«Հրապարակ». Ընկերները՝ Վանո Սիրադեղյանի մասին՝ ծննդյան 80-ամյակի առիթով

«Հրապարակ». Ընկերները՝ Վանո Սիրադեղյանի մասին՝ ծննդյան 80-ամյակի առիթով

Tue, 17 Nov 2026 12:45:59 +0400


Արամ Մանուկյան

Բացեմ գաղտնիքը, ինչը պայմանավորվել եմ Ռուզան Տոնոյանի (Վանո Սիրադեղյանի կնոջ՝ Հ․ Ա․) հետ․ մենք առաջարկում ենք ստեղծել Վանո Սիրադեղյանի թանգարան, եւ ես առաջինն եմ «մայա» ներդնում էդ թանգարանի ստեղծման համար: Նախապես ասեմ` առաջարկն այդպիսին է, որ էդ թանգարանի նյութերը հավաքվեն «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոնում: Խնդրենք, որ այդ գործը հանձն առնի, իրականացնի Դավիթ Մաթեւոսյանը: Եվ որպես գործնական առաջարկ՝ ներկայացնում եմ, թե ինչեր եմ տրամադրում այդ թանգարանի համար: Վանո Սիրադեղյանի՝ վրացերեն տպագրված գործերը: Հաջորդը՝ Սիրադեղյանն ինձ հանձնարարել էր Ղարաբաղյան շարժման 10-ամյակի վերաբերյալ ֆիլմ նկարահանել: Էդ ֆիլմը նկարահանվեց, կոչվում է «Տասնամյակ»: Արդեն հասնում էինք ֆիլմի վերջին, երբ իշխանափոխություն տեղի ունեցավ: Բայց ֆիլմի հեղինակը, առաջարկողը, պրոդյուսերը Վանո Սիրադեղյանն էր։ Սա էլ կգնա թանգարան՝ որպես իր գործերից մեկը: Մյուսը՝ Սիրադեղյանի «Գառ ախպերիկ» պատմվածքը․ Լեհաստանում նկարահանվեց ֆիլմ եւ ստացավ առաջին մրցանակ: Սկավառակներն ինձ է ուղարկել ֆիլմի ռեժիսորը` Վահրամ Մխիթարյանը, որտեղ առաջին մրցանակը տրվում է հենց այդ «Կաթնեղբայր» ֆիլմին։ Սա էլ եմ հանձնում ստեղծվելիք թանգարանին: Նաեւ հանձնում եմ «Սկիզբ» ալբոմը, որի իրականացումը Վանոն է կազմակերպել: Սա մեր շարժման վերաբերյալ առաջին ֆոտոալբոմն է: Լուսանկարիչը Մայիս Մխիթարյանն է, հրաշալի գործեր են, շշմելու լուսանկարներ: Նա պետք է հաջորդ հատորներն էլ աներ, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նաեւ մեր Կոնգրեսի արխիվից նվիրում ենք Վանոյի մի քանի ձեռագրեր՝ իր քաղաքական ելույթներից: Ինչ եմ խնդրում բոլորիդ․ ինչ նյութեր ունենաք, այսուհետ հանձնեք «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոնին: Եկեք մենք այդ գործն անենք` ստեղծենք Վանո Սիրադեղյանի թանգարան: Միգուցե դա կընդլայնվի, կդառնա Ղարաբաղ կոմիտեի թանգարան, միգուցե կարող է դառնալ Հայաստանի անկախության թանգարան, մենք չունենք ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, եւ էդ գործն արժե անել: Թանգարանը դեռ չի հիմնադրվել, սա համարենք նյութերի հավաքման փուլ, հետո, Աստված առաջ, կմտածենք մի ընդարձակ բան ստեղծելու մասին:

Վանուշ Շերմազանյան

Ես Մոսկվայի կինոակադեմիայում էի սովորում, երբ երկրաշարժից հետո իմացա, որ Ղարաբաղ կոմիտեի տղաներին ձերբակալել, բերել են Մոսկվա, բայց դեռ ոչ ոք չգիտեր, թե ուր են տարել: Ես էլ, ցավոք սրտի, միայն Վանո Սիրադեղյանին էի մոտիկից ճանաչում: Գնացի Բուտիրկա, ապխտած երշիկ, սալ, սեւ հաց էի տարել, դեկտեմբերի վերջն էր: Մեկ էլ իմացա, որ մնացածների մոտ մարդ չի գնում: Անահիտ Բայանդուրին զանգեցի, հետո՝ Գալինա Ստարովոյտովային, հետո՝ Անդրեյ Սախարովին, որ փաստաբաններ են պետք: Սկսեցինք կազմակերպել իմ ընկերների հետ՝ Աշոտ Ադամյանն էր եւ Սամվել Սարիբեկյանը: Մի անգամ էլ Վանոյի համար կոշիկներ եմ տարել, դեղին բատինկաներ էին, պիտի կոշիկներն ընդունեն, բայց աշխատողն ասում է, թե շնուրոկները չի կարելի: Հարցրի` ինչո՞ւ, նա էլ, թե` որպեսզի չկախվի: Ասացի` նա մեծ նպատակներ ունի, բոլորիդ կկախի, բայց ինքը չի կախվի:

Լեւոն Զուրաբյան

Հայրենիքն իրականում շատ դաժան վարվեց Վանո Սիրադեղյանի հետ: Վանո Սիրադեղյանն էն մարդն էր, որ պատրաստ էր իր վրա վերցնել անհնարին ռիսկեր: Շատ լավ գիտեր եւ ինքն էլ ստիպեց ՀՀՇ-ին` ընտրել, որպեսզի դառնա ներքին գործերի նախարար: Դա համարյա ուլտիմատումի ձեւով մատուցվեց Տեր-Պետրոսյանին: Չնայած Տեր-Պետրոսյանը շատ էլ գոհ էր, որ ինչ-որ մեկը պատրաստ է այդ պատասխանատվությունը վերցնել: Ինքը շատ լավ գիտեր, որ գնալու է ամբողջ գողական, քրեական աշխարհի դեմ, շատ լավ գիտեր՝ ինչ անեծք է վերցնում իր վրա, ինչ դժգոհություն է կուտակում իր վրա, եւ դա այդպես էլ եղավ՝ կուտակվեց: Ամենասիրելի մարդկանցից մեկն էր, դարձավ ամենաատելի մարդկանցից մեկը ինչ-որ մի ժամանակաշրջան, քանի դեռ ժողովուրդը չհասկացավ, թե ինչ բարիք է բերել ինքը, մի այնպիսի անվտանգություն է բերել հայ ժողովրդին, որ մինչեւ հիմա էդ իներցիայով պահպանվում է: Ինքը գնաց էդ ռիսկին, հասկանում էր, թե ինչ է լինելու իր վախճանը: Գիտեր, որ հայրենիքը, ըստ էության, ոչ թե շնորհակալություն է ասելու, այլ պատժելու է: Բայց ինքը գնաց էդ ռիսկին: Հիմա ես համարում եմ, որ հայրենիքն իսկապես էս առումով երախտամոռ է եղել Վանո Սիրադեղյանի նկատմամբ: Բայց լինելու է, գալու է Վանոյի իմացած իրական Հայաստանի օրը, երբ կճանաչի, կողջունի եւ կհավերժացնի իր իրական հերոսներին:

Ալեքսան Հակոբյան

Ղարաբաղ կոմիտեում Վանոն ամենասիրվածն էր, ընդհանրապես՝ մենք շատ էինք սիրում իրար, եւ կոմիտեն` այդ 11 հոգին, որ հավաքվել էր, ուղղակի իրար սիրող խումբ էր: Բայց նաեւ ժողովուրդն էր սիրում. մենք ժողովրդին էինք սիրում, ժողովուրդն էլ մեզ էր սիրում՝ համեստորեն ասեմ: Թեպետ ոմանք ավելի շատ էին սիրված, եւ ամենասիրվածը, իհարկե, Վանո Սիրադեղյանն էր՝ ե՛ւ մեր մեջ, ե՛ւ ժողովրդի կողմից: Կատակով մի խոսք էր ասում ընտրություններից առաջ, ասում էր` Լեւոն, կանայք քեզ են սիրում, տղամարդիկ էլ` ինձ: Բայց իրականում կանայք էլ էին իրեն սիրում՝ Լեւոնից ոչ պակաս:

Մեր տղաներից 11-ից 7-ն արդեն չկան: Սամսոն Ղազարյանն այսպիսի մի խոսք էր ասում․ եթե ձայնս կտրված չլիներ, Վանո Սիրադեղյանը կոմիտե չէր մտնի: 1988-ի փետրվարին Սամսոնի ձայնը ելույթներից կտրվել էր, Վանոն ձեռքից վերցրել էր խոսափողը եւ շարունակել միտինգը վարել: Համբարձում Գալստյանն էլ է իր հուշերում գրում, որ Վանոն ամենասիրվածն էր: Համբարձումն ամենից շատն էր երեւի սիրում Վանոյին, այդ գրքի մեջ էլ ուղիղ ձեւով գրված է: Բայց Վանոն չէր կարող Ղարաբաղ կոմիտե չմտնել, էդ միտինգի խոսափողը չէր կարող չվերցնել, որովհետեւ Վանոն արդեն ճանաչված էր որպես այդպիսին:

Իսկ այսօր գլուխները պատին են տալիս, որ հրաժարվում են Անկախության հռչակագրից: Եվ պատահական չէ, որ այս միջոցառմանն այդ հիմարներից ոչ մեկը չկա: Չեն կարող ոչնչացնել` ինչ ստեղծել ենք, եւ պատիժ կկրեն, մեղմ ասած, մեծ սխալների համար: Հույս ունեմ եւ ուրիշներին էլ հորդորում եմ, որպեսզի հույսը ոչ մի դեպքում չկորցնեն:

Դավիթ Մաթեւոսյան

Կարողացել ես, կարողացել եք, ու դա է եղել քո արժանապատիվ վերելքի սկիզբն ամենուր: Եվ մեկը հենց քո շուքի տակ առաջացած, ծվարած, մեջք շտկած գորշերի, բարոյական ներքինիների, գյադաների գորշությամբ ու ստվերով լույսն օրինաչափորեն ոչնչացնելու կանոններին դու քո իռացիոնալ սուրբ սիրով, իռացիոնալ մտքով, իռացիոնալ քաջությամբ, վրա բերածդ հաղթանակներով` դե հիմի կերեք. էդպես ես չափալախել:

Էպոսի Փոքր Մհերը կասեր` հողը ղալբ է, ինձ ու Քուռկիկին չի տանում: Դուք, հատկապես դո՛ւ, ձեր ջանքով, արյամբ, ինքնասպանությամբ հող եք թողել, երկիր եք թողել, որ ղալբ է հնուց ի վեր եւ ձեզ չի պահում, բայց կա, թողել եք արդ արդեն 30 տարի: Ու նույնիսկ ամենագորշ կառավարումն ու տգետ կառավարիչը չեն կարողանում, դեռ չեն կարողանում վերջապես կազմաքանդել այն: Քեզ ճանաչելով ես գիտեմ, որ քո նույնիսկ բացակայությամբ դու ներկա էիր եւ վտանգ` քո Աստծուն վայել անողոք սիրով` ատածդ դասի հանդեպ ու համար: Ես գիտեմ, քո մահով էլ դու դրանց քթից ես բերում ու բերելու ես, քո կարգն է այդպիսին` բաժանարար ես, փորձաքար, լակմուս: Աճյունդ էլ սարսափելի է շնչավոր էդ մեռելների համար եւ մահիցդ միայն երկու ամիս անց աճյունդ Հայաստան հասավ: Տես, դեռ ինչեր կլինեն հանուն Հայաստանի, հանուն մեզ, ու դեռ ինչ փորձանքներ կբերես դու դրանց գլխին, մինչեւ որ վերանան էս երկրից, ու հեռանա պատուհասը: Ուստի պարզում եմ` սիրելի Վանո, պայծառամիտ տղա, որ վերելքդ, անընդհատ ու շքեղ վերելքդ անհունի սահմաններից մեզ լույս տա այնպես, որ քո իսկ ներքեւներում թողած մանրամասնորեն սիրելու արժանի հայրենիքում այլեւս անատամ, բաց բերաններով, խամրած աչքերով չհանդուրժենք դավաճանության, ձախարելիության, տհասության այս հաղթարշավը, այլ բարձր ոգուդ օրհնանքով աչքներիս փայլը ետ գա վերջապես ինքնաճանաչմամբ: Չէ՞ որ բանաստեղծի մեր խորքերում Վանո ենք ունեցել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը կրկին հարվածել է ամերիկյան ռազմակայանին

Իրանը կրկին հարվածել է ամերիկյան ռազմակայանին Tue, 17 Nov 2026 13:00:32 +0400 ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությունը…

4 րոպե ago

Մեր վիճակը ողբերգական ա. Դավիթ Բալայան

Մեր վիճակը ողբերգական ա. Դավիթ Բալայան Tue, 17 Nov 2026 12:58:28 +0400 Latest news from…

6 րոպե ago

Մեր մեկուսացման դեմ խնդիր ունենք

Մեր մեկուսացման դեմ խնդիր ունենք Tue, 17 Nov 2026 12:54:43 +0400 Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման…

10 րոպե ago

Այդ ինչպես այդպես ստացվեց

Այդ ինչպես այդպես ստացվեց Tue, 17 Nov 2026 12:53:54 +0400 Երևանի ավագանու նիստում քննարկման առարկա…

11 րոպե ago

Ծածկադմփոց արեցիք, որովհետև գիտեք՝ ինչ կա էդ ամենի տակ

Ծածկադմփոց արեցիք, որովհետև գիտեք՝ ինչ կա էդ ամենի տակ Tue, 17 Nov 2026 12:53:02 +0400…

11 րոպե ago

Ամոթ է ասել՝ ինչեր է ասել Ալիևը Փաշինյանի մասին

Ամոթ է ասել՝ ինչեր է ասել Ալիևը Փաշինյանի մասին Tue, 17 Nov 2026 12:38:40 +0400…

26 րոպե ago