Նիկոլին այլևս իր ընտրողները չեն հետաքրքրում
Fri, 20 Nov 2026 00:15:06 +0400
Շատ ընդդիմադիրներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելն անիրատեսական է։ Խոսքս միայն խորհրդարանական կամ կուսակցական ընդդիմության մասին չէ, այլ՝ ընդհանրապես այն մարդկանց, որոնք իրենց ընդդիմադիր են համարում և չեն հաշտվում երկրում տիրող իրավիճակի հետ։
Հիշե՛ք՝ իշխանությունը միշտ փողոցում է։ Այլ հարց է, որ այսօր իշխանական էլիտան չի տարբերվում փողոցային մտածողությունից, և սա էլ հասարակության հիասթափության պատճառներից մեկն է։ Այո՛, օրվա իշխանությունը արժեզրկել է գրեթե ամեն ինչ՝ քաղաքագիտական մտքից մինչև հոգևոր ծառայություն մատուցող մարդկանց հեղինակություն։ Բայց դա դեռ չի նշանակում, որ արժեքները վերացել են։ Իրական քաղաքագետը, հոգևորականը, արժանապատիվ քաղաքացին շարունակում են կրել իրենց արժեքային համակարգը, պահպանել սկզբունքներն ու չկորցնել իրենց դիմագիծը։
Հենց այստեղ է ընդդիմության իրական ներուժը։ Այդպիսի մարդիկ քիչ չեն, նրանք որակյալ են, սկզբունքային և պատրաստ են պայքարելու։ Հետևաբար, հաջողության հասնելու հիմքեր կան, պարզապես պետք է չտրվել հուսահատությանը։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա այն իսկապես լուրջ գլխացավանք է դարձել Նիկոլ Փաշինյանի համար։ Վերջինս լավ էլ է հասկանում, որ այսօրվա ընդդիմության շարքերում դժվար է գտնել այնպիսի մարդկանց, ինչպիսին էր Գեղամ Նազարյանը։ Սա, իհարկե, նաև ընդդիմադիր զանգվածի պահանջկոտության և հետևողականության շնորհիվ է։ Հենց այդ մարդկանց համառությունն է, որ ընդդիմությանը պահում է իր տեղում՝ թույլ չտալով նահանջել, իսկ Նիկոլի համար ստեղծում է քաղաքական լուրջ խնդիրներ։
Պետք է մի բան հստակ գիտակցել. չկա մի իշխանություն, որը հավերժ է։ Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ ամենաբռնապետական իշխանություններն ավարտել են իրենց գոյությունը, իսկ դրանց հեռացման գործում վճռորոշ դեր է ունեցել ընդդիմությունը՝ ոչ թե երկնքից իջած ինչ-որ մեկը կամ հարևան պետությունը։ Իշխանափոխությունը նախևառաջ սեփական հասարակության քաղաքական կամքի և հետևողական պայքարի արդյունք է։
Այսօր Նիկոլ Փաշինյանի համար գլխավոր խնդիրը հենց ընդդիմությունն է։ Նա այնքան էլ չի հետաքրքրվում նույնիսկ իրեն ընտրած քաղաքացիների սպասումներով, որովհետև ավելի ու ավելի է կենտրոնանում ընդդիմության դեմ պայքարի վրա։ Իսկ դա ինքնին խոսուն հանգամանք է. ընդդիմության ներկայությունն ու ուժեղացումը դարձել են իշխանության համար լուրջ մտահոգության առարկա։
Հետևաբար, ընդդիմության խնդիրն այսօր ոչ թե նահանջելն է, հուսահատվելը կամ սեփական ուժերին չհավատալը, այլ իր դիրքերը պահպանելը, համախմբվելն ու հետևողականորեն առաջ շարժվելը։ Քաղաքական փոփոխությունները հաճախ սկսվում են հենց այն պահից, երբ մարդիկ դադարում են անհնար համարել դրանք։