Մեսսին հայց է ներկայացնելու՝ պահանջելով իր անունը չօգտագործել
Thu, 19 Nov 2026 23:00:29 +0400
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին մտադիր է հայց ներկայացնել ընդդեմ Արգենտինական ֆուտբոլի ընկերակցության՝ պահանջելով դադարեցնել իր անունն ու նկարը կոմերցիոն նպատակներով օգտագործելուց։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Մեսին դժգոհ է մնացել ֆեդերացիայի գործողություններից։ Մեսիի շրջապատում ասում են, որ արդեն նախապատրաստվում է հայցի ներկայացումը, որով պահանջվելու է արգելել օգտագործել լուսանկարները, տեսանյութերը եւ այլ նյութերը՝ Մեսիի մասնակցությամբ, կոմերցիոն նպատակներով։
Պատճառներից մեկն այն է, որ Մեսին ամերիկյան ոգելից խմիչքներ արտադրող մի բրենդի հետ պայմանագիր է ունեցել, մինչդեռ Ֆեդերացիան թույլատրել է օգտագործել արգենտինական գարեջուր արտադրողին՝ մարզիկի լուսանկարը։ Արդյունքում՝ Մեսին ստիպված է եղել բավականին ծանր խոսակցություն ունենալ միջազգային բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, մարզիկը չի ուզում, որ թյուր պատկերացում առաջան եւ իր անունը հոլովվի Ֆեդերացիայի ֆինանսական սկանդալների համատեքստում։