Բա էսքան ցավ ու ավեր բերես, հետն էլ մի գրամ ափսոսանքի, զղջումի, ամոթի զգացում չունենա՞ս

Բա էսքան ցավ ու ավեր բերես, հետն էլ մի գրամ ափսոսանքի, զղջումի, ամոթի զգացում չունենա՞ս

Sun, 15 Nov 2026 22:48:00 +0400


Ցիլոն, բրոշկեն, բանանը, պեռաշկին, ժպիտը, ռաժոկը…մարդիկ զայրանում են, թե ինչու է հասարակությունը անկարևոր բաների վրա սևեռվում` շեղվելով կարևորից: Հավատացեք` ոչ ոք չէր էլ նկատի, թե ինչ է հագել, ինչ է ուտում, ինչպես է մարդամեջ դուրս գալուց իրեն պահում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, եթե նա այսքան աղետ ու կորուստ բերած չլիներ մեր երկրին: Այնպես որ հենց այդ կարևոր բաներն են պատճառը, որ մարդիկ նկատում են անկարևորները: Ու զայրանում` բա էսքան ցավ ու ավեր բերես, հետն էլ մի գրամ ափսոսանքի, զղջումի, ամոթի զգացում չունենա՞ս: Լկտիության, ցինիզմի, անամոթության ռեկորդներ սահմանես….ձեռ առնես, հանրության ինադու բաներ անես ու ասես…

Արցախը կործանես ու Արցախի մասին քեզ հարց տան, Արցախ- Հայաստան միասնական քարտեզը ցույց տան, ատամներդ բացած հրճվե՞ս քո «հերոսության» վրա:

Գորիս-Կապան ճանապարհը` առանց մի կրակոցի թաքուն հանձնես թշնամուն ու գիշեր ցերեկ «խաղաղության խաչմերուկից» խոսե՞ս:

120 հազար մարդու անտուն թողնես, ամեն ինչ անես, որ Հայաստանում հալածեն էդ մարդկանց` ոչ աշխատանք գտնեն, ոչ տուն կարողանան առնել, ստիպված բռնեն գաղթի ճամփան ու ամբիոններից սփյուռք-Հայաստան հարաբերությունները զարգացնելուց խոսե՞ս:

Քեզ հարց տան, թե` հոգեբանորեն դժվար չի՞ հաշտվել էդ իրողության հետ, որ հազարամյակների հայկական հողում հայ չի մնացել, դու գնաս 88-90 թվեր, Ստալինին, Գորբաչովին ու Լիգաչովին հիշե՞ս: Տափակ ու տգետ հումոր անես` չընկալելով, խեղաթյուրելով հարցի իմաստը՞:

Փոխանակ գերիներին բերես, 24/7 ռեժիմով խաղաղությունից ես խոսում, բայց անգամ քո ֆետիշ սարքած խաղաղության թուղթը հակառակորդդ չի ստորագրում, իսկ Դուբլինում նոր պահանջներ է առաջ քաշում, թե` ձեր ջրային ռեսուրսները պետք է համատեղ օգտագործենք: Իսկ դա գիտե՞ք ինչ է նշանակում` որ այսուհետ մեր ՀԷԿ-երի ծախսած ջուրը, հողի ոռոգման համար օգտագործած ջրի քանակը Ադրբեջանն է վերահսկելու` քվոտաներ են սահմանելու, տվյալներ են պահանջելու, արգելելու են Հայաստանով հոսող գետերը մեր հայեցողությամբ օգտագործել, նոր ՀԷԿ-եր կառուցել: Սա է Նիկոլ Փաշինյանի բերած «ինքնիշխանությունը»:

Ու սրան զուգահեռ հիշեք` Ադրբեջանում դեռ հայ գերիներ կան, Ջերմուկի և մյուս գրավյալ տարածքներից թշնամու զինուժը դուրս չի եկել, Թրիփի անվան տակ միջանցքի պայմանագիր է կնքվել…սահմանը չի բացվել, դիվանագիտական հարաբերություններ ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետ չեն հաստատվել…

Բայց հայ ժողովրդի նվաստացումը շարունակվում է. խեղկատակի գլխարկը գլխին, ամոթալի բրոշկան կրծքին, անմեղսունակի ժպիտը դեմքին` աշխարհե աշխարհ ման է գալիս, վիզը ծռած` հանդիպում մեր ազգի դահիճների հետ, համաձայնում նրանց բոլոր պահանջներին: Արանքում էլ մի տեղ հեծանիվ է քշում, մի տեղ մուղամ լսում, մի տեղ բանան թռցնում, մյուսում կոշիկ հագնելն ու նվեր ստացած գուլպան ցուցադրում` դառնալով ալամ աշխարհի ծաղրի առարկան:

Մեզ համար` մղձավանջը, իրենց համար` վայելքները, շարունակվում են, որովհետև իրենք քանդելու, ավերելու ծրագիր ունեն, մենք դա կանխելու ծրագիր` չունենք…

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում Mon, 16 Nov 2026 23:50:02 +0400 Քիմ Քարդաշյանն առանձնահատուկ…

30 րոպե ago

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան Mon, 16 Nov 2026 23:45:20 +0400 Երբ եկար լավն էիր…

35 րոպե ago

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Mon, 16 Nov 2026 23:30:09 +0400 Շվեյցարական…

50 րոպե ago

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում Mon, 16 Nov 2026 23:07:05 +0400 TikTok-ում մեծ թափ է…

1 ժամ ago

141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատից

141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատից Mon, 16 Nov 2026 23:00:16 +0400…

1 ժամ ago

Երևանի խցանումները և մեքենաների քանակի սահմանափակում, ծեծկռտուք Հ1-ի եթերում․ Օրվա թոփ լուրերը

Երևանի խցանումները և մեքենաների քանակի սահմանափակում, ծեծկռտուք Հ1-ի եթերում․ Օրվա թոփ լուրերը Mon, 16 Nov…

1 ժամ ago