«Հրապարակ»․ Սրանք իրենց բնույթով վամպիրներ են` չարքապատկաններ
Fri, 20 Nov 2026 10:15:18 +0400
Նիկոլ Փաշինյանի աղմկոտ ու նյարդային բղավոցները ԱԺ-կառավարություն հարցուպատասխանով չավարտվեցին։ Երեկ էլ՝ կառավարությունում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ է հայտարարել, որ Եռաբլուրի, պատերազմի մասին անընդհատ բարձրաձայնողները Եռաբլուրի հարցը շահարկողներ են, որ ինքը, իր բնորոշմամբ` դասալիքներին միշտ ասելու է, թե ինչու չեն զոհվել, ու նմանատիպ այլ հիստերիկ հայտարարություններ է արել: 44-օրյա պատերազմում զոհված հերոսի` Վաչագանի հայրը` բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, ասաց, որ ամբողջ ՔՊ-ն է դասալիք, ՔՊ-ական դասալիքներն ավելի շատ են, քան իրենց հայտարարած 11 հազարը, որովհետեւ ՔՊ անդամները քանակով շատ ավելին են:
«Մարդն իրեն իրոք վատ է զգում, որ իր հանցանքն անընդհատ երեսով են տալիս, ասում` դու ես պատճառն այս զոհերի: Եվ ինքն է պատճառը, ինքը խոստովանել է, բայց ասում է. «Այ մարդ, տարեք՝ պատի տակ գնդակահարեք, բայց անընդհատ այդպես մի ասեք»: Ես էլ իրեն ասելու եմ մի առիթով, որ դու չես որոշում՝ քեզ պիտի գնդակահարե՞ն, թե՞ ճիպոտով պիտի քամակիդ խփեն: Դու ընդամենը արձանագրել ես քո հանցանքը, ասել ես, որ այս նույն պատկերը կունենայինք, միայն թե առանց զոհերի»,- ասաց բանաստեղծը:
Նա մի մարդ է, որը խուսափում է այս հարցերին պատասխանելուց եւ պատրաստ է նոր զոհերի տանել ու կտանի՝ պնդում է հերոսի հայրը եւ շեշտում՝ մենք անընդհատ զոհեր ենք տեսնում, քաղաքացիական կյանքում սպանություններ, դրանք բոլորը կան, եւ այս ամեն ինչի հիմքում կանգնած է Փաշինյանը: «Ինքն իրավիճակին չի տիրապետում՝ տարերային գոյանք է, այդպես գնում է: Մի առիթով ասել եմ, որ այս փոթորկված օվկիանոսի մեջ նետված տաշեղն ուզում է օվկիանոս սանձել՝ չի կարող»,- շեշտեց Մանուկյանը:
Հարցին` կարծում է, որ այս իշխանության շարունակականության պարագայում մահերը, զոհերը շարունակվելո՞ւ են, բանաստեղծն ասաց. «Ես նրանց համարում եմ վամպիրներ` իրենց բնույթով, չարքապատկաններ: Չարիքի ներկայությունը, այո, միշտ մահաբեր է լինելու: Գիտեք, այդ նշաններն անընդհատ եղել են, նրանք չեն էլ թաքցրել՝ նրանք եկել են դագաղներով եւ այդ դագաղները հա պիտի լցնեն, քանի որ մեր ժողովուրդը չի կարողանում սթափվել, չի կարողանում ընկալել, որ գիտեք` այդ, որ գնում ասում է՝ էս կառույցն եք առել, էն կառույցն եք առել, դա նույնը չէ՝ արյուն խմելու հետ չի համեմատվում: Դա նույնը չէ, որ տարար՝ 5 հազար երեխայի կյանք խլեցիր, նույնը չէ, որ շարունակաբար անընդհատ խլում ես, եւ հիմա իրենց կառույցները շատ ավելին են, քան նախկիններինը, որոնց անունն են տալիս: Նրանք հաղթանակածներ էին, եւ ինչ-որ տեղ էլ համակերպվում էիր, որովհետեւ հաղթանակ բերած մարդիկ էին, եւ այդ հպարտանքը, այդ հաղթությունը մեր բոլորի վրա էին, անկախ այն բանից` գնացել է մարտին, չի գնացել, նպաստել է հաղթանակին, չի նպաստել, բայց ինքն էլ էր այդ հաղթանակի կրողը»:
Բանաստեղծը պատմում է, որ ամենաշատը սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներն էին իրեն ասում, որ երբ փողոց էին դուրս գալիս, այնտեղ ապրող ադրբեջանցիներն իրենց միշտ զգույշ ու խելոք էին պահում, որովհետեւ գործ ունեին հաղթանակած ժողովրդի մոտ, իսկ հիմա պատկերը փոխվել է՝ իրենք են գաղտնի գնում-գալիս, որ հանկարծ ադրբեջանցու չհանդիպեն:
«Գիտեք` պատերազմում, եթե անգամ պարտությունն արձանագրեց, որը մեր զինվորի պարտությունը չէր՝ դա իրենց պարտությունն էր, դա քաղաքական պարտություն էր, այ, երբ որ այդ քաղաքական գնահատականները տրվեն, այդ ժամանակ էլ ամեն ինչ պարզ կլինի, որ՝ այո, չեն գնում ասում՝ «սա Հայաստան է, եւ վերջ»: Մյուս նախագահներն Արցախը Հայաստան սարքել էին, բայց այդ մասին աշխարհով մեկ չէին բղավում»,- շեշտեց Մանուկյանը:
Անդրադառնալով Եկեղեցու դեմ արշավին, բարձրաստիճան հոգեւորականների թիրախավորմանն ու Վեհափառի դեմ հարձակումներին, բանաստեղծը շեշտում է՝ դա պատվեր է, հստակ պատվեր է, որովհետեւ թույլին պիտի պատվիրեն. «Տալիս են քյալլին, ասում են՝ արա, սենց բան պիտի անես՝ պիտի հարձակվես… կարծում եմ, այստեղ շատ գործոններ կան: Իրենց շահերն այդպես են պահանջում՝ այդ նույն Արեւմուտքի, նույն Անգլիայի շահերը պահանջում են, որ դու չպիտի ունենաս այն խարիսխը, որն այս օվկիանոսի փոթորկում քեզ ամուր կպահի, եւ այդ ամուր պահողը մեր Եկեղեցին է՝ հայոց եկեղեցին, որը դարերով մեր արժեհամակարգն է պահել, հային հայ է պահել, եւ, ի վերջո, դրանք եղել են դպրանոցներ: Հիմա էլ Եկեղեցու խորհուրդը շատ մեծ է, եթե Բագրատ սրբազանի ելույթները հերթով նայեք, կտեսնեք, թե դա որտեղից է գալիս, բնականաբար՝ մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցուց: Սրբազանն ամեն ինչ անում էր՝ բարոյական արժեքները վերհանելու համար, որպեսզի այս անբարո մթնոլորտը ցրեր, որովհետեւ եթե նման վիճակում իշխանափոխություն անգամ լինի, չեմ կարծում, որ հաջող արդյունք կունենանք, բայց դրա շանսերը կունենանք, որովհետեւ կազատվենք չարքապատկաններից»: