«Հրապարակ»․ Այս վոյաժների նպատակը փող խնդրելն է
Tue, 17 Nov 2026 10:15:08 +0400
Նիկոլ Փաշինյանի՝ պետության հաշվին վոյաժները կարծես վերջ չունեն: Նա առիթ է փնտրում Հայաստանից փախչելու եւ օրը մի երկիր է այցելում, ռիլեր է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում: Վերջին երկու շաբաթներին վարչապետ Փաշինյանը բավական հագեցած արտասահմանյան ուղեւորությունների գրաֆիկ է ունեցել` պետության հաշվին։ Նոյեմբերի 3-16-ը նա աշխատանքային այցերով եղել է մի շարք երկրներում՝ մասնակցել է գագաթնաժողովների, համաժողովների, քննարկումների, հարցազրույցներ է տվել, հանդիպումներ ունեցել։ Մասնավորապես, նոյեմբերի 3-ին մեկնել էր Բելգիա՝ Բրյուսել, որտեղ մասնակցել էր Euronews-ի կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026» քննարկմանը։ Նոյեմբերի 10-ին մեկնել էր Ֆրանսիա, Փարիզում մասնակցել Խաղաղության 9-րդ համաժողովին, հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ եւ մասնակցել համաժողովի շրջանակում անցկացված քննարկումներին։ Նոյեմբերի 11-ին Փաշինյանն արդեն Թուրքիայում էր՝ Անթալիայում, որտեղ մասնակցում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի COP31 համաժողովի շրջանակում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովին։ Այս այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ մի շարք այլ պաշտոնյաների հետ։ Արտասահմանյան ուղեւորությունների շարքը շարունակվել է նոյեմբերի 12-ին՝ Անթալիայից ուղիղ մեկնելով Իռլանդիա։ Դուբլինում ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին, որտեղ էլ տեղի է ունեցել նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Նոյեմբերի 13-ին, ինչպես ինքն է ասում, կարճատեւ այցով ժամանել է Հայաստան, ապա 14-ին մեկնել է Կամբոջա, որտեղ նոյեմբերի 14-16-ը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին։ Կամբոջա մեկնելու ճանապարհին նա կարճատեւ կանգառ է ունեցել նաեւ Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում, որտեղ հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ։
Կարելի էր ուրախանալ, որ ՀՀ ղեկավարն այսքան ակտիվ այցելություններ է անում, եթե այդ այցելություններից գեթ մի չնչին օգուտ ստանար Հայաստանը։ Իրականում՝ հարկատուների հարկերի հաշվին աշխարհով մեկ շրջագայում է՝ 2 շաբաթում 5 երկրում է եղել՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իռլանդիայում եւ Կամբոջայում, մեկ կանգառ էլ՝ Հնդկաստանում։
ՀՀ հարկատուներն իրավունք ունեն հարցնելու՝ որքանո՞վ են արդյունավետ այդ այցերը Հայաստանի համար, ի՞նչ կոնկրետ օգուտներ են դրանք տալիս պետությանը, եւ որքա՞ն գումար է պետական բյուջեից ծախսվում վարչապետի եւ նրան ուղեկցող պատվիրակությունների արտասահմանյան ուղեւորությունների, կեցության ու այլ կազմակերպչական ծախսերի վրա։ Հանրությունը հնարավորություն ունի՞ ամբողջական պատկերացում ունենալ այդ ծախսերի եւ դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Օրինակ, ինչ է անում Կամբոջայում ՀՀ վարչապետը, երբ Հայաստանը ֆրանկոֆոն երկիր չէ, եւ շատ քիչ երկրների ղեկավարներ են մեկնել Պնոմպեն։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ գագաթնաժողովում ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով, զեկույց է ներկայացվել նախորդ ժամանակաշրջանի հետ կապված, կազմակերպության գլխավոր քարտուղարի գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացվել եւ այլն: Իսկ Նիկոլ Փաշինյանն իր սիրելի թեման է կրկին ասպարեզ բերել՝ անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային համագործակցության գործընթացներին:
Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Փաշինյանի նոյեմբերյան վոյաժների մասին, նկատում է. «Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է: 2018 թվականին եղավ դրա գագաթնաժողովը, եւ առաջին անգամ Փաշինյանը Մակրոնի հետ ողջագուրվեց հենց այդ ժամանակ: Նիկոլ Փաշինյանն այնքան է տարբեր երկրներ այցելում, որ, կարելի է ասել, պաշտոնական այցով շուտով Հայաստան կայցելի: Նա ունի մի քանի խնդիր: Առաջին` Ռուսաստան այցերից առաջ փորձում է ցույց տալ Մոսկվային, որ ինքն ունի միջազգային հանրության աջակցությունը: Եվրոպական ընտանիքի գագաթնաժողովի ժամանակ հատուկ հայտարարությամբ ընդգծվեց, որ Հայաստանի Հանրապետությանն աջակցում են` ՌԴ-ի կողմից իրականացված պատժամիջոցների համատեքստում: Փաշինյանը կարծում է, որ այս ամենը կփոխի Վլադիմիր Պուտինի կարծիքը` բանակցությունների սեղանի շուրջ, սակայն՝ ոչ: Նիկոլ Փաշինյանն ունի մեկ այլ նպատակ` փող հայթայթել: Անկախ նրանից, թե այս մարդիկ ինչ են հայտարարում, անկախ այն բանից, որ հայտարարում են, թե անգամ գազի գինը 300 տոկոսով էլ կբարձրանա, միեւնույն է՝ դա մեզ վրա չի ազդելու, դա կատարյալ սուտ է: ՔՊ-ական թիմը բոլորից լավ գիտի, թե ինչ աղետալի վիճակում է Հայաստանի տնտեսությունը: Մասնավորապես` մթերումների հետ կապված սարսափելի մասշտաբների խնդիրներ կան: 1,5-2 միլիարդ դոլարի վնաս է Հայաստանը կրել` ՌԴ-ի սանկցիաների արդյունքում: Եթե Ռուսաստանը նորից խստացնի պատժամիջոցները, Նիկոլ Փաշինյանին ավելի շատ գումար է անհրաժեշտ լինելու: Այս վոյաժները նաեւ այդ հարցերը լուծելու համար են, իսկ ԵՄ-ի մեր հարգարժան գործընկերները պատրաստ են Հայաստանին խրախուսել հակառուսական քաղաքականություն վարելու համար, սակայն պատրաստ չեն մեզ ֆինանսավորել: Իրենք ուզում են, որ այդ ամենը լինի ՌԴ-ի հաշվին: Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանն ամենուր խոսում է խաղաղության մասին, ապա ասեմ, որ նա փորձում է խաղաղությունը դարձնել իր բրենդը: Եթե առաջ դա հեղափոխությունն էր, հիմա խաղաղությունն է: Մարդը նույնիսկ Արցախը հանձնելու համար մրցանակ ստացավ: Գորբաչովին ԽՍՀՄ-ը փլուզելու համար մրցանակ շնորհեցին, Փաշինյանին` Արցախը հանձնելու համար»: