«Հրապարակ»․ Երբ Անդրանիկը մտավ Նախիջեւան, ժողովուրդն ասաց` մեզ պետք չի քո պաշտպանությունը, թող գնա, մենք խաղաղության դարաշրջան ենք կերտել

«Հրապարակ»․ Երբ Անդրանիկը մտավ Նախիջեւան, ժողովուրդն ասաց` մեզ պետք չի քո պաշտպանությունը, թող գնա, մենք խաղաղության դարաշրջան ենք կերտել

Sat, 14 Nov 2026 12:45:08 +0400


Հարցազրույց բանաստեղծ Դավիթ Մշեցու հետ

– Բանտախցում մահացավ Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գեւորգյանը: Սա որերո՞րդ նմանատիպ մահն է: Եթե ընդդիմադիր ես, ուրեմն բանտո՞ւմ ես. կա՛մ կմահանաս, կա՛մ կմնաս «նստած»:

– Ամենասարսափելին գիտե՞ք որն է, Սեւակն ասում է. «Է՛հ, հայի կյանքում ինչե՛ր չեն լինում. / Վաղուց է զրկվել նա զարմանալու կարողությունից»: Մեզ համար այլեւս զարմանալու չեն, արտառոց չեն նման բաները, արդեն վերջին տարիներին այս ամենն օրինաչափ է դարձել, որը շատ ողբերգական բան է: Թող մեր պետական եւ միջազգային կառույցներն ինչ-որ բաներ ասեն, բայց սա պատահականությունների շարքին ես չեմ դասում: Ստացվում է այնպես, որ բոլոր նրանք, ովքեր հայտ կներկայացնեն թեկուզ ամենահեռավոր գյուղի համայնքապետ ընտրվելու համար եւ մի թեթեւ վտանգ կներկայացնեն, որպես օրինաչափություն, կալանավորվում են: Իհարկե, հետո իրավաբանությունը գալիս եւ ասում է, թե այս հիվանդությունն ուներ, այն բանն ուներ: Եթե ընդհանրացնենք այս մահերի շղթան` քրեական հետապնդումներ եւ արտառոց մահեր, տարբեր օրենքներով կապացուցեն, թե այսպես կամ այնպես է, բայց ես իրականությունն եմ տեսնում:

– Այս դեպքում մարդու հանցանքը ո՞րն է, որ մասնակցում է օրենքով սահմանված ընտրությունների՞ն: Նկատենք, որ ընդդիմության առաջնորդներն այսօր ԱԱԾ «պադվալներում» են:

– Իրականում ժողովրդավարության, մարդու իրավունքների շղարշի տակ մենք տեսնում ենք ամենալկտի, ամենահակամարդկային եւ ամենապիղծ գործողությունները: Ինչպե՞ս է լինում, որ մարդն ապրում է, որեւէ խնդիր չունի, քրեական անցյալ չունի, հանցագործություն չի արել, մինչեւ այն պահը, երբ թեկնածությունն է առաջադրել: Ճիշտ է, կալանավորվում են ընդդիմության կարկառուն դեմքերը, բայց, զարմանալիորեն, որպես կանոն, ամենախիստ պատիժը` հաճախ մահվան ելքով, կրում են ոչ շատ առաջավոր դեմքերը: Այստեղ ինչ-որ վտանգավոր բան եմ տեսնում: Վաղը, եթե ես Վարդենիսում համայնքապետի իմ թեկնածությունն առաջադրեմ, անպայմանորեն կհայտնվեմ բանտում, երբ որեւէ հանցանքի մեջ չեմ եղել:

– Սա՞ է ժողովրդավարության բաստիոնը:

– Դեռ Պլատոնն էր ասում, որ ժողովրդավարությունը նախանձ աղքատների իշխանությունն է: Ի վերջո, հիշենք, թե ժողովուրդն ինչպես վարվեց Սոկրատի հետ, նաեւ ժողովրդի ընտրությամբ Քրիստոսը բարձրացավ խաչ: Դառնանք մեր պատմությանը: Նժդեհը, որ ցեղասպանությունից փրկեց Սյունիքը, «Ապերախտ ժողովուրդ» հոդվածում գրում է, որ հիմա ինձ ասում ես` թող գնա, որովհետեւ թուրքն էժան չիթ է ծախում: Իսկ երբ Անդրանիկը մտավ Նախիջեւան, ժողովուրդն ասաց` մեզ պետք չի քո պաշտպանությունը, թող գնա, մենք խաղաղության դարաշրջան ենք կերտել: Ասաց` գոնե հաց տվեք զորքիս, ասացին` չունենք: Անդրանիկը դուրս եկավ, թուրքերը մտան, կոտորեցին եւ հացն էլ խլեցին: «Անլռելի զանգակատուն» պոեմում մի նուրբ դրվագ կա, Սեւակն ասում է, որ Հայաստան աշխարհի ամեն մի մասում անբան անասուն դառնալը թվաց մի մեծ արժանիք, թող կթեն, շորթեն, միայն չմորթեն: Այսինքն, այդ ամեն ինչի մեջ ժողովրդի տրամաբանությունը շատ ուղիղ համեմատական է այսօրվան: Ուզո՞ւմ են էսինչ տարածքը` տվե՛ք, ուզո՞ւմ են էսինչ գլուխը` տվե՛ք, ուզո՞ւմ են էսինչ սրբությունը` տվե՛ք, ամեն բան տվեք, մենակ չմորթեն: Բայց մենք այդ փորձն ունենք 100 տարի առաջ: Երբ այսօր էլ նայում ենք` որպես լայն ընդգրկում վերցնում ժողովրդի մոտեցումը, էդ անբան անասուն դառնալը մեծ արժանիք է դարձել: Մենակ թե չմորթվենք, թող կթեն, շորթեն, պղծեն ինքնասիրությունը, սրբությունը ոչնչացնեն, մենակ թե չմորթվենք: Իսկ արդյունքում մենք ստանալու ենք մորթվել: Թումանյանի «Հառաչանք» հայտնի պոեմում ժողովուրդն ազնվորեն ելել է չոբան Չատիին փրկելու, որ պետք է տանեն Սիբիր: Գնում են թավադի ոտքը` խնդրելու, թավադն էլ. «Հո՛ գիտեք, ասավ, ես էլ խըղճի տեր, /Չեմ ուզում ընկնեմ արինն էդ տըղի, /Դըրա խիզանը մենակ էս գիշեր /Պետք է որ գըցի տեղը էս աղի…»: Կինը պետք է գա ու քնի ռուս սպայի կողքը: Իսկ ժողովուրդն ի՞նչ արեց. գալիս են Չատիին ասում` մարդը խիղճ ունի, ի՞նչ ես ուզում, թող կնիկդ քնի ռուս սպայի հետ, դու էլ Սիբիր չես գնա: Սա Թումանյանի ժողովրդավարության պատկերացումն է: Իհարկե, Թումանյանն իր գաղափարական լուծումը տալիս է. «Բայց տըղամարդը, որ նամուս ունի, /Լավ է իմանում ինչ պատասխանի… /Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից /Կախ էին արած երեք հըրացան»:

– Նոյեմբերի 9-ին` 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին, մինչեւ ուշ գիշեր մարդկանց հոսքը չէր դադարում դեպի Եռաբլուր: Բայց իշխանավորներից որեւէ մեկը չգնաց՝ խնկարկեր մեր զոհերի հիշատակը: Կարո՞ղ էին գոնե զուտ մարդկային վերաբերմունք ցույց տալ:

– Ես ավելի քան համոզված եմ, որ իրենք շատ կուզենային գնալ, ոչ թե մարդկային բարձր նկրտումներ ունեն` դրա համար, այլ առաջիկայում իրենց ինչ-որ բաներ են պետք, Սահմանադրություն են ուզում փոխել եւ այլն, որպեսզի այդ քծնանքը լիներ: Բայց իրենց ուղղակի թույլ չեն տալիս: Էն ուժերը, որ իրենց բերել են իշխանության, ականջները կկտրեին, եթե հանկարծ որեւէ մեկը համարձակվեր գնալ Եռաբլուր: Ջնջել են հիշողության բոլոր էջերը: Սեւակն ասում էր` անհնար է քերել գույնը վարդից, արյունը` սրտից, դրանք էդ էլ են արել: Մեր հիշողության, ազգային ինքնության հետ կապված` ե՛ւ գույնն են վարդից քերում, ե՛ւ արյունը` սրտից: Հետեւապես, իրենք շատ կուզեին շոուի համար գնալ, բայց իրենց ականջները կկտրեին, եթե հանկարծ փորձեին հայտնվել այնտեղ, թե՛ հաղթանակի օր նշելու, թե՛ ողբերգության տարելիցին հարգանքի տուրք մատուցելու: Դրա համար էլ իրենք չեն համարձակվում, չեն գնում, որովհետեւ դա նույնը կլիներ, որ Ալիեւը հանկարծ գար ու գնար Եռաբլուր՝ սգալու: Շատ ուղիղ եմ ասում՝ դա անհնար է, ուղղակի իրենց թույլ չեն տա:

– Այս 6 տարիներն ինչպե՞ս բնորոշենք՝ կորստի՞ ժամանակ էր, թե՞ ամրանալու` ինչպես իշխանությունն է ասում:

– Շատ անկեղծ կասեմ՝ էս 6 տարիները բերքահավաքի ժամանակ էին: Էն տարիներն էին, որ մեր արտը ցանել էինք որում եւ զարմանալիորեն ուզում էինք սրսուռ ցորեն հավաքել: Որոմ հավաքելու ժամանակն էր: Էս 6 տարիները ուղիղ, լիարժեքորեն էն բերքահավաքն էր, որը ցանել էինք նախորդող 100-ամյակներում, գուցե 1000-ամյակներում եւ հատկապես այս վերջին 30 տարում: Էս մարդիկ էն մշակութային, քաղաքական, քաղաքակրթական «արժեքների» արդյունքն են, որը մեր անկախության շրջանից սկսեց սերմանվել: Լեւոն Խեչոյանը, պատերազմի մասնակից եւ փառահեղ գրող, իր «Դատախազի թաղումը» պատմվածքի մեջ ասում է, որ, ճիշտ է, մենք հաղթեցինք, բայց չանցած 2-3 տասնամյակ` սա հերթական պարտությամբ ու ցեղասպանությամբ է ավարտվելու, որովհետեւ մենք հերթական անգամ ազգային գաղափարախոսությունը նպատակ չդրեցինք էս հաղթանակի մեջ: Եվ մենք ինչ ցանել ենք էս 6-8 տարիների մեջ, հիմա ուղիղ էդ բերքն ենք հավաքում:

– Ընդդիմադիր 13 քաղաքական ուժ միավորվեցին, միասնական հայտարարությամբ հանդես եկան: Հիմնական շեշտադրումն է` թույլ չտան, որ Ալիեւի պարտադրած սահմանադրությունն ընդունվի Հայաստանում: Այդ միավորումը հույս ներշնչո՞ւմ է, որ, ի վերջո, կկարողանանք կասեցնել փաշինյանական զիջումների «հաղթարշավը»:

– Էլի անկեղծ պետք է ասեմ` ինձ չէ: Ես կուզեի, որ ընդդիմությունը միանար էն ժամանակ, երբ Արցախ էր վաճառվում: Էդ ժամանակ չեղավ, չմիացան, երբ շատերը գիտեին, որ պատերազմ է լինելու եւ ինչով է ավարտվելու: Այս վերջին 6 տարիների արդյունքում ստացվում է, որ ամեն անգամ, երբ հայրենավաճառության, ինքնության վաճառքի գործարք է գնում, ընդդիմության քայլերը, մեղմ ասած, լեգիտիմացնում են դրանք: Ցույցեր են անում, որ կիսատ են մնում, խորհրդարան են գնում, չգիտեմ ինչ են անում, արդյունքում վավերականանում է: Մենք ընդդիմության ցույցեր ենք տեսել. ունենալ 100-120 հազար մարդ ու գնալ տո՞ւն, ունենալ 70-80 հազար մարդ ու գնալ տո՞ւն: Էս ամենամեծ խնդիրն է` ժողովրդին հանել ու տուն ուղարկելը, դրա պատասխանն ո՞վ պիտի տա:

– Եթե մենք կուլ ենք գնում, զիջում ենք, ընդունում ենք ալիեւյան սահմանադրությունը, ի՞նչ է սպառնում մեր պետությանն ու պետականությանը:

– Իմ համոզմամբ` չենք զիջում, որովհետեւ զիջում են այն, ինչ ունեն, ինչի ընկալումն ունեն: Մենք ունե՞նք մեր հայրենիքի ընկալումը, անկեղծ լինենք՝ ունե՞նք մեր պետականության ընկալումը, մեր սրբությունների ընկալումը: Մենք չունենք այդ ամենի ընկալումը, մենք մեզ չենք ճանաչում: Մենք իրապես փառահեղ ազգ ենք, դեռ հին աղբյուրներից եկող եւ գրականության մեջ եղած բնութագրերը պատահական չեն, բայց մենք դրա տերը չենք: Հետեւապես, պիտի ունենանք, որ զիջենք:

– Հայավարի լռում-լռում ու պայթո՞ւմ ենք, հիմա լռելու շրջանն է, ու վաղը պայթելո՞ւ ենք:

– Երբ պատերազմը եղավ, շատ փառահեղ ընկերներ եմ կորցրել, գուցե մեղավոր հնչի, բայց մտածում էի, որ գոնե էս կորուստներից հետո, որ մեր էսքան լկտիությանը, մեր հենցընենցությանը, թշվառ գոյաձեւին ապտակ էր, եւ մենք կսթափվենք: Բայց էդ էլ չեղավ, երբ պատերազմից հետո էդ արթնացումը չեղավ, էդ խայտառակությունից, էդքան կորուստներից ու ողբերգությունից հետո չեղավ, չեմ կարծում, որ հիմա պայթյուն կլինի: Հիմքեր չեմ տեսնում: Որովհետեւ էն 1-2 արտառոց բացառությունները հանած` մնացածը հարմարվել են, 100 տարի առաջվա անբան անասուն դառնալը մեծ արժանիք են համարում իրենց համար, մենակ ողջ մնան: Իսկ մարդը, երբ ուզում է ողջ մնա ցանկացած գնով` ինքնասիրության, արժանապատվության, էդ մարդու մոտ պայթյուն չի կարող լինել:

– Փաշինյանն Արցախի կապիտուլյացիան ստորագրեց, հիմա Ալիեւը պարտադրում է Հայաստանի՞ կապիտուլյացիան ստորագրել:

– Բայց արդեն ստորագրել է, մեր խնդիրն այն է, որ չենք ուզում տեսնել իրողություններ, որոնք արդեն իսկ կան: Արարատ Միրզոյանն ասում է` այո՛, սահմանադրությունը չփոխենք, խաղաղություն չի լինելու, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է` չէ, Ալիեւը կապ չունի դրա հետ: Չենք հասկանում, որ մեր երկրում բոլոր հարցերը լուծվում են դրսի պարտադրանքով: Նույն Մեղրիի անունն ուզում եք դրեք կածան, արահետ, վերջին հաշվով, դա քո ինքնիշխանության զիջումն է, դու այդտեղ տեր չես: Հենց հիմա մենք այստեղ՝ Երեւանի կենտրոնում նստած, կապիտուլյացիայի մեջ ենք: Պարտադիր պիտի թղթի վրա ստորագրվի՞:

– Իմ առջեւ դրված է Ձեր գիրքը`«Ճահիճ եւ փրկություն» վերնագրով: Ճահճից փրկություն կարո՞ղ ենք ունենալ:

– Լիարժեքորեն: Ավելի քան վստահ եմ: Հայ մարդուն ավելի բան պետք չէ, ընդամենը պետք է անկեղծ ասեն` ինքն ով է: Հայ մարդը նման է մի կոտորված արքայատան երեխու, որին մուրացկանները գտել են, պահել, եւ ինքը մեծանում է մուրացկանի կենցաղավարությամբ: Դավիթը ժանգոտ զենքով գնում էր կռիվ, մինչեւ պառավն ասեց` հորդ Թուր Կեծակին, Քուռկիկ Ջալալին կա: Քանի դեռ մեզ չեն ասել` որտեղ են էդ զենքերը պահված, մենք գետնաքարշ զիջելով գնալու ենք: Լորենս Արաբացին ասում էր, որ բավական է հայ ժողովուրդը մի սերունդ ազգային իշխանություն ունենա, աշխարհին տիրանալու հայտ կներկայացնի: Բավական է, որ մի սերունդ ինքնաճանաչ մարդիկ գան իշխանության, ու մենք որեւէ խնդիր չենք ունենա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բանկերը չեն կատարում «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված գործարքները

Բանկերը չեն կատարում «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված գործարքները Sun, 15 Nov 2026 15:30:16 +0400 Բանկերը…

4 րոպե ago

Կոչ է արել պաշտպանել կինոգործիչներին՝ արհեստական բանականության ստեղծած ռիսկերից

Կոչ է արել պաշտպանել կինոգործիչներին՝ արհեստական բանականության ստեղծած ռիսկերից Sun, 15 Nov 2026 15:15:23 +0400…

19 րոպե ago

Ուրանի հարստացման հարցը չեն քննարկում

Ուրանի հարստացման հարցը չեն քննարկում Sun, 15 Nov 2026 15:00:03 +0400 Իրանն ու Միացյալ Նահանգները…

34 րոպե ago

Դեմ ենք ալիևյան սահմանադրությանը․ ԱԺ պատգամավորները իրազեկման ակցիա են իրականացրել Երևանում

Դեմ ենք ալիևյան սահմանադրությանը․ ԱԺ պատգամավորները իրազեկման ակցիա են իրականացրել Երևանում Sun, 15 Nov 2026…

41 րոպե ago

Ժողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ Ղազինյան

Ժողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ Ղազինյան Sun, 15 Nov…

50 րոպե ago

Իրանում զոհերի թիվն աճում է

Իրանում զոհերի թիվն աճում է Sun, 15 Nov 2026 14:30:45 +0400 Իրանի արևմուտքում տեղի ունեցած…

1 ժամ ago