Դատավորների 90- 95% -ը կատարում են օրվա իշխանության կամքը, ի՞նչ դատական ռեֆորմի մասին է խոսքը․ Վարդազարյան
Mon, 16 Nov 2026 22:45:16 +0400
Առաջիկա շաբաթներին կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, որում առաջարկվող առանցքային փոփոխություններ կան` դատական համակարգին վերաբերող: Որ այս համակարգում առանցքային փոփոխություններ են անհրաժեշտ՝ պարբերաբար պնդել է Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ դատական համակարգը կապ չունի ժողովրդի հետ, որ ժողովուրդն ու դատական իշխանությունը կտրված են միմյանցից, մինչդեռ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի ժողովրդին պետք է բավարարի։ Նրա գնահատմամբ՝ նոր Սահմանադրությունը պետք է ապահովի ժողովրդի և դատական իշխանության օրգանական կապը, ուստի Հայաստանում անհրաժեշտ է ներդնել երդվյալ ատենակալների համակարգը, որը «կստեղծի արդարադատության ստանդարտ, կդարձնի այն կանխատեսելի և պակաս օգտագործելի քաղաքական նպատակներով»։
«Հրապարակը» Հայաստանում երդվյալ ատենակալների համակարգի ներդրման շուրջ զրուցել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։
-Պարոն Վարդազարյան, նոր Սահմանադրության տեքստը դեռ հրապարակված չէ, բայց արդեն հայտնի է, որ առանցքային փոփոխություններից մեկը վերաբերում է դատական համակարգին: Մասնավորապես, երկրի վարչապետը պարբերաբար ասում է, որ անհրաժեշտ է Հայաստանում ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտ։ Ձեր գնահատմամբ, որքանո՞վ է դա իրատեսական։
-Ես կարծում եմ, որ դա կեղծ օրակարգ է, դա երբեք չի լինելու, այդ օրակարգը դաշտ է նետվում ուղղակի մեդիա աղմուկ բարձրացնելու համար, որպեսզի շատ ավելի լուրջ ու պրոբլեմատիկ դրույթներ անցկացնեն Սահմանադրությամբ։ Այսինքն, այդ մեդիա աղմուկի սոուսի տակ ավելի լուրջ հարցեր, օրակարգեր փորձելու են ստվերել։ Խոսքը, օրինակ, Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելու մասին է, Հայաստանը ոչ բլոկային երկիր դարձնելու շուրջ քննարկումները ստվերելու մասին է կամ եվրաինտեգրման հարցը Սահմանադրության մեջ նորառելու փորձերի մասին է։ Նման մեդիա աղմուկ են բարձրացնում լեզվի հարցի շուրջ, որը փորձում են այսօր դաշտ նետել: Այսինքն, կա հիմնական խնդիր՝ դաշտը աղմուկով ու կեղծ օրակարգերով լցնել, որպեսզի մասնագետները սկսեն իրար հետ վիճել, օրինակ, երդվյալ ատենակալների ինստիտուտը հարկավո՞ր է, թե՞ ոչ, և չխոսեն առավել կարևոր խնդիրների շուրջ։
-Ինչո՞ւ եք կարծում, որ Հայաստանում այդ համակարգը երբեք հնարավոր չի լինելու ներդնել։
– Դա բավականին թանկ հաճույք է և Հայաստանում դա պրակտիկորեն անհնար իրագործել մեր այս օրենսդրությամբ։
-Եթե ինչ-որ զուգահեռ իրականությունում, այնուամենայնիվ փորձեն դա անել, նշանակո՞ւմ է, որ պետք է գործող եռաստիճան դատական համակարգը փոխեն, թե՞ հնարավոր է զուգահեռ անել։
– Ինձ թվում է դատական իշխանության բարեփոխումներով այսօր զբաղվում են մարդիկ, որոնք ընդհանրապես գաղափար չունեն դատական իշխանությունից և այդ պատճառով մեզ մոտ ավելի շատ հարցեր են առաջանում, քան այդ ծագած հարցերի պատասխանները։ Ոչ մեկը չի կարդացել նոր Սահմանադրության տեքստը, դատական իշխանությանը վերաբերող գլուխը, հետևաբար, ես չեմ կարող պատկերացնել` ինչ են առաջարկում։
Իմ գնահատմամբ՝ գոյություն ունեցողը կոչնչանա, իսկ նորը չի աշխատի: Այսինքն, կլինի այն, ինչ տեղի է ունենում մեր բոլոր պետական ինստիտուտների հետ՝ նախորդ աշխատող ինստիտուտը կկոտրվի, կջարդվի, կոչնչանա, իսկ նորը չեն կարողանա ստեղծեն։ Այս իրավիճակը մենք տեսնում ենք բոլոր ոլորտներում, դա միայն դատական իշխանությանը չի վերաբերում, այլ նաև առողջապահությանը, սոցիալական ոլորտին, գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը։
-Երբ ասում եք՝ անհնար է իրագործել, նկատի ունեք, որ Հայաստանը փոքր երկիր է, ու մարդիկանց փոխկապակցվածության խնդիրը բարդ լուծելի՞ է լինելու։ Կմանրամասնե՞ք, ինչո՞ւ է անհնար։
– Դա շատ- շատ ավելի բարդ խնդիր է, միայն փոխկապակցվածությունը չէ, թեև այո, առաջինը՝ Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են, երկրորդը՝ դա բավականին թանկ ինստիտուտ է, դա կապված է ատենակալների ընտրության, այդ ատենակալներին մեկուսացված պահելու, ատենակալներին սնունդով, տրանսպորտով, կացարանով ապահովելու, ատենակալներին մեդիա ռեսուրսներից զերծ պահելու խնդրի հետ։ Նրանք պետք է հասանելիություն չունենան հեռուստատեսությանը, ինտերնետին, ռադիոյին կամ լրատվամիջոցներին: Դա կապված է ժամանակի հետ, հնարավո՞ր է պատկերացնել, ասենք, 12 ատենակալ, որոնց կարողանան մեկուսացված լիովին պահել: Խոսքը 1, 2, 3 օրվա մասին չէ, մեր գործերը, տարիներ են տևում, այսինքն, մի տարի այդ մարդկանց՝ ատենակալներին կտրել տնից, ընտանիքից, իրենց աշխատանքից և մեկուսացված պահել մեկ տարի․․․ ի վերջո, մենք ուզում ենք արդարադատությո՞ւն իրականացնել, թե՞ 12 ատենակալների ազատազրկել։ Մենք նաև չունենք համապատասխան դատական նիստերի դահլիճներ, որպեսզի ատենակալները ներկա գտնվեն։ Լավ, ասենք, դա վերանորոգեցին, բայց այդ մարդկանց պետք է կերակրել, խմացնել, նրանց տրանսպորտային ծախսերը հոգալ, նրանց կացության հարցը լուծել, որտե՞ղ են այդ 12 հոգուն պահելու։
– Դրա անհրաժեշտությունը հիմնավորում են նրանով, որ մարդիկ արդարություն են ուզում, Փաշինյանն ասում է՝ հանրային պահանջ կա, որ այս կամ այն քաղաքական գործիչը նստի։ Ասում է՝ օրինակ, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, կայանավորված են, որովհետև իրենից ժողովուրդը պատասխան է ակնկալում, թե ինչո՞ւ նրանք նստած չեն։ Այս համակարգով հասնելո՞ւ է ցանկալի «արդարության հաստատմանը»։
– Ես նման հանրային պահանջ չեմ տեսնում, կամ իմ տեսած հանրային պահանջը և իշխանությունների տեսած հանրային պահանջը դիամետրալ տարբեր են։ Ես տեսնում եմ, որ ժողովուրդը արդարադատություն է ուզում, իսկ իրանք տեսնում են, որ ժողովուրդը վրեժխնդրություն է ուզում իրականացնել։ Ես վստահ եմ, որ ժողովրդի մեծ մասը ոչ թե վրեժխնդրություն է ուզում, ոչ թե հանրային պահանջ կա, որ Գագիկ Ծառուկյանը նստի, այլ ժողովուրդը պահանջում է, որպեսզի արդարադատություն իրականացվի։ Ով է ճիշտ, ով՝ սխալ, կարծում եմ պատմությունը ցույց կտա, բայց այսօրվա պրոցեսներից, որոնց մենք ականատես ենք, համենայն դեպս՝ աղմկահարույց պրոցեսներից, արդարադատության նույնիսկ հոտ չի գալիս, ուր մնաց իրական արդարադատություն լինի։
– Ստացվում է, դուք այդ պրոցեսներից արդարության հոտ չեք զգում, բայց իշխանություններն էլ են դժգոհ դատական համակարգից, դրա համար էլ ասում են՝ փոխել է պետք։
– Այսօրվա իշխանություններին անկախ դատական իշխանություն հարկավոր չէ, նրանց ձեռք է տալիս այսօրվա դատական իշխանության «գրպանային» կարգավիճակը։ Այսինքն, իրենց ամեն ինչ բավարարում է և ուրիշ ոչինչ անհրաժեշտ չի փոխել, որովհետև դատավորների 90- 95% -ը կատարում են իշխանության կամքը, հետևապես, ի՞նչ դատական ռեֆորմի մասին է խոսքը։
Արեգ Մարգարյան