Անխելք ժողովուրդ․ Աշոտ Հովսեփյան

Անխելք ժողովուրդ․ Աշոտ Հովսեփյան

Sat, 14 Nov 2026 22:45:05 +0400


ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ» ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ՝ ԲՆԱԲԱՆՈՎ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱԲԱՆՈՎ)

Թեպետև Աստծո գոյությունը տարբեր մեկնաբանություններ ունի, և ամեն մեկն իր Աստվածն «ունի», Աստծո՝ իր «ընկալումը», մինչդեռ Աստված մի է, և իրական մի թշնամի ունի՝ սատանան, ու մի տարակույս՝ իր արարածոց հավաքական անմտությունը:

Ա.Հ.

Ժուկով-ժամանակով մի հնամյա, բայց անխելք ժողովուրդ կար: Չէ՜, ի սկզբանե էդ ժողովուրդն անխելք չէր, կամ՝ այնքան էլ անխելք չէր: Նույնիսկ մի քիչ էլ խորամանկ էր, ավելի ճիշտ՝ խորամանկի համարում ուներ: Որոշ հարևանների մոտ: Բայց էս հնամյա ժողովրդի մոտ, ու հենց դա էլ եղել է նրա հիմնական անխելքությունը, թե գովելի է համարվել էն, որ երբեք չի ճնշել մեկ ուրիշ ազգի, ու ոչ ոք չի տուժել զարկից իր բազկի, այլ գերել է լոկ իր գրքերով, ու տիրել՝ իր ճոխ ձիրքերով, ուշադրություն գրավել՝ իր ընդարձակ տարածքներով ու բերրի հողերով, իր հրաշակերտ արարումներով, ու միշտ գոյամարտեր է մղել` գրեթե բոլոր իր ազատամարտերը վերածելով գոյամարտերի, այլև դրանց` ո՛չ ավել, ո՛չ պակաս` ազգային ու պատմական անանց արժեքների համարում վերագրել… այլևս անդառնալիորեն: Հը՜մ, ծայրահեղությո՛ւն։ Թերևս ինքն էլ բնավ դեմ չէր լինի, որ իր բազմաչարչար պատմական անցյալն իրականում փառահեղ լիներ, ու ոչ թե հերոսության՝ սոսկ դրվագային էջեր արձանագրվեին։ Ու որ ո՛չ միայն բարոյական հաղթանակներ լոկ տոներ, այլ նաև՝ շոշափելի նվաճումներ արձանագրեր: Սակայն, ավա՜ղ։ Է՛լ չասած, որ երբեմն, ավելի ստույգ՝ շատ հաճախ, հերոսական ջանքերով՝ դժվարությամբ ու մեծ կորուստների գնով ձեռք բերած իրապես առարկայական, շոշափելի հաղթանակներից հետո՝ միառժամանակ անց վերցնում ու դժվարին էդ հաղթանակների արդյունքում արժանիորեն վաստակած թանկ պտուղներն իր կոտրած ձեռքով քոռուփուչ էր անում, շանուգիլու բաժին դարձնում: Իսկ նման դեպքերում հետևանքը միշտ լինում էր «Մի քայլ առաջ, երկու քայլ ետ» խեղանդամ տրամաբանությամբ: Ու էդ ամենն արվում էր` չգիտես` միտումնավո՞ր, թե՞ միամտաբար` բնավ հաշվի չառնելով շատ կարևոր ու ցավալի մի հանգամանք, որ էդ պարագայում հանկարծ ու, մեկ էլ տեսար, երկիրը շագրենի կաշվի պես տասնապատիկ կռկեց: Հա՜, դե որովհետև էդ ժողովուրդն այդպես էլ երբեք չճնշեց մեկ ուրիշ ազգի, երբեք ոչ ոք չտուժեց զարկից իր բազկի, փոխարենը` միշտ ինքն էր տուժում ավարառու բազում քոչվորների արշավանքներից, որոնք հետո դառնում էին իրեն հարևան ու… նենգ ոսոխ՝ բացառիկ չար ու չարակամ: Եվ՝ էլի… անդառնալիորեն։

Եվ այդպես էլ, ահավասի՛կ, իր երկիրն իրապես փոքրանում էր` մաս-մաս տարածքներ զիջելով ու կորցնելով։ Մտածում էր երևի` աշխարհը մեծ է, ու զիջում էր։ Ով ու երբ եկել էր իր տուն` իբրև «հյուր», իսկ ավելի առարկայական՝ վայրենաբարո ներխուժել, ինքը բարեհոգաբար ընդունել էր, հավուր պատշաճի հյուրընկալել։ Հետո դրանք՝ «հյուրերը» բազմացել են, շատվոր դարձել, ապա, իբրև հյուրընկալ` հենց իր կողմից էդ եկվորներին անմտաբար ընծայած իր հողը դրանք քիչ են համարել, իր ունեցածն իրենից խլել են, ու ինքն էլ հանդուրժել էր։ Ու՝ մինչ էսօր։ Դե՜, միշտ էլ Աստծո տվածը երևի շատ էր համարել, ու մեծ մեղք գործել։ Թեպետ, ինչո՞ւ թաքցնել, հաճախ, ավելի ստույգ՝ երբեմն էլ կռվել էր, պայքարել, բայց միշտ չէ, որ հաջողել էր դուրս շպրտել զավթիչներին իր երկրից, ազատագրել իր երկրի կորցրած տարածքների մի մասը, որովհետև մինչև դաշույնի սուր շեղբը ոսկորներին չէր հասնում, չէր փորձում էդ խոցված մարմնով կռվի բռնվել, որ մի ծաղկով գարուն բերեր, բայց դարձյալ՝ միշտ չէ, որ հաջողում էր: Եվ այդպես անդադար` օրեցօր ու տարեցտարի, տասնամյակներ ու դարեր շարունակ։ Ի հետևանս՝ դարեդար կորցրել էր: Ու կորցրել էր իր լույս երկրի մեծ մասը, շագրենի կաշվի պես կռկել տասնապատիկ: Ավելի՝ քան տասնապատիկ…

Սակայն, շատ դարեր անց՝ տեսնելով, որ որքան ջանում էր, որքան չարչարվում, դարձյալ միևնույն տուժողն էր մնում, թեպետ որոշ հարևանների մոտ դեռ խորամանկի համարում ուներ… մի օր էլ վճիռ է հատանում, այսինքն՝ որոշում է կայացնում: Ու հուսահատված՝ էդ օրը վեր է կենում, թե՝ պիտի գնամ ու գտնեմ Աստծուն, տեսնեմ` ես ե՞րբ պիտի պրծնեմ էս կորուստներից, ու փոխարենը՝ մի բան խնդրեմ իմ երկրի և ինձ համար…

Ճանապարհ է ընկնում և առաջինը պատահում հազար տարի առաջ իր երկիր ներխուժած քոչվոր հարևաններից մեկին՝ սերված գայլացեղից.
― Առաջ բարի, էրմանի գառդաշ, ո՞ւր ես գնում,― հարցնում է գայլացեղից սերված էդ հարևանը։
― Գնում եմ Աստծու մոտ,― պատասխանում է հուսահատվածը,― դարդ ունեմ ասելու։ Գնում եմ՝ ասեմ, թե ինչքա՜ն տանջվում եմ, ինչքա՜ն չարչարվում, էլի չեմ կարողանում երկիրս բարվոք պահել, երկրիս ու ժողովրդիս անվտանգությունն ապահովել, հպատակներիս կուշտ փորով կերակրել, իսկ շատերը՝ քեզ նման, որ իմ կեսի չափ էլ չկան, գալիս ու տունս են մտնում, ունեցածս խլում, ինձ թալանում են, հարուստ ու հանգիստ ապրում են:
― Դե որ գնաս Աստծու մոտ,― պատվիրում է գայլացեղից սերված էդ հարևանը,― ասա հավերժորեն սոված, ագահ, անկուշտ, աչքածակ մի հարևան ունեմ, գիշեր-ցերեկ սարուձոր, հանդուչոլ ման ա գալիս, բայց թալանելու նոր երկիր չի գտնում, որ խլի տերերից ու կցմցի նախկինում զավթածին, որ արդեն իրեն համար վաթան է դարձրել: Մինչ օրս ինչ խլել՝ խլել է, ու խլելու նոր բան չի գտնում: Ուրեմն Աստծուն ասա՝ մինչև ե՞րբ ըտենց անարդյունք պետք ա մնա, թե որ ստեղծել ես՝ ինչո՞ւ պատշաճ տիրություն չես անում, ինչո՞ւ նոր ավար չես հասցնում։
― Լա՛վ,― համաձայնում է հուսահատված ճամփորդն ու շարունակում իր ճանապարհը։
Շատ է գնո՞ւմ, թե՞ քիչ, պատահում է մի գորշ արջի՝ ծուռթաթ, որ մի երկու հարյուր տարի առաջ էր իր երկիր եկել։
― Ո՞ւր ես գնում, ճամփորդ ախպեր,― հարցնում է ծուռթաթը։
― Գնում եմ Աստծու մոտ։ Գնում եմ՝ ասեմ, թե ինչքա՜ն տանջվում եմ, ինչքա՜ն չարչարվում, էլի չեմ կարողանում երկիրս բարվոք պահել, երկրիս ու ժողովրդիս անվտանգությունն ապահովել, կուշտ փորով կերակրել հպատակներիս, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չկան, գալիս ու տունս են մտնում, ունեցածս խլում, ինձ թալանում են, հարուստ ու հանգիստ ապրում են:
― Երբ որ Աստծուն տեսնես,― աղաչում է գորշ արջը,― ասա՛, այսպիսի մի արջ կա՝ ջահել, առողջ, ուժեղ ու հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։
― Կասեմ,― խոստանում է ճամփորդն ու գնում:
Գնում է, գնում, պատահում է մի մեծ անտառի, որ թեև ջրի ափին էր տարածված, բայց չորացած էր, ամայացած։
― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― լեզու առնելով՝ հարցնում է չորացած ու ամայացած անտառը։
― Գնում եմ Աստծու մոտ։ Գնում եմ՝ ասեմ, թե ինչքա՜ն տանջվում եմ, ինչքա՜ն չարչարվում, էլի չեմ կարողանում երկիրս բարվոք պահել, երկրիս ու ժողովրդիս անվտանգությունն ապահովել, կուշտ փորով կերակրել հպատակներիս, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չկան, գալիս ու տունս են մտնում, ունեցածս խլում, ինձ թալանում են, հարուստ ու հանգիստ ապրում են:
― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― թախանձագին խնդրում է չորացած-ամայացած անտառն ու շարունակում,― երբ Աստծուն տեսնես, կասես՝ էս ի՞նչ բան է, բուսել ու տարածվել եմ պարզկա ջրերի ափին, բայց ամառ-ձմեռ մնում եմ չոր ու ամայի. ե՞րբ պիտի ես էլ կանաչեմ, փթթեմ ու փարթամանամ։
Սա էլ է լսում ճամփորդը, սրան էլ խոստանում, ապա էլի շարունակում ճանապարհը։
Էնքան է գնում, մինչև գտնում է Աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին թիկն տված, ալևոր մարդու կերպարանքով ու պատկառելի երևույթով նստած էր Աստված։
― Բարի օր,― խոնարհվելով՝ ասում է ճամփորդն ու կանգնում Աստծու առաջին։
― Բարով եկար,― պատասխանում է Աստված,― ի՞նչ ես ուզում։
― Էն եմ ուզում, որ ամեն ժողովրդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես ինչքա՜ն տանջվում եմ, ինչքա՜ն չարչարվում, էլի չեմ կարողանում երկիրս բարվոք պահել, երկրիս ու ժողովրդիս անվտանգությունն ապահովել, հպատակներիս կուշտ փորով կերակրել, իսկ շատերն էլ կան, որ իմ կեսի չափ էլ չկան, բայց գալիս ու տունս են մտնում, ունեցածս խլում, ինձ թալանում են, հարուստ ու հանգիստ ապրում են:
― Դե գնա՛, հիմի կհարստանաս ու կլիանաս, այսուհետ շեն ու բարգավաճ կապրես: Քեզ մարտունակ բախտ եմ տալիս, որ մեծ նվաճումներ ունենաս, խաղաղ ու անվտանգ լինի երկիրդ, լի ու բարեկեցիկ պահես հպատակներիդ: Գնա՛, վայելի՛ր,― ասում է Աստված։
― Էլի բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասում է արդեն հուսավառված ճամփորդն ու պատմում գայլացեղից սերված ու հավերժորեն սոված, ագահ, անկուշտ, աչքածակ հարևանի, ծուռթաթ գորշ արջի ու չորացած, ամայացած անտառի ապսպրանքը։
Աստված բոլորի պատասխանը տալիս է, և հուսավառված ճամփորդը խոնարհաբար շնորհակալություն է հայտնում ու հեռանում։ Վերադարձի ճանապարհին չար սատանան էս ժողովրդի մեջ է սողոսկում ու թավշյա թմրեցուցիչ խորհուրդներով մոլորեցնում՝ պղտորելով մտքերը և ուղղորդելով խոտոր ճամփեքով, որ հետո պիտի ցավագին երևակվեր…
Ինչ որ է, շուտով պատահում է չորացած-ամայացած անտառին։
― Ինձ համար ի՞նչ ասաց Աստված,― հարցնում է չորացած-ամայացած անտառը։
― Ասաց՝ քո տակին ոսկու հանքեր կան, մինչև էդ հանքերի ոսկին չհանեն, որպեսզի արմատներդ հողին հասնեն, դու չես կանաչիլ,― պատմում է հուսավառված ճամփորդը։
― Էլ ո՞ւր ես գնում. արի՛, ոսկին հանի՛ր, էլի՜, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ՝ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ, կփթթեմ ու կփարթամանամ։
― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ: Էդ հանքերի պետական գրանցումն ու փաստաթղթային ձևակերպումները, շահագործման թույլտվություն ստանալը և օրինականացումը ջանջալ գործ է, բացի դրանից էլ՝ հանքերի շահագործումը բնապահպանական խնդիրներ կառաջացնի, ես էդ գլխացավանքի մեջ ընկնելու հավես չունեմ, ես դեմ եմ հանքերի շահագործմանը,― պատասխանում է հուսավառված ճամփորդն ու շարունակում:― Աստված ինձ մարտունակ բախտ ա տվել, պիտի գնամ, որ շուտով իմ էդ բախտը գտնեմ, դեռ պիտի հասցնեմ՝ դա դարձնել աննախադեպ թավշյա, որ հարատև լինեմ վայելքների մեջ,― ասում է ու գնում։
​Հետո ծուռթաթ գորշ արջն է պատահում ու ճամփորդի առաջը կտրում.
― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։
― Աստված ասաց, որ դու պիտի քեզ համար անպայման անդավաճան, հավատարիմ ու մտերիմ ընկեր գտնես՝ ռազմավարական դաշնակից, որ հավատարիմ լինի քեզ, թիկունքից չհարվածի, ու ո՛չ էլ իր թիկունքը դարձնի, որ դու հարվածես, էն ժամանակ այլևս տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ և ապահով կապրես։
― Դե որ էդպես է, արի՛, հենց դու էլ եղի՛ր իմ անդավաճան, մտերիմ ու հավատարիմ էդ ընկերը՝ ռազմավարական դաշնակիցը, քեզ լավ կնայեմ, մեծ օգուտներ կտամ, բարիքներ կբերեմ քեզ համար, երկիրդ կլցնեմ, իսկ իմ ահից ոչ ոք խաթրիդ չի կպչիլ,― թախանձում է ծուռթաթ գորշ արջը։
― Չէ՛, ես քեզ ընկերակցելու և հետդ դաշնակցելու ժամանակ չունեմ, Աստված ինձ մարտունակ բախտ ա տվել, պիտի գնամ, որ շուտով էդ բախտս գտնեմ, աննախադեպ թավշյա դարձնեմ դա, որ վայելքների մեջ լինեմ հարատև,― ասում է հուսավառված ճամփորդն ու շտապ հեռանում։
Ճանապարհի վերջում էս ճամփորդին սպասում էր գայլացեղից սերված ու հավերժորեն սոված, ագահ, անկուշտ, աչքածակ հարևանը, որ հեռվից հենց տեսնում է ճամփորդին, վազում է և առաջը կտրում։
— Հը՛, Աստված ինձ համար ի՞նչ ասաց։
― Ախպեր, բա չե՞ս ասի՝ Աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի ծուռթաթ գորշ արջ ու մի չորացած, ամայացած անտառ էլ պատահեցին, արջն ապսպրեց, թե՝ ինչո՞ւ ինքը չի կարողանում ուրախանալ, անտառն էլ՝ թե՝ գարուն-ամառ և աշուն-ձմեռ ինչո՞ւ է չոր ու ամայի։ Աստծուն պատմեցի, ասաց. «Արջին ասա՛, որ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ ռազմավարական դաշնակից, որ բախտավորվի, անտառին էլ ասա, թե իրա տակին ոսկու հանքեր կան, պետք ա էդ ոսկին հանեն, որպեսզի ծառերի ու թփերի արմատները հողին հասնեն, որ կանաչի, փթթի ու փարթամանա»։ Եկա և իրանց պատմեցի Աստծու խոսքերը. անտառն ասաց՝ դե որ ըտենց ա, դու արի՛, էդ ոսկին շուտ հանի՛ր ու տա՛ր, հարստացի՛ր, վայելի՛ր, իսկ գորշ արջն էլ՝ թե բա ես ուզում եմ հենց քեզ էլ ընտրել ինձ մտերիմ ու հավատարիմ ընկեր՝ անդավաճան ռազմավարական դաշնակից, լավ էլ կնայեմ քեզ, մեծ օգուտներ կտամ, բարիքներ կպարգևեմ քեզ, լիուլի երկիրդ կլցնեմ, իսկ իմ ահից ոչ ոք խաթրիդ չի դիպչիլ։ Երկուսին էլ ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, Աստված ինձ մարտունակ բախտ ա տվել, պետք ա գնամ, որ շուտով էդ բախտս գտնեմ, հետո աննախադեպ թավշյա դարձնեմ դա և հարատև լինեմ վայելքների մեջ»։
— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց Աստված, դու էդ ասա,— անհամբեր հարցնում է գայլացեղից սերված ու հավերժորեն սոված, ագահ, անկուշտ, աչքածակ հարևանը։
― Քեզ համար էլ ասաց, որ քո գործը դժար ա, շա՜տ ա դժար, դու դեռ ըտենց գիշեր-ցերեկ սարուձոր, հանդուչոլ ման կգաս, մինչև մի անխելք ժողովուրդ գտնես, դրա երկիրը խլես ու կցես նախկինում զավթածին, որ վաթան ես դարձրել…
— Էլ քեզանից անխելք ժողովուրդ որտե՞ղից գտնեմ, որ երկիրը խլեմ ու կցեմ նախկինում զավթածիս, որ վաթանս եմ դարձրել,— ասում է գայլացեղից սերված ու հավերժորեն սոված, ագահ, անկուշտ, աչքածակ հարևանը և էս անխելք ժողովրդից դրա երկրի մի մեծ մասն էլի խլում ու կցում է նախկինում իր զավթած վաթանին, հետն էլ նրա վրա խնդմնդալով՝ ասում,— դուք լայնարձակ երկիր եք տենչում, բայց հորիզոնը տեսնել չեք ուզում ու շարունակ բարձրահարկ շենքեր եք կառուցում, որոնք հորիզոնի գիծը ծածկում են ձեր հայացքից, ինչ է թե միշտ աչքերիդ առաջ լինի սար կոչվող մի քարակոփ ժայռակույտ, երազում եք ծովից ծով երկիր, բայց ծով ունենալ նմանապես չեք ուզում, այլ միայն ուզում եք ուրիշ ծովափերում վայելել էդ ծովի՝ աղի արցունքի պես աղի ջուրը: Համ էլ՝ ձեր ինչի՞ն ա պետք երկիրը, որը պահելու շնորհք չունեք, երկիր պահելու համար ժանիքներ չունեք. իմ գայլաժանիքի դիմաց դուք նույնիսկ մարդու ժանիք չունեք, էլ չասեմ՝ շնաժանիք: Ու չեք էլ ուզում ժանիք ունենալ…

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

8 րոպե ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

15 րոպե ago

Ռուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ Զելենսկի

Ռուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ Զելենսկի Sat, 14 Nov 2026 23:15:27 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր…

23 րոպե ago

iPhone Duo գնորդները  դժգոհ են․ նրանք հետ են վերադարձնում գնած գաջեթը

iPhone Duo գնորդները  դժգոհ են․ նրանք հետ են վերադարձնում գնած գաջեթը Sat, 14 Nov 2026…

38 րոպե ago

Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով

Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով Sat, 14 Nov 2026 22:37:42 +0400…

1 ժամ ago

Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել.

Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. Sat, 14 Nov 2026 22:30:44 +0400 Բրիթնի Սփիրսը…

1 ժամ ago