Չորս հագեցած տուրիստական ամիս

Չորս հագեցած տուրիստական ամիս

Sat, 14 Nov 2026 14:45:11 +0400


ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ սեր ունի ճամփորդելու հանդեպ: Դա կարելի էր ողջունել, եթե ՀՀ «հերոս» հարկատուների վճարած հարկերով ճամփորդող Փաշինյանը Հայաստանի համար օգտակար ձեռքբերումներով վերադառնար Հայաստան, սակայն դրանք հիմնականում կամ անարդյունք են, կամ էլ հակառակը՝ նոր կորուստներ ու ցնցումներ են բերում: «Հրապարակը» որոշեց ընթերցողներին ներկայացնել, թե Փաշինյանը 2026 թվական խորհրդարանական ընտրություններից հետո` ընդամենը 4 ամսում օրս ո՞ւր է այցելել, ինչ միջոցառումների է մասնակցել:

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանից դուրս առաջին այցելությունը Փաշինյանը կատարել է դեպի Իրան: 2026 թվականի հուլիսի 3-ին Փաշինյանն աշխատանքային այցով Իրան էր գնացել՝ Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Նաև Թեհրանի Մոսալլահ մզկիթում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը: Իսկ արդեն հուլիսի 6-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Եկատերինբուրգ, որտեղ մասնակցել է «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին: Նույն օրը տեղի է ունեցել Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

Օգոստոսի 6-ին Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Չոլպոն-Ատայում կայանալու էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը: նույն քաղաքում էլ հաջորդ օրը՝ օգոտսոսի 7-ին տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Փաշինյանը ևս մեկ անգամ Ղրղզստան է մեկնել օգոստոսի 31-ին՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:Այցի ընթացքում նա հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բիշքեքում Փաշինյանը ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Սեպտեմբերի 1-ին էլ Բիշքեքում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով: Նույն օրը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման շրջանակում կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ:

Ամենառանցքային ու կարևոր հանդիպումը թերևս սեպտեմբերի մեկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի հանդիպումն էր: Պուտինը ևս մեկ անգամ հանգամանորեն ներկակայացրել էր ԵԱՏմ-ի կազմում հայաստանի ունեցած առավելությունների, գրանցած արդյունքների մասին:

Պուտինն անդրադարձել էր նաև Փաշինյանի՝ իբրև թե ԵՄ-ին անդամակցելու գործընթացին.« Դուք լավ գիտեք Ռուսաստանի դիրքորոշումը. Հայաստանի՝ ԵՄ-ին ձգտելը երկրի և ժողովրդի բնական, օրինական իրավունքն է։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն է որոշելու իր զարգացման ուղղությունը։ Սակայն դա, անշուշտ, դժվարություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել Հանրապետության առավելությունները Եվրասիական տնտեսական միության շուկայում և խզել ձևավորված առևտրային շղթաները»:

Սեպտեմբերի 9-ին էլ Փաշինյանը մեկնեց Ֆրանսիա, Փարիզ՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:Նույն օրը Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Էմանուել Մակրոնին: Երկու ղեկավարները անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և կարևորել այսպես կոչվաշ խաղաղության գործընթացը:

Հաջորդ օրը՝ սեօտեմբերի 10-ին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին ՀՀ վարչապետի պատոնը զբաղեցնող Փաշինյանը հայտարարել է.«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ»: Հուզիչ է, ինչ խոսք:

Սեպտեմբերի 18-ին Փաշինյանը մեկնել է Գերմանիա՝ Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հեսսեյան Խաղաղության մրցանակը ստանալու: Խորհրդարանի մուտքի մոտ վարչապետին դիմավորել են Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանի փոխնախագահ Դանիելա Սոմմերը և «Ալբերտ Օսվալդ» հիմնադրամի հանձնաժողովի խորհրդի նախագահ Կարլ Շթարցախերը: Ի դեպ, մրցանակի հետ Փաշինյանին տրվել է նաև 25,000 եվրո: Այստեղ էլ Փաշինյանը չի մոռացել հիշատակել «իր սրտի Ադրբեջանին ու ադրբեջանցիներին.« Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան»:

Նույն օրը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի մի խումբ գործարարների հետ: իսկ արդեն սեպտեմբերի 22-25-ը Փաշինյանը աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում էր, որտեղ Նյու Յորքում մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին:Այնտեղ սեպտեմբերի 23-ին նա հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ: Փաշինյանը ՄԱԿ-ի գագաթնաժողովի ընթացքում հասցրել է հանդիպումներ ունենալ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի , Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի, Թաիլանդի Թագավորության վարչապետ Անութին Չարնվիրակուլի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, հակահայկական հայտարարություններ անող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի , Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Առանցքային էր հանդիպումը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որի ժամանալ ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման կարևորությունը:

Հոկտեմբերի 10-ին էլ Փաշինյանը կրկին մեկնել է Թուրքմենիստան՝ Թուրքմենբաշիում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:Նույն օրը նա առանձնազրույց է ունեցել առանձնազրույցը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ, իսկ Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ հանդիպել է հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9-ին:
Նոյմբերի 3-ին Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որի խորագիրն էր Եվրոպայի ապագան:

Հիշեցնենք, որ այս համաժողովը կազմակերպվել էր մասնավոր հեռուստըանկերության կողմից և որևէ կերպ կապ չուներ Եվրամիության որևէ պետական ինստիտուտի հետ: Հատկանշանակն է, որ իշխանությունները փորձեցին այնպես հանրությանը ներկայացնել այս միջոցառումը, իբրև թե այն ԵՄ-ի կողմից կազմակերպված էր: Այնինչ, ԵՄ Ընդլայնման հարցերով հանձնաժողովի կազմակերպած գագաթնաժողովին Փաշինյանին չէին հրավիրել: Այս այցի թերևս միակ աչքի ընկնող հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի հետ էր: Հենց այս գագաթնաժողովի ժամանակ է Փաշինյանւ հայտարարեց, որ մինչև 2028 թվականը ԵՄ-ին անդամակցելու դիմում կներկայացնեն:

Նոյեմբերի 10-ին էլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին: Նույն օրը նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին. հանդիպման ժամանակ քննարկել են այաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացին և ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքին առնչվող թեմաներ:
Դե իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին մեկնել է Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին: Հատկանշանական է, որ օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը:

Նույն օրը՝ նոյեմբերի 11-ին Մոսկվայում ՀԱՊԿ նիստն էր, որի ժամանակ որոշվեց Հայաստանին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից: Այնինչ, Փաշինյանը նախընտրեց մեկնել Թուրքիա, որտեղ գագաթնաժողովի ընդմիջման ժամանակ արմուդով թեյ էր խմում՝ շատերի գնահատմամբ` նմանակելով նախօրեին բռնազավթված Շուշիում թեյ խմող Ալիևին: Անթալիայում Փաշինյանը կրկին հանդիպել է Իրանի նախագահին, Չեռնոգորիայի նախագահին և բնականաբար Էրդողանին: Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զրագացումների շուրջ, Փաշինյանը շտապել է ցավակցել Էրդողանին՝ Իզմիրի մետաղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ:

Իսկ արդեն նոյեմբերի 12-ին Փաշինյանը մեկնել է Իռլանդիայի Հանրապետություն՝ Դուբլին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին: Այս այցի ամենաառանցքային հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիևի հետ էր, որը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին: Այս հանդիպման ամենամտահոգիչ կետերից էր շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծման մասին դրույթները:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ֆուտբոլիստն ամուսնալուծվել է

Հայտնի ֆուտբոլիստն ամուսնալուծվել է Sun, 15 Nov 2026 16:00:05 +0400 Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Դանի Ալվեստը,…

13 րոպե ago

Ջեյմս Բոնդի նոր դերակատարը հայտնի է

Ջեյմս Բոնդի նոր դերակատարը հայտնի է Sun, 15 Nov 2026 15:45:58 +0400 Amazon MGM ստուդիան…

27 րոպե ago

Բանկերը չեն կատարում «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված գործարքները

Բանկերը չեն կատարում «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված գործարքները Sun, 15 Nov 2026 15:30:16 +0400 Բանկերը…

43 րոպե ago

Կոչ է արել պաշտպանել կինոգործիչներին՝ արհեստական բանականության ստեղծած ռիսկերից

Կոչ է արել պաշտպանել կինոգործիչներին՝ արհեստական բանականության ստեղծած ռիսկերից Sun, 15 Nov 2026 15:15:23 +0400…

58 րոպե ago

Ուրանի հարստացման հարցը չեն քննարկում

Ուրանի հարստացման հարցը չեն քննարկում Sun, 15 Nov 2026 15:00:03 +0400 Իրանն ու Միացյալ Նահանգները…

1 ժամ ago

Դեմ ենք ալիևյան սահմանադրությանը․ ԱԺ պատգամավորները իրազեկման ակցիա են իրականացրել Երևանում

Դեմ ենք ալիևյան սահմանադրությանը․ ԱԺ պատգամավորները իրազեկման ակցիա են իրականացրել Երևանում Sun, 15 Nov 2026…

1 ժամ ago