Վեպ՝ մարդ մնալու իրավունքի մասին
Tue, 17 Nov 2026 21:00:27 +0400
Սոնա Աբգարյանի «Եվա» վեպը, հրատարակված 2023-ին՝ Լիլիթ Մելիքսեթյանի թարգմանությամբ, համադրում է պատերազմական ֆենթեզին, առակաբանությունը, պատերազմի, վրիժառության, հատուցման, արդարության եւ մարդկային էության մասին մտորումները։ Սյուժեի հետեւում մեր պատմության իրական դեպքերն են։
Իրադարձությունները ծավալվում են պայմանական քաղաքում, որը Երեւանն է հիշեցնում։ Դաժան քաղաքացիական պատերազմ է ընթանում «Գերբերների» եւ «Վարսաբիրների» միջեւ։ Գլխավոր հերոսուհին Եվան է։ Նա ծանր պարտությունից եւ իր բանակը կորցնելուց հետո ուշքի է գալիս, սակայն կորցրած է լինում հիշողությունները։ Աստիճանաբար վերականգնում է հիշողությունը եւ նորից պայքարի մեջ մտնում դաժան տիրակալ Գերբեր 4-րդի եւ նրա կլանի դեմ։ Վեպը լի է անսովոր կերպարներով, ֆանտաստիկ պատկերներով։ Հերոսուհու կողքին իմաստուն Տատիկն է, առեղծվածային Դեւը, Մարդ-Ամպհովանին եւ կռվող կանանց բանակը։ Հերոսուհին մոգական ուժի է տիրապետում, սակայն այս ֆանտաստիկայի հետեւում բռնության, անմեղ մարդկանց զոհվելու եւ արդարությունը վերականգնելու պատմությունն է։ Հեղինակը չարի եւ բարու պարզ բաժանարար գիծ չի տանում։ Եվան պայքարում է հանուն իրավազուրկների եւ ճնշվածների, սակայն աստիճանաբար հասկանում է, որ ինքն է դառնում մահվան ու բռնության աղբյուր։ Նրա առաջ ծառանում են բարդ բարոյական հարցեր․ կարելի՞ է սպանել հանուն արդարության, արդարացվա՞ծ է ինքնադատաստանը, եւ մարդն իրավասո՞ւ է զոհել այլոց կյանքը՝ հանուն վեհ նպատակի։ Եվայի դաստիարակ Հովիվ Հարությունը նրան հիշեցնում է, որ նույնիսկ այլոց կյանքերի փրկության համար սպանությունը շարունակում է մնալ սպանություն։ Դա է վեպի գլխավոր իմաստը։ Չարի դեմ պայքարը չպետք է մարդուն զրկի մարդկային դեմքից։ Պատահական չէ, որ վեպի հերոսուհին, որ գրեթե գերբնական կարողություններ ունի, ասում է, որ ուզում է մարդ մնալ։ Սոնա Աբգարյանը ծնունդով Բերդ քաղաքից է։ Նա պատերազմ է վերապրել։ Վեպը ոչ այնքան ֆանտաստիկ պատմություն է, որքան հավաքական հիշողության, ապրած տրավմայի եւ մարդկային կյանքի իմաստավորում։ Այն կինեմատոգրաֆիական շարադրանք ունի՝ կարճ գլուխներ, կինոտեսարաններ։ Պատկերազարդումը հեղինակինն է։