«Հրապարակ»․ Նույն ձեռագիրն է` Ստեփանավանում, Սպիտակում, Նոր Հաճնում
Sat, 14 Nov 2026 11:15:28 +0400
Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում դեկտեմբերի 13-ին կայանալիք ավագանու ընտրություններին կմասնակցի 3 քաղաքական ուժ․ «Միասին՝ հանուն համայնքի» կուսակցության ցուցակը կգլխավորի Նոր Հաճնի գործող համայնքապետ Գագիկ Մաթեւոսյանը, որը 2009 թվականից Նոր Հաճնի համայնքապետն է։ «Գործարար» կուսակցությամբ առաջադրվել է Նոր Գեղիի նախկին համայնքապետ Վարդան Պապյանը, որը 2019 թվականի փետրվարին կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրվել է այս համայնքի ղեկավար, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Գրիգորի Երանոսյանը։
Երանոսյանին Նոր Հաճնում այնքան էլ լավ չեն ճանաչում, նորհաճնեցիներն ավելի լավ գիտեն նրա հորը՝ Արարատ Երանոսյանին, որը երկար տարիներ զբաղեցրել է «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։ Իշխող ուժը Նոր Հաճնում, ինչպես Ստեփանավանում եւ Սպիտակում, նույն «շախմատն» է խաղում` առաջադրել է երկու թեկնածու, որոնք կպայքարեն համայնքի գործող ղեկավար Գագիկ Մաթեւոսյանի դեմ, ապա ընտրություններից հետո կմիավորվեն:
«Իշխանական եւ պրոիշխանական ուժերը պայքարելու են Ձեր դեմ, ինչպե՞ս եք գնահատում Ձեր վերընտրվելու հնարավորությունը»,- հարց ուղղեցինք Գագիկ Մաթեւոսյանին։ «Ժողովուրդը գնահատականը կտա»: Իսկ եթե չկարողանաք շեմը հաղթահարել, որեւէ ուժի հետ կոալիցիա կկազմե՞ք։ «Որեւէ առաջարկ չի եղել, Էդպիսի բան չեմ մտածել»: Ընտրությունների առումով մարտական եք տրամադրված։ «Առաջ Աստված»:
«Գործարար» կուսակցությամբ առաջադրվել է Նոր Գեղիի նախկին համայնքապետ Վարդան Պապյանը, որը տարիներ առաջ նեղսրտած էր ՔՊ-ից, հիմա կարծես բաց չի թողել հնարավորությունը եւ առաջադրվել է՝ համայնքի կառավարումը վերցնելու նպատակով: Նրան հարցրինք` Դուք պրոիշխանական թեկնածո՞ւ եք, Ստեփանավանի օրինակո՞վ եք առաջադրվել, եթե ՔՊ-ի թեկնածուն չհաղթի, ՔՊ-ն Ձեզ կսատարի՞։ «Չեմ կարող մեկնաբանել, այդ օրինակը չի կարող տարածվել բոլորի վրա: Մենք ունենք մեր ամբիցիաները ու իմ թիմը, որի հետ ես աշխատում եմ: Մեծ նպատակներ ունենք եւ ուզում ենք այդ նպատակներն իրականացնել՝ համայնքում գործարարությունը խթանել, մշակութային, քաղաքաշինական եւ էկոլոգիական խնդիրներ պետք է լուծենք, որը մեկը մյուսի հետ փոխկապակցված է»:
– Բայց Դուք ժամանակին նեղացել էիք ՔՊ-ից եւ հեռացել, այդպես չէ՞:
– Չեմ նեղվել, ուղղակի որոշել եմ դուրս գալ ՔՊ-ից, որոշել եմ չլինել ՔՊ անդամ:
– ՔՊ անդամ չեք, բայց ՔՊ-ի հե՞տ եք համագործակցում:
– Ես բոլորի հետ եմ համագործակցում, ովքեր մեր համայնքին նպաստ կբերեն: Առանձին չհամագործակցելու հարց որեւիցե մեկի հետ դրված չէ, ես դուրս չեմ եկել քաղաքականությունից, ունեմ կուսակցություն, եւ այդ կուսակցությունով ավագանիները մինչեւ օրս աշխատում են, ընդ որում՝ ես ընդդիմադիր խմբակցություն ունեմ մեր համայնքում, որը բազմաթիվ նախագծերի եւ խնդիրների հեղինակ է:
– Ընտրություններից հետո ո՞ր ուժի հետ կոալիցիա կկազմեք:
– Անկեղծ ասեմ՝ որեւիցե բան չենք քննարկել որեւէ մեկի հետ, մենք մտածում ենք, որ միայն 50+1 պետք է գնանք, կգնանք կոալիցիայի նրանց հետ, ովքեր որ մեր գաղափարները կկիսեն:
– Եղեգնաձորի դեպքին երեւի ծանոթ եք, եթե մյուս 2 ուժը հավասար արդյունք ապահովեն, եւ Ձեր քվեները որոշիչ դառնան, ո՞ր քաղաքական ուժին կտաք Ձեր քվեն:
– Այդ ժամանակ մեր թիմի հետ ես կքննարկեմ, եւ կորոշենք, թե ում պետք է աջակցենք:
– Սովորաբար, երբ առաջադրվում են, վերլուծում են քաղաքական դաշտը, կողմնորոշվում են այդ դաշտից իրենց ակնկալիքների հարցում։ Դուք ի՞նչ ակնկալիքով եք առաջադրվել: Եթե Ձեզ չհաջողվի համայնքապետ դառնալ, համայնքապետարանում որեւէ պաշտոնի ակնկալիք ունե՞ք:
– Երբ որ ես առաջադրվել եմ համայնքի ղեկավարի պաշտոնին, դրա ակնկալիքն այն է, որ պետք է լինեմ համայնքի ղեկավար: Ես չեմ կարողացել գնահատել, որ, ենթադրենք, Գագիկ Մաթեւոսյա՞նը կառաջադրվեր, թե՞ Գրիգորի Երանոսյանը, որովհետեւ իմ վերջնական նպատակը համայնքի կառավարումը վերցնելն է եւ զարգացնելը: Ի սկզբանե ես չեմ որոշել, թե ովքեր ինչ պետք է անեն ինձ համար, ենթադրենք՝ միանան մեզ: Դա սխալ է, մենք ուզում ենք կառավարումը վերցնել մեր ձեռքը, քանի որ ես մտածում եմ, որ մեր թիմն ի վիճակի է շատ լավ կառավարել համայնքը, քան մյուս 2 թեկնածուները: