Ամեն ինչ սկսվեց մի պաստառից
Sat, 21 Nov 2026 11:51:31 +0400
2025 թվականի դեկտեմբերից ի վեր Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները փակցված են Նիսի քաղաքապետարանի ճաղավանդակներին։ Հունվարին նրանցից չորսն ազատ արձակվեցին։ Անհրաժեշտ էր թարմացնել պաստառը․ քսանչորս դեմքի փոխարեն արդեն քսանն էին մնացել։ CDCA-ի` Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Նիսի քաղաքապետարանը որոշեց այդ առիթը դարձնել կարևոր իրադարձություն՝ հոկտեմբերի 22-ին կազմակերպելով հավաք՝ վերահաստատելու իր աջակցությունը գերիներին։ Ելույթով պետք է հանդես գային երեք կողմեր՝ քաղաքապետարանը, Ժան-Քրիստոֆ Բյուսոնը և CDCA-ն։
Ելույթի նախապատրաստման ընթացքում մենք մեզ մի պարզ հարց տվեցինք․ ի՞նչ պետք է խնդրեինք քաղաքապետից։ Մեր պահանջները չեն փոխվում՝ բոլոր գերիների ազատ արձակումը, Կարմիր խաչի վերադարձը նրանց մոտ, Արցախի հայերի վերադարձի իրավունքի ապահովումը։ Սակայն այս պահանջներն ուղղված են պետություններին։ Քաղաքապետարանը չունի ո՛չ դեսպանատուն, ո՛չ բանակ։ Դրանք ևս մեկ անգամ քաղաքային խորհրդի նիստում կրկնելը կնշանակեր արժանանալ ծափահարությունների, բայց գերիների համար դրանից ոչինչ չէր փոխվի։
Ուստի մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ կարող է անել քաղաքը, և միայն քաղաքը։ Պատասխանը հենց նրա լիազորությունների մեջ էր՝ քվեարկություն, կոչում, ընտրված ներկայացուցիչներ։ Պատվավոր քաղաքացու կոչումը ամենաուժեղ քայլն է, որ կարող է իրականացնել համայնքը։ Այն արդեն կիրառվել է նախկինում․ Փարիզը այն շնորհել էր Ինգրիդ Բետանկուրին, երբ նա պատանդ էր FARC-ի ձեռքում, իսկ 2018 թվականին՝ ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովին, որն այդ ժամանակ բանտարկված էր Ռուսաստանում և ազատ արձակվեց հաջորդ տարի։
Մենք ցանկացանք մեկ քայլ էլ առաջ գնալ և մի փոքր սադրիչ լինել․ Նիսը դարձնել այս հարցի անմիջական մասնակիցը։ Եթե այս մարդիկ դառնան նիսցիներ, ապա Բաքուն այլևս պարզապես հայերի չի պահում իր բանտերում։ Այն պահում է ֆրանսիական քաղաքի պատվավոր քաղաքացիներին։ Մենք նաև առաջարկեցինք ընդունել նրանց ազատ արձակման վերաբերյալ պաշտոնական որոշում և քաղաքային խորհրդի անդամներից յուրաքանչյուր գերիների համար մեկ անձնական հովանավոր նշանակել։
Կարևոր էր նաև ընդհանուր համատեքստը։ Ընդամենը երկու ամիս առաջ Փարիզի քաղաքապետարանը, Բաքվի ճնշման ներքո, որն իր հերթին փոխանցվել էր մեր իսկ կառավարության միջոցով, հրաժարվել էր այդ նույն պատանդներին նվիրված ցուցահանդեսից։ Ֆրանսիայի նման երկրում Ադրբեջանի առաջ նահանջելը խայտառակություն է։ Նիսը հնարավորություն ուներ ցույց տալու հակառակը։
Անկեղծ ասած՝ ես չէի հավատում, որ դա հնարավոր կլինի։ Մեկ բանտարկյալի պատվավոր քաղաքացի հռչակե՞լ՝ այո։ Միանգամից քսանի՞ն՝ երբեք։ Սակայն ընդամենը մի քանի րոպե անց Նիսի քաղաքապետ Էրիկ Սիոտին իր ելույթի ընթացքում պատասխանեց իմ առաջարկներին․ համաձայնությունը տրված էր, և հարցը ներկայացվելու էր քաղաքային խորհրդի հաջորդ նիստին։ Նա պահեց իր խոստումը։ Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 19-ին, քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց որոշումը։
Ի՞նչ արդյունք կտա այս քայլը։
Ես չեմ ուզում պատրանքներ ստեղծել․ պատվավոր կոչումը բանտի դուռ չի բացում։ Բայց այն փոխում է երեք կարևոր բան։
*Առաջին հերթին՝ հենց գերիների համար։*
2025 թվականի սեպտեմբերից Կարմիր խաչն այլևս պատվիրակություն չունի Ադրբեջանում։ Ոչ ոք չգիտի, թե ինչ վիճակում են նրանք։ Երբ այլևս չենք կարող տեսնել նրանց, առնվազն պետք է շարունակենք հիշատակել նրանց անունները։ Այսուհետ նրանցից յուրաքանչյուրն ունի քաղաքային խորհրդի անդամ, որը ներկայացնում է իր անունը, կարող է նամակ գրել, տեղեկություններ պահանջել նրա վիճակի մասին և բարձրաձայնել նրա հարցը։ Նրանք այլևս անանուն մարդիկ չեն, որոնց կարելի է լռության մեջ անհետացնել։
Քաղաքային խորհրդի նիստի ավարտին մի քանի ընտրված ներկայացուցիչներ մոտեցան մեզ՝ Հովհաննես Գևորգյանին՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչին, որը հատուկ այդ առիթով էր եկել, և ինձ։ Նրանք ցանկանում էին իմանալ, թե ինչպես կարող են կապ հաստատել իրենց հովանավորյալ գերիների հետ։ Ինձ համար սա ամենագեղեցիկ պատասխանն էր․ այդ անուններն արդեն դարձել են անձնական պատասխանատվության և հոգատարության հարց։
*Երկրորդ՝ Բաքվի համար։*
Ալիևն այս մարդկանց պահում է որպես փոխանակման միջոց՝ նրանց ճակատագիրը որոշելով իրեն հարմար պահին։ Մեր նպատակն է այդ մարդկանց պահելը վերածել բեռի նրա համար․ այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրը նրան ավելի շատ վնաս պատճառի, քան օգուտ՝ իր միջազգային հեղինակության, հարաբերությունների և պայմանագրերի առումով։ Երբ ֆրանսիական քաղաքը նրանց հայտարարում է իր քաղաքացիները, դա ևս մեկ ծանրակշիռ գործոն է դառնում այս հավասարակշռության մեջ։
*Եվ վերջապես՝ Ֆրանսիայի համար։*
Այն, ինչ պետությունը չհամարձակվեց անել, արեց մի մեծ քաղաք՝ միաձայն, և երկինքը դրա հետևանքով չփլվեց։ Սա նախադեպ է։ Ֆրանսիայի ցանկացած այլ համայնք կարող է վաղը կրկնել այս քայլը, և ես հույս ունեմ, որ շատերը դա կանեն։
Սա նաև ուղերձ է Փարիզին և Երևանին․ երբ քաղաքապետարանն ավելին է անում ձեր պատանդների համար, քան ձեր կառավարությունները, ուրեմն խնդիրը ձեր կառավարությունների մեջ է։
Բաքվում դեռևս քսան տղամարդ է պահվում։ Բայց նոյեմբերի 19-ից նրանք նաև քսան նիսեցիներ են։
Անկինե Կիրակոզյան
Ֆրանսիա