«Հրապարակ». Եթե մարդը խելագար չէ, կանի՞ նման բան` ինչ-որ նպատակի համար, եթե նպատակն էլ չկա
Wed, 18 Nov 2026 12:15:30 +0400
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին խնդրեցինք մեկնաբանել հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա վիճակը:
«Շատերն են ինձ հարցնում, թե ինչու, օրինակ, Պուտինը Փաշինյանի մասին ասաց, որ նա դավաճան չէ: Նրանք, ովքեր մի քիչ ծանոթ են դիվանագիտությանը, գիտեն, որ նման բան հենց այնպես, նման բարձր մակարդակով չի ասվում: Իհարկե, դրանում կար մեսիջ: Խնդիրն այն է, որ ՌԴ նախագահը բազմիցս հայտարարել է, որ ուզում է խոսել հայ ժողովրդի հետ, ստանալ հայ ժողովրդի գնահատականն ու որոշումը: Այսինքն, ինքն այս իշխանություններին չի վստահում, այս իշխանությունների հետ վերջնական որոշում կայացնելու անհրաժեշտություն չունի, քանի որ շատ լավ հասկանում է, որ Հայաստանում հասարակությունն ուղղակի կիսվել է, շերտավորված է: Նշանակում է՝ իրենք ուզում են հասկանալ, թե հայ ժողովրդի որ հատվածն է ուզում այդպես շարունակել, որը չի ուզում, դրա համար ասում է՝ հանրաքվե արեք, որ հասկանանք: ՀԱՊԿ-ն էլ, այսպիսի լոպպազ հայտարարությունից հետո, թե մենք այլեւս որեւէ հետաքրքրություն չունենք ՀԱՊԿ-ի մասով, բայց հետդարձի ճանապարհ թողեցին»,- ասաց Սարգսյանը:
Նա կարծում է, որ նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը «լկտի սուտ է ասում», երբ հայտարարում է, որ մենք զենք չունեինք, չէինք կարողանում ստանալ ու այդ պատճառով գնացինք հնդիկներից ու ֆրանսիացիներից զենք գնելու: «Ես հրապարակեցի ցուցակը, թե Ռուսաստանն ինչ է տրամադրել Հայաստանին, միայն ՀՕՊ-ի հետ կապված՝ եղել են տարբեր զինատեսակներ, ՏՕՐ, ԲՈՒԿ, Իսկանդեր եւ այլն, բայց քանի որ իրենց պլաններն այլ էին, ու այդ տղան չի էլ թաքցրել, իր հոդվածներում գրում էր, թե Ղարաբաղը մեր ինչին ա պետք, հիմա հնարավորություն ստացավ իրագործել իր երազանքը»,- ասում է Սարգսյանը: Ռուսական կողմը, ըստ նրա, ՀՀ իշխանություններին ասում ՝ եթե դուք վերադառնաք, հասկանաք, որ ձեր տեղն այս կազմակերպության մեջ է, մենք ձեր տեղը պահել ենք, չենք հեռացրել:
«Սթափ, մտածող մարդու տեսանկյունից դիտարկենք հարցը․ եթե դու դուրս ես գալիս մի կազմակերպությունից, սակայն մեկ այլ կազմակերպություն մտնելու հնարավորություն չունես կամ չես էլ գնում այդ ուղղությամբ, ՆԱՏՕ-ն ձեզ բանի տեղ չի դրել, չի էլ դնելու, ինչո՞ւ ես, հազար ներողություն, հետույքդ բացում: Վերջիվերջո, խելամիտ մարդը, եթե խելագար չէ, կանի՞ այդպիսի բան, հանուն ինչ-որ նպատակի, երբ այդ նպատակն էլ չկա»: Սակայն, եթե այսպես շարունակվի, հաջորդ քայլը լինելու է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացումը, որը ֆորմալ տեսանկյունից թվում է, թե առանձնապես մեծ բան չէ: «Ես՝ ինքս, ՀԱՊԿ-ի հրավիրած կոնֆերանսներին ասել եմ, որ ձեր կանոնադրությունը շատ հեղհեղուկ է, դուք չունեք այն կարգապահությունը, որն անհրաժեշտ է այդպիսի կառույցի համար, դուք չունեք ՆԱՏՕ-ի համապատասխան կարողություններն ու ներքին կարգապահությունը, քարոզչամեքենաները: Ես էլ եմ կարծում, որ ՀԱՊԿ-ում ուղղելու շատ բան կա, բայց հարցն այն է, որ եթե դուք դուրս եք գալիս, այլընտրանք պիտի լինի: Դուք հաշվարկե՞լ եք` թուրք-ադրբեջանական ագրեսիային կկարողանա՞ք դիմակայել»,- շեշտեց քաղաքական գործիչը: Ինչ վերաբերում է դեկտեմբերին ԵԱՏՄ-ի մասով որոշմանը, Սարգսյանն ասում է, որ վիճակը նույնն է` եթե այլ կառույց չկա, որը կտա քեզ արտոնությունների այն շրջանակը, որն ունես ԵԱՏՄ-ի շնորհիվ, ապա դա ինքնավնասման ճանապարհով գնալ է նշանակում:
«Եվրամիության որեւէ երկիր ինքնուրույն որոշում չի կայացնում, Բրյուսելն է կայացնում։ Սա՝ մեկ: Երկրորդ․ այնտեղ այնպիսի ստանդարտներ են ձեւավորված, եւ իրենց արտադրանքի քանակն այնքան մեծ է, որ ձեր կարիքն ուղղակի չկա: Դուք ուզում եք գնալ այնտեղ ծաղիկ, ծիրան, գինի ու կոնյակ վաճառել, դուք ընդհանրապես, ինչ է` մեզ հիմարի տե՞ղ եք դրել, թե դո՞ւք եք հիմար: Ո՞ր մի խելամիտ մարդը կվատթարացնի իր վիճակը՝ չունենալով այլընտրանք»,- հարցնում է Արամ Սարգսյանը: «Ռուսաստանը խաչ է քաշել Նիկոլ Փաշինյանի վրա: Իրենց նպատակն ու ուղերձը հետեւյալն է` մենք մինչեւ վերջ կաշխատենք ձեզ մեր կազմակերպությունում պահելու համար, բայց եթե դուք ուզում եք գնալ` գնացեք, սակայն ո՛չ մեր հաշվին»,- շեշտում է մեր զրուցակիցը: Սակայն նաեւ նկատում է, որ եթե անգամ Ռուսաստանի պահանջած հանրաքվեն իրականացվի, ի՞նչ երաշխիք կա, որ այդ հանրաքվեն էլ այնպես չեն կեղծի, ինչպես եղավ վերջին ընտրություններին:
«Փաշինյանի ստեղծած համակարգում դեռեւս ճաքեր չկան, ու ինքը հիմա շատ ինքնավստահ է: Փաշինյանը լավ է հասկացել իր կողմից մանիպուլյացիայի ենթարկվող շերտերի հոգեբանությունը: Ու դրա ամենավառ օրինակը հետեւյալն է․ կառավարութունը ֆիքսել է, որ իրենք 18 միլիոն դոլար շահույթ են ստացել ավտոմեքենաների համարները վաճառելով՝ գժվելու բան է: Հայի սնապարծությունը, լոպպազությունը սահման չունեն, տանում են 5, 10 միլիոն դրամ են տալիս, որպեսզի իրենց մեքենայի համարները լինեն 5 հատ 7: Ինքն արել է այդ վերլուծությունը, տեսել է, որ այս հանրության մեջ կան տարբեր շերտեր: Ինքն այդ շերտերի աջակցությունն ունի: Իսկ արթուն մասսան սպասման մեջ է՝ սպասում են համապատասխան կանչի` թե՛ ընդդիմության, թե՛ պատասխանատվություն վերցնելու պատրաստների կողմից»,- ասաց Սարգսյանը: Սակայն պետք չի ակնկալել, որ որեւէ մեկը մեր փոխարեն մեր հարցերը լուծելու է, ով էլ լուծի, մենք պարտական ենք լինելու այդ անձանց: «Իսկ Ռուսաստանում սպասում են Հայաստանում նոր քաղաքական ընտրանու ձեւավորմանը, որտեղ կարող են ե՛ւ երիտասարդը, ե՛ւ փորձառուն լինել: Բայց այդ ընտրանին զերծ պետք է լինի այն հաշվարկից, թե ինչ եմ ես ունենալու դրանից: Մենք հիմա խոսում ենք ոչ թե անձնական շահի մասին, այլ թե ոնց փրկենք երկիրը, պետությունը: Ի՞նչ է դա նշանակում, որ դու ուզում ես ունենալ խաղաղություն, այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ուժի վրա: Քո սեփական ուժի վրա, եթե դու քո սեփական ուժը չես հաշվարկում եւ դրա հիման վրա չես գործում, ուրեմն սուտ է՝ չկա այդ խաղաղությունը եւ չի էլ կարող լինել: Միշտ ուժեղը օգտվելու է քո թուլությունից, այն էլ՝ այս տարածաշրջանում: Շատ վտանգավոր իրավիճակ է: Իրանի Իսլամական Հանրապետությունն այնքան ծայրահեղ վիճակում է, որ ամեն գնով պաշտպանվելու է, ԹՐԻՓՓ-ը Հայաստանի համար չէ, այլ այս իշխանության շնորհիվ դառնում է թուրքական աշխարհը միավորելու լավագույն հնարավորությունը, եւ մենք պետք է կարողանանք դրա դեմն առնել: 1998-ին մենք առաջարկել ենք տարանցիկ երկիր լինելու մեր մոդելը, բայց այստեղ չկա այդ տարանցիկությունը, գալիս է՝ մտնում է Նախիջեւան: Բայց քանի որ հայտնվել ենք այսպիսի մթնոլորտում, թե ինչպես է Եվրոպան դատարկ խոստումներ տալիս, այստեղից էլ շլացած նայում են, թե բա ՝ հեսա կպրծնենք ռսից: Բայց ի՞նչ է արել ռուսը ձեզ: Ի՞նչ կախման մեջ եք դուք ռուսից՝ թղթի վրա գրեք, էլի: Ինչ է՝ պարտադրել է ձեզ ինչ-որ բա՞ն անել, դուք լավն եք ուզում, ինքը թույլ չի՞ տալիս: Դուք եկել եք իշխանության ու փչացրել եք հարաբերություները ռուսների հետ: Բոլոր իշխանություններն էլ ռուսների հետ խաղեր են տվել, բայց սրանք բոլոր սահմաններն անցել են»,- եզրափակեց Սարգսյանը: