Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Tue, 17 Nov 2026 20:52:53 +0400
Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, անվանի դերասան, «Երջանիկ տարեցներ» գիտամշակութային միության անդամ ՀԱԿՈԲ ԱԶԻԶՅԱՆԸ։
Հայ մշակութային կյանքը ևս մեկ անդառնալի կորուստ կրեց։ Հակոբ Ազիզյանն իր տաղանդով, դերասանական ինքնատիպ ձեռագրով և արվեստին անմնացորդ նվիրումով արժանի տեղ է զբաղեցրել հայ թատերարվեստի երախտավորների շարքում։
Նա ժողովրդի սիրելին էր, մեր ժամանակների բեմի արքան, հայ թատրոնի «Լիր արքան», «Գիժ Դանելը», «Երանոսը» և բազմաթիվ այլ անմոռանալի կերպարներ կերտած մեծանուն արտիստը, գնաց ու միացավ իր հզոր երամին…
Նրա ստեղծագործական ուղին, բեմական կերպարներն ու մշակութային վաստակը երկար կմնան հանդիսատեսի հիշողության մեջ։ Մեզ համար նա ոչ միայն ճանաչված արվեստագետ էր, այլև մեր միության հարազատ անդամ, որի ներկայությունն ու մարդկային նկարագիրը կմնան մեր հիշողություններում։
«Երջանիկ տարեցներ» գիտամշակութային միությունը, նախագահ Աշոտ Դալլաքյանի գլխավորությամբ խորին ցավակցություն է հայտնում Հակոբ Ազիզյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, արվեստակից ընկերներին և նրա արվեստը գնահատողներին։
Հիշատակն անմար, վաստակը՝ հավերժ։
Հոգիդ խաղաղությամբ հանգչի սիրելի’ մաեստրո։
Աշոտ Դալլաքյան