Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
Sun, 15 Nov 2026 18:15:26 +0400
Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները հայտարարել է Ֆրանսիայում 2027 թվականի ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, հաղորդում է BBC News-ը։
37-ամյա մարզիկը դեռ չունի ո՛չ քաղաքական կուսակցություն, ո՛չ պետական ծառայության փորձ, ո՛չ էլ լիարժեք նախընտրական ծրագիր։ Սակայն նրա ժողովրդականությունն արդեն ստիպել է ֆրանսիացի քաղաքական գործիչներին լրջորեն վերաբերվել հնարավոր մրցակցին։
Գվադելուպայում ծնված Ռիներն իր նախաձեռնությունը ներկայացրել է «Ֆրանսիան, որը մենք սիրում ենք» կարգախոսով։ Սոցիալական ցանցերում հրապարակած ուղերձում նա հայտարարել է երկիրը համախմբելու, քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնելու և ռասիզմի ու փողոցային բռնության դեմ հանդես գալու մտադրության մասին։ Քարոզարշավի շրջանակում մարզիկը նաև այցելել է Փարիզից հյուսիս գտնվող Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի հիվանդանոցներից մեկը։
Ռիների հայտարարությամբ տեսանյութը Instagram-ում և X-ում տասնյակ միլիոնավոր դիտումներ է հավաքել։ Հրապարակումից հետո մեկ օրվա ընթացքում Ifop-ի անցկացրած հարցման համաձայն, հարցվածների 22%-ը նշել է, որ կարող է քվեարկել նրա օգտին։
Ռիները ֆրանսիացի ամենատիտղոսակիր մարզիկներից է. նա ունի օլիմպիական հինգ ոսկե մեդալ և աշխարհի առաջնություններում 11 հաղթանակ։ Նա զբաղվում է նաև բիզնեսով և պարբերաբար ընդգրկվում երկրի ամենահայտնի հասարակական գործիչների շարքում։
Միաժամանակ փորձագետները զգուշացնում են, որ մարզական ճանաչումն ինքնին քաղաքական հաջողություն չի երաշխավորում։ Le Figaro-ի մեկնաբան Գիյոմ Տաբարը նշում է, որ քաղաքական վերնախավի հետ կապերի բացակայությունը խոչընդոտ չէ նախագահական մրցապայքարին մասնակցելու համար, բայց ինքնին նաև հաղթանակ չի ապահովում։
Քաղաքական ասպարեզում Ռիների հայտնվելը համընկել է Ֆրանսիայում կենտրոնամետ ուժերի ճգնաժամի հետ։ Քաղաքական կենտրոնի թուլացման ֆոնին իրենց դիրքերն ամրապնդում են թե՛ ծայրահեղ աջ, թե՛ ծայրահեղ ձախ ճամբարների ներկայացուցիչները։ Ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը և ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան-Լյուկ Մելանշոնը դիտարկվում են 2027 թվականի մայիսին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի հնարավոր մասնակիցներ։
Ռիները ներկայանում է որպես թեկնածու, որը չի պատկանում ո՛չ ձախերին, ո՛չ աջերին։ BBC-ի գնահատմամբ, տնտեսական և հասարակական կարգի հարցերում նրա հայացքները հակված են դեպի աջ կենտրոն։ Միաժամանակ մարզիկը հանդես է գալիս ռասիզմի դեմ և քննադատում քաղաքական ծայրահեղականությունը՝ առաջին հերթին Լը Պենի ճամբարի հետ կապված։
Սակայն կենտրոնամետ դաշտն արդեն գերհագեցած է թեկնածուներով։ Նրանց թվում են նախկին վարչապետներ Էդուար Ֆիլիպը և Գաբրիել Ատալը, սոցիալիստ Ռաֆայել Գլյուքսմանը և աջակողմյան հանրապետականների ներկայացուցիչ Բրյունո Ռետայոն։ Մրցապայքարի հնարավոր մասնակից է համարվում նաև Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2027 թվականի փետրվարին։
Ռիների առաջադրումը կարող է է՛լ ավելի մասնատել կենտրոնամետ ընտրողների ձայները և մեծացնել Մելանշոնի՝ երկրորդ փուլ անցնելու հնարավորությունները։ Քաղաքական գործիչն ինքը ողջունել է ձյուդոիստի որոշումը՝ հայտարարելով, որ «ո՛չ ձախեր, ո՛չ աջեր» բանաձևը սովորաբար նշանակում է ձախակողմյան հայացքների բացակայություն։
Նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին Ռիներին անվանել է մեծ չեմպիոն և ընդգծել, որ քաղաքականությունը չպետք է լինի բացառապես պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների գործունեության ոլորտը։ Սակայն մարզիկը զգուշացրել է իրեն գործող նախագահի հետ կապելու փորձերից՝ հայտարարելով, որ ինքը ո՛չ Մակրոնի բանագնացն է, ո՛չ էլ նրա կողմնակիցը։
Առայժմ բաց է մնում գլխավոր հարցը՝ կկարողանա՞ արդյոք Ռիները մարզիկի իր ժողովրդականությունը վերածել իրական քաղաքական աջակցության։ Դրա համար նա պետք է հստակեցնի իր դիրքորոշումները երկրի առանցքային խնդիրների՝ կենսաթոշակային բարեփոխման, կրթության, կյանքի թանկության, պետական պարտքի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ, ինչպես նաև թիմ ձևավորի ու կոնկրետ ծրագիր ներկայացնի։
Նույնիսկ եթե նրա քարոզարշավը կարճատև լինի, նման թեկնածուի հայտնվելն ինքնին վկայում է այն մասին, թե որքան անկայուն է դարձել Ֆրանսիայի քաղաքական դաշտը։ Բայց եթե Ռիներն իսկապես մտադիր է պայքարել Ելիսեյան պալատի համար, ապա ստիպված կլինի յուրացնել շատ ավելի կոշտ պայքարի կանոններ, քան տատամիի վրա անցկացվող գոտեմարտերն են։