Մոնտաժված տեսանյութերը դառնում են իրավապահ մարմինների կողմից մատուցված մանիպուլյացիա
Mon, 16 Nov 2026 13:11:05 +0400
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը Հայաստանում մարդու իրավունքների, մասնավորապես՝ քաղաքական ազատությունների սահմանափակումները համարել է պետության առջև ծառացած լուրջ խնդիրներից մեկը։
Այս մասին նա հայտարարել է «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում։
Մելոյանի խոսքով՝ Հայաստանում հայրենասիրական դիրքորոշում արտահայտող և ազգային արժեքների պաշտպանության մասին խոսող քաղաքացիները ենթարկվում են հետապնդումների։
Նա նշել է, որ ժամանակին ժողովրդավարության առաջամարտիկ ներկայացող իշխանությունն այսօր, իր գնահատմամբ, քաղաքական հայացքների համար քաղաքացիներին քրեական հետապնդման ենթարկող համակարգ է ձևավորել։
Անդրադառնալով կալանքի կիրառման պրակտիկային՝ Մելոյանը հայտարարել է, որ խափանման այս միջոցը, որը պետք է կիրառվի միայն բացառիկ հանգամանքներում, փաստացի օգտագործվում է մարդկանց պատժելու նպատակով։
Նրա գնահատմամբ՝ խնդիրները չեն սահմանափակվում միայն իրավունքների սահմանափակմամբ։ Մելոյանը պնդել է, որ քաղաքական հետապնդումներին հաճախ ուղեկցում են քաղաքացիների հեղինակությանը վնասելու և հանրային թիրախավորման գործողությունները։ Նա, մասնավորապես, նշել է մոնտաժված տեսանյութերի կիրառման դեպքերը՝ դրանք համարելով մանիպուլյացիայի գործիք։
«Ոչ միայն մարդու պատիվ ու արժանապատվությունն են թիրախավորվում, ոչ միայն անմեղության կանխավարկածն է հարվածի տակ ընկնում, այլ լրջագույն հետևանքն է ունենում մարդու ճակատագրի վրա, թողնում է չջնջվող սպիներ»,- հայտարարել է նա։
Մելոյանն անդրադարձել է նաև Արսեն Գևորգյանի մահվանը՝ պնդելով, որ նա մահացել է մի վայրում, որտեղ գտնվել է պետության վերահսկողության ներքո և որտեղ, իր համոզմամբ, նման դեպք չպետք է տեղի ունենար։
Նա հայտարարել է, որ իրենց պահանջը ոչ միայն Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների արդար քննությունն է, այլև քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց կրած վնասների և կորցրած տարիների համար արդարության վերականգնումը։
Ելույթի ավարտին Գոհար Մելոյանն առաջարկել է խորհրդարանական վերահսկողություն սահմանել Արսեն Գևորգյանի մահվան դեպքի քննության նկատմամբ, ինչպես նաև ուսումնասիրել քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց գործերը և նրանց պահման պայմանները։