Իվան Ուրգանտը 1,45 միլիոն եվրոյով բնակարան է գնել Լազուրե ափին
Mon, 23 Nov 2026 23:55:20 +0400
48-ամյա շոումեն Իվան Ուրգանտը, ով օրերս ծաղրել էր Փարիզում գրանցում ստանալու մասին լուրերը, բնակարան է գնել Լազուրե ափին (Côte d’Azur) գտնվող էլիտար շենքում․ անշարժ գույքի ընդհանուր արժեքը կարող է կազմել շուրջ 1,45 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ Ուրգանտը բնակարան և նկուղային տարածքներ է ձեռք բերել Նիցցայի շրջանի Բոլյո-սյուր-Մեր քաղաքի էլիտար շենքերից մեկում։ Նախկինում այնտեղ գործել է Le Bristol հյուրանոցը, որտեղ հանգրվանել են Իտալիայի թագուհի Մարգարիտա Սավոյացին և Սերբիայի թագաժառանգ արքայազնը։ Հյուրանոցը շենքում գործել է մինչև 1954 թվականը, ինչից հետո այն բաժանվել է բազմաթիվ բնակարանների, և դրանցից մեկը, ինչպես հաղորդում է Shot-ը, գնել են Ուրգանտն ու կինը։ Բնակարանը երկու սենյակ ունի։ Բացի այդ, Ուրգանտը նկուղային տարածք է գնել։
Նշվում է, որ դեռ 2015 թվականին Ուրգանտն անշարժ գույք էր ձեռք բերել Ֆրանսիայում՝ ավելի քան 3 միլիոն եվրո արժողությամբ բնակարան Փարիզում, ինչպես նաև իր անունով էր ձևակերպել օժանդակ տարածք, որը պահել էր իրեն 2017 թվականին բնակարանը վաճառելուց հետո։ Ավելի ուշ, տելեգրամյան ալիքի տեղեկություններով, նա բնակարան է գնել Avenue Hoche շրջանում և հենց այնտեղ էլ ձևակերպել է իր փարիզյան գրանցումը՝ օգտագործելով Իսրայելի անձնագիրը։
Օրերս Ուրգանտը Փարիզում գրանցում ստանալու մասին ԶԼՄ-ների մի շարք հրապարակումներից հետո իր անձնական բլոգում հրապարակել էր կնոջ՝ Նատալյա Կիկնաձեի հետ Սանկտ Պետերբուրգում զբոսանքի կադրերը՝ «Իմ Փարիզը» մակագրությամբ։