«Հրապարակ». Դպրոցը որոշել են լուծարել. ծնողները դեմ են
Wed, 18 Nov 2026 11:45:44 +0400
Կառավարության որոշմամբ, դեռ տարիներ առաջ հայտարարվեց, որ 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները պետք է միավորվեն, իրենց լեզվով ասած` օպտիմալացվեն: Բայց հասարակությունն արձանագրեց, որ հանրապետությունում մոտ 230 դպրոց է փակվում, հիմնականում` սահմանամերձ համայնքներում: Մարդիկ պայքարեցին, սկսեցին ապացուցել, որ համայնքը եթե դպրոց չունի, կարճ ժամանակում մեռնում է, սահմանամերձ գյուղերը պետք է զարգացնել, ոչ թե մահվան դատապարտել, բայց՝ ապարդյուն: Համաձայն պաշտոնական ցուցանիշների, փակվող դպրոցների քանակով առաջին տեղում Սյունիքն է, որտեղ դպրոցների 2/3-ը մինչեւ 100 աշակերտ ունի: Նախատեսված 232 դպրոցներից 48-ն էլ Շիրակի մարզում են, որտեղ քիչ չեն նաեւ սահմանամերձ գյուղերի դպրոցները, որոնք, ըստ էության, կազդարարեն գյուղերի կործանումը։ Առանց այն էլ բնակչությունը կենտրոնացած է Երեւանում եւ հարակից շրջաններում, մարզերը դատարկվում են, դպրոցների միավորումից հետո գյուղերը կարող են ընդհանրապես դատարկվել: Բայց աղետալի վիճակը միայն սահմանամերձ համայնքներում չէ:
Արագածոտնի մարզի Գետափ գյուղի միջնակարգ դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Աշոտ Եղոյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ Գետափի դպրոցը նույնպես ԿԳՄՍ նախարարությունը որոշել է լուծարել, իսկ դպրոցի 13 աշակերտները ստիպված են լինելու 9,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արագած գյուղի դպրոց հաճախել: Ողջ գյուղն արդեն քանի ամիս է՝ պայքարում է դպրոցի փակման դեմ:
«Դպրոցն ուզում են փակել, բայց գյուղից ոչ մեկը համաձայն չէ այդ որոշման հետ: 9,5 կիլոմետր հեռավորության վրա Արագածի դպրոցն են որպես այլընտրանք առաջարկում, բայց այն բավականին հեռու է: Դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բայց ոչ մի տեղաշարժ չկա, սառած վիճակ է: Թեպետ դպրոցում աշակերտների թիվը քիչ է` 13 աշակերտ է ընդամենը, բայց դա չափանիշ չէ, չի կարելի դրանով առաջնորդվել: Կարեւորը՝ դպրոցում դասարաններ կան: Երկու ամիս առաջ մեզ հավաքեցին գյուղում՝ իբր համայնքապետին ճանաչելու համար, սակայն մեզ համոզում էին, որ դպրոցը պետք է փակել: Իհարկե, ոչ ոք չհամաձայնեց դրան, բոլորը դեմ էին, բայց նախարարությունն իր միտքը չի փոխում: Արդեն իսկ ավտոբուսը տրամադրել են` երեխաներին տեղափոխելու համար, բայց այն դեռ Արագածում կանգնած է»,- ասաց Աշոտ Եղոյանը: