Գյուղացին չգիտի՝ գյուղո՞ւմ է ապրում, թե՞ ճանապարհներին
Sun, 15 Nov 2026 21:15:01 +0400
Մեր գյուղերը դարձել են լավ հիշողությունների լուռ վկաներ։ Այնտեղ այլևս չեն ապրում ներկայով, չեն օգտվում սեփական գյուղի հնարավորություններից և, ցավոք, վաղվա օրվա հետ հույսեր չեն կապում։ Երբեմնի աշխույժ ու աղմկոտ հայկական գյուղերն այսօր վերածվել են գյուղերի մասին պատմող լուռ թանգարանների։ Մեր փոքր երկրում գյուղեր կան, որտեղ կյանքը կարծես կանգ է առել․ տները փակ են, հողերը՝ անմշակ, իսկ երբեմնի շեն գյուղերի փողոցներում մարդկային ձայնն ավելի ու ավելի հազվադեպ է լսվում։
Գյուղացին այսօր չգիտի՝ ապրու՞մ է, թե՞ դեգերում: Նա առավոտյան դուրս է գալիս տնից՝ օրվա հացի գումար վաստակելու հույսով, անցնում է մի քանի կիլոմետր, որպեսզի աշխատանք գտնի, փող վաստակի և ընտանիքի նվազագույն կարիքները հոգա։ Գյուղը, հողը այլևս նրան չեն կերակրում, չեն ապահովում նույնիսկ տարրական կենսապայմանները։
Ժամանակին գյուղացին հացի մասին մտածելիս գիտեր՝ դրա աղբյուրը սեփական հողն է։ Հողը ոչ միայն սեփականություն էր, այլև ապրուստ, աշխատանք, արժանապատվություն ու ապագայի երաշխիք։ Այսօր, սակայն, այդ հողը կա ընդամենը որպես կադաստրի վկայական։ Հողը կա, սեփականատերը կա, բայց հողը մշակելու հնարավորությունները, իրացման շուկան, անհրաժեշտ աջակցությունն ու տնտեսական հեռանկարը՝ ոչ։
Ինչպե՞ս եղավ, որ մեր գյուղերը դարձան լավ օրերի հիշողությունների լուռ վկաներ, իսկ այնտեղ դեռ ապրող մարդիկ այլևս չեն կարողանում իրենց հողը մշակել, գյուղը կենդանի պահել, ինչպես արել են իրենց նախնիները։
Պատճառները բազմաթիվ են, բայց դրանցից ամենակարևորը գյուղատնտեսության նկատմամբ պետական քաղաքականության բացակայությունն է։ Տարիներ շարունակ գյուղացուն խոստացել են աջակցություն, զարգացում, նոր հնարավորություններ, սակայն իրական կյանքում նա շարունակում է բախվել նույն խնդիրներին՝ թանկարժեք սերմացու, պարարտանյութ, վառելիք, գյուղտեխնիկայի պակաս, ոռոգման ջրի խնդիր, բերքի իրացման դժվարություններ և անկայուն գներ։
Գյուղացին հաճախ չգիտի՝ ցանի՞, թե՞ չցանի, մշակի՞, թե՞ թողնի հողը։ Որովհետև նույնիսկ լավ բերք ստանալը դեռևս չի նշանակում, որ նա կարողանալու է այն վաճառել շահավետ գնով։ Մի տարի բերքը մնում է դաշտում, մյուս տարի այն հանձնում են ինքնարժեքից ցածր գնով, իսկ հաջորդ տարի գյուղացին արդեն մտածում է՝ արժե՞ արդյոք նորից պարտքերի տակ մտնել և մշակել հողը։
Սա պարզապես գյուղացու անձնական խնդիրը չէ։ Սա երկրի պարենային անվտանգության, տնտեսական ինքնուրույնության և մարզերի ապագայի հարցն է։ Գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ միայն գեղեցիկ ելույթներով, ցուցադրական այցելություններով կամ ինչ որ ծրագրերի մասին հայտարարություններով։ Գյուղացուն անհրաժեշտ են ոչ թե հերթական ասֆալտը, այլ հասանելի ֆինանսավորում, մատչելի գյուղտեխնիկա, ոռոգման արդյունավետ համակարգ, բերքի իրացման երաշխիքներ, վերամշակող ձեռնարկություններ և երկարաժամկետ տնտեսական ծրագրեր։
Իշխանությունները, կարծես, ավելի լավ են պատկերացնում գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատումը, քան այդ ճանապարհով անցնող գյուղացու տնտեսական խնդիրները։ Այո՛, ճանապարհը կարևոր է, բայց ճանապարհը նպատակ չէ։ Այն պետք է տանի դեպի զարգացող գյուղ, աշխատող տնտեսություն, գործող արտադրամաս, մշակվող հող և ապրուստ վաստակող մարդ։
Իսկ ի՞նչ իմաստ ունի ունենալ հարթ ու բարեկարգ ճանապարհ, եթե այդ ճանապարհով անցնող գյուղացին գնում է քաղաք՝ աշխատանք փնտրելու, իսկ գյուղում հողը տարիներ շարունակ սպասում է մշակողին։
Գյուղը միայն տներ ու ճանապարհներ չեն։ Գյուղը մարդն է, նրա աշխատանքը, անասունը, մշակվող հողը, արտադրանքը և այն վստահությունը, որ վաղն իր ընտանիքը շարունակելու է ապրել այնտեղ։ Եթե այս ամենը բացակայում է, ապա ասֆալտապատված ճանապարհը չի կարող գյուղը փրկել դատարկվելուց։
Եվ գուցե ամենացավալին այն է, որ գյուղացին աստիճանաբար կորցնում է ոչ միայն իր ապրուստը, այլև սեփական հողի հանդեպ սերն ու հավատը։ Իսկ երբ մարդը դադարում է հավատալ, որ իր հողը կարող է իրեն կերակրել, նա մի օր պարզապես հեռանում է այդ հողից։
Պետության պարտականությունը միայն գյուղ տանող ճանապարհ կառուցելը չէ, այլ այնպիսի պայմաններ ստեղծելը, որ գյուղացին այդ ճանապարհով ամեն օր աշխատանքի չգնա ուրիշ տեղ, այլ կարողանա արժանապատիվ ապրել ու աշխատել սեփական հողի վրա։