Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը…
Sun, 22 Nov 2026 20:15:01 +0400
Տնտեսագետ ու ընդդիմադիր հասարակական գործիչ Հրայր Կամենդատյանը շարունակ համեմատում է Հայաստանի ու հարևան Վրաստանի հարկային համակարգերը: Անդրադարձել է նաև անշարժ գույքի հարկի խնդրին: Այդ երկրում անշարժ գույքը հարկվում է այն դեպքում, երբ դրա սեփականատիրոջ ընտանիքի տարեկան եկամուտն ավելի է 100 հազար լարիից (տվյալ պահին՝ 13865061 դրամից): Մեզանում անշարժ գույքի հարկը հաշվում են այսպիսի խուճուճ բանաձևով. բազային արժեքը բազմապատկած քառակուսի մետրերով՝ գումարած բազմաթիվ գործակիցներ. գոտիականություն, շենքի կառուցման տարեթիվ և վնասվածության աստիճան, շինանյութի տեսակ, հարկայնություն և այլն: Ինչը ժառանգություն է մնացել նախկիններից, սակայն չի փոփոխվել՝ ինչպես դա արվել է Վրաստանում:
Ասվածը վկայում է, որ սոցիալական առումով Վրաստանը քաղաքացիակենտրոն պետություն է: Պատճառը, բնականաբար, այն է, որ Վրաստանը խստորեն հետևում է Սահմանադրության գլխավոր պահանջին՝ սոցիալական պետություն լինելուն: Իսկ Փաշինյանի վարչապետությամբ Հայաստանն, ի տարբերություն Վրաստանի, պաշտոնապես դիրքավորվել է որպես հարկատուների երկիր: Ի թիվս այլ հարցերի, այդ առումով ևս խախտելով ՀՀ Սահմանադրությունը: Այդ տրամաբանությամբ պայմանավորված՝ 2027 թվականի պետբյուջեի նախագծում 24 միլիոն դոլարով կրճատվելու է անապահով ընտանիքների նպաստի համար նախատեսված գումարը: Կրճատումը 2026-ին հատկացվող գումարի կեսից ավելին է: Եվ մինչև 2029 թվականը այդ միտումը կպահպանվի:
Եթե այս տարի զբաղվածության ծրագրի համար նախատեսված էր շուրջ 36 միլիոն դոլար, ապա հաջորդ տարվա համար նախատեսված է 8 միլիոն դոլարից մի փոքր ավելի։ Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե սոցիալական ոլորտում կրճատումներն ամենուրեք են. 2026-ի համեմատ սոցիալական ծախսերը կավելանան շուրջ 250 միլիոն դոլարով։ Բայց դրանք, որքան հասկանալի է, հիմնականում կուղղվեն հենց առողջապության ապահովագրությանը: Ինչի նպատակը, բնականաբար, 2027-ին սպասվելիք (եթե դա տեղի ունենա) արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՀՀ քաղաքացիներին հերթական անգամ պետության հաշվին ընտրակաշառք բաժանելը կլինի:
Իսկ գործող իշխանությունն էլ հերթական անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների ու ակտիվիստների նկատմամբ ընտրակեղծարարության վերաբերյալ քրգործեր կհարուցի ու նրանց բանտերը կնետի: Ճիշտ է, դատարանները մեծ մասով նրանց հետագայում ազատ կարձակեն, բայց դա արդեն տեղի կունենա քվեարկությունից հետո: Ու նաև կհայտարարեն, թե որքան անկախ են հայաստանյան դատարանները: Հա, չմոռանամ հիշատակել, որ խիստ անհրաժեշտության դեպքում, ընտրություններին առանձին մասնակցող ընդդիմադիր կուսակցությունների ձայները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ կզրոյացվեն՝ լրացուցիչ քվեներ ապահովելով իշխող Քաղպայմանագրի համար: Որպեսզի, ի վերջո, տեղի ունենահանրաքվեն: Ու Փաշինյանից բացի, կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը: Ահա այդպիսի սցենար կարող է նախատեսվել 2027 թվականի համար: