Որեւէ մեկին չենք պատրաստվում միանալ, մենք ձնագնդիկի էֆեկտով մեծացել ենք
Sat, 14 Nov 2026 21:15:24 +0400
Երեկ ԿԸՀ-ն տեղեկացրեց, որ թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կայացած նիստում սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում՝ հայցադիմումով դիմել վարչական դատարան՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի համամասնական ընտրակարգով 2026 թվականի նոյեմբերի 29-ի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։
ԸԸՀ-ի կողմից նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել «Բարոյական արժեքներ» կուսակցության անդամների շուրջ ծավալված իրադարձությունները։ Մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, 8 բնակավայրերի վարչական ղեկավարներ (Հարթագյուղ, Քարաձոր, Արևաշող, Մեծ Պարնի, Լեռնանցք, Գոգարան, Խնկոյան, Սարալանջ) և համայնքապետարանի 6 աշխատակից, իսկ ցուցակը գլխավորում է համյանքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը ։
«Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվել են համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը և 6 բնակավայրի վարչական ղեկավար (Կաթնաջուր, Սարամեջ, Շենավան, Լուսաղբյուր, Սարահարթ, Արջահովիտ): Նիկողոսյանը հոկտեմբերի 29-ի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատել է համայնքի ղեկավարի տեղակալ, «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու, Հովիկ Հրաչի Հովհաննիսյանին։ Ընդ որում՝ Հովիկ Հովհաննիսյանը գտնվել է արձակուրդում, ինչը աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելք է։ Այս որոշման մեջ որևէ պատճառաբանություն նշված չէ և պահպանված չեն ծանուցման ժամկետները։ Ավագանու թեկնածուների գրանցման օրը՝ հոկտեմբերի 30-ին, Նիկողոսյանը որոշում է կայացրել զբաղեցած պաշտոնից ազատել նաև «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներ Կաթնաջուր բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Պապոյանին, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանին և Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Փիլոյանին։ Այս որոշումները նույնպես չեն պարունակում փաստական հիմավորումներ։ Բացի այդ՝ Քաջայր Նիկողոսյանը հոկտեմբերի 30-ին գրություն է ուղարկել համայնքի վարչական ղեկավարներին առ այն, որ նրանք ձեռնպահ մնան արձակուրդներից առաջիկա մեկ ամսում՝ աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու անխափան ընթացքն ապահովելու նպատակով։
Մեզ հետ զրույցում Շենավան բնակավայրի վարչական ղեկավար Մխիթար Մխիթարյանը նշեց, որ այսօր էլ Քաջայր Նիկողոսյանը քարոզարշավ է իրականացնում, որի շրջանակներում եղել է Շենավան, Շիրակամուտ եւ Լուսաղբյուր բնակավայրերում։
«Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակը գլխավորող Համլետ Մազմանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԸԸՀ-ի վարչական դատարան դիմելու որոշումը օրենքի շրջանակներում է, քանի որ համայնքապետի կողմից վարչական լծակի կիրառմամբ անհավասար պայմաններ են ստեղծվել մրցակիցների համար։ «Մեր ցուցակի այն անդամները, ովքեր պետական գրանցված աշխատողներ են իրենք էլ պիտի իրենց դիրքում մնային եւ այս պրոցեսի մեջ ըստ այդմ առաջնորդվեին, եթե ընտրությունների ժամանակ կհաղթեր Քաջայր Նիկողոսյանը, ինչ խոսք, կշնորհավորեինք, կանցնեինք մեր գործերին, բայց քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվում, ինձ թվում է, որ մեր իրավապահ մարմինները կոնկրետ անելիք ունեն։ Ողջունում եմ ԸԸՀ-ի որոշումը, բայց այսքանով չեմ բավարարվում, այնտեղ դատարանը որոշում է կայացնելու։ Ամեն դեպքում եթե վատագույնը մտածենք ու ինքը մնա որպես թեկնածու, մենք խնդիր չենք տեսնում, մենք կարող ենք ընտրապայքարի միջոցով ջախջախիչ հաղթանակ տանել։ Այդ ալիքը մենք տեսնում ենք, իսկ իրենց կողմից այդ գործողությունները որակում ենք որպես վախի դրսեւորում, իրենց մոտ խուճապային վիճակ է, դրա համար մարդիկ սկսել են մեր կուսակիցներին աշխատանքից ազատելը, բայց ինչքան կարող են ազատել, հո ամբողջ համայնքին աշխատանքից չեն ազատելու, լավ, բա էն մարդիկ, ովքեր չեն աշխատում, իրենց ինչ են անելու»,- ասաց Մազմանյանը։
Անդրադառնալով Քաջայր Նիկողոսյանի կողմից այսօր իրականացված քարոզարշավին, երբ նրա մասնակցությունը ընտրություններին անորոշ է՝ Մազմանյանը նշեց․ «Ես հույս ունեմ, որ մեր հարգարժան դատարանը հաշվի կառնի նաեւ այդ իրավիճակը, երբ մարդը առանց իմանալու դատարանը ինչ որոշում է կայացնելու, վստահաբար քարոզարշավ է իրականացնելու։ Ամեն դեպքում թող անի, ոնց որ իրենք են մեզ խոչընդոտում, մենք չենք պատրաստվում իրենց նման նույնակերպ մտածենք»։
Հարցին՝ ընտրության ելքից կախված՝ հնարավո՞ր է Քաղպայմանագրի հետ դաշինք կազմեն՝ Ստեփանավանի սցենարով՝ Մազմանյանը պատասխանեց․ «Մենք առաջադրվել ենք «Բարոյական արժեքներ» կուսակցությունով, պաշտոնապես հայտարարում եմ Քաջայր Նիկողոսյանի հետ որեւէ բանակցություն չի եղել, պաշտոնապես հայտարարում եմ բանակցություններ չեն լինելու, իր հետ բոլոր տիպի համագործակցության եզրերը դեռեւս չորս տարի առաջ փակել ենք, մեր արանքում բոլոր կամուրջները այրված են, բայց եթե մեզ հետ կուզենան համագործակցել մեր մրցակից ուժերի ավագանու անդամները, մենք չենք բացառում, քանի որ վստահաբար մենք առաջատարն ենք, այդ մասին գրում է մամուլը, խոսում են Սպիտակ համայնքի բնակիչները։ Եթե հարցը հասնի նրան, որ մենք ինչ որ թիմի ավագանու հետ միավորվելու խնդիր ունենանք, խնդրեմ, որ ավագանու անդամը մի քիչ ճկուն գտնվի, մեր հետ շուտ բանակցի, մենք իր հետ էլ կբանակցենք, բայց այս տեմպով ես չեմ կարծում, որ կոալիցիայի հարց կարող է առաջանալ»։
Ճշտող հարցին՝ բացառում է, որ իր կուսակցությունը ՔՊ-ին կմիանա, բայց եթե օրինակ ՔՊ-ն առաջարկի կոալիցիա կազմել, իրենք կգնան գործարքի՝ Մազմանյանը արձագանքեց․ «Մենք Սպիտակ համայնքում ենք բնակվում, մեզ մրցակից բոլոր ուժերի շարքերում էլ կան մեր ընկերներ, բարեկամներ, որոնց հետ մենք շարունակելու ենք բնակվել այս համայնքում, եւ մեր առաջնային խնդիրը Սպիտակ համայնքի զարգացումն է, միգուցե իրենց հետ եզրեր գտնենք եւ այդ մարդիկ ուզենան միանան մեզ, բայց մենք որեւէ մեկին չենք պատրաստվում միանալ, դա ի սկզբանե բացառվել է, առավել եւս բացառվում է այս փուլում, երբ մենք ձնագնդիկի էֆեկտով մեծացել ենք, մեր քարոզարշավը վերածվել է հաղթարշավի»։
Համլետ Մազմանյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ ինքը եղել է ՔՊ կուսակցության անդամ․ «Ես եղել եմ կուսակցության անդամ, բայց ինձ 2023թ-ի հունվարի վերջին հեռացրել են կուսակցությունից։ Մեր խնդիրները առաջացել են նույն համայնքի ղեկավարի հետ համակարծիք չլինելու, խնդիրների մասին բարձրաձայնելու պատճառով»։
Ի դեպ, ի աջակցություն իրենց կուսակցի, այսօր քարոզարշավին միացել են նաեւ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռոման Համբարձումյանը, Նոնա Հովհաննիսյանը, Հասմիկ Հակոբյանը։