենք բոլորից լավ գիտեն, թե ինչպես վերացնեն խնդիրները: Նմուշներ են ներկայացրել լաբորատորիա, իսկ լաբորատորիան արձանագրել է, որ խախտում չկա: Բնականաբար, տնտեսվարողի տարած նմուշը չի կարող լինել չափանիշ մեզ համար, սակայն եթե լաբորատորիան դրական եզրակացություն է տվել, նշանակում է, որ որոշակի խնդիրներ լուծվել են: Եթե մենք այցելենք արտադրամասեր, կտեսնենք նորմալ նորոգված տարածքներ, գեղեցիկ ու մաքուր, բայց աղիքային ցուպիկները կարող են առաջանալ հումքից կամ կարող են ի հայտ գալ վերամշակման փուլում, կամ գուցե հոսքագծի ոչ պատշաճ ախտահանումից: Այս բոլոր ընկերությունները շարունակում են արտադրությունը, այդ պատճառով խիստ կարեւոր է, թե ՍԱՏՄ-ն ինչպես կիրականացնի ստուգումները: Մենք գրություններ ենք ուղարկել, սպասում ենք պատասխանին, որպեսզի հասկանանք, թե ինչ հումքով է կաթնամթերքն արտադրվում, հատկապես՝ կաթնաշոռի հետ կապված: Սպասում ենք, որ արդյունքները տրամադրեն մեզ»: