«Հրապարակ»․ Թռնեն վերեւ, իջնեն ցած՝ Հռչակագիրը մեր պատմության անբաժան մասն է եղել ու մնում է
Tue, 24 Nov 2026 08:45:37 +0400
Նոր սահմանադրությունը մերժելու համար ընդդիմությանը դատափետող Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն ընդդիմադիրներին հորդորում էին՝ նախագիծը չտեսած՝ չմերժել, երբ հրապարակվի, կտեսնեն, թե որքան բարեփոխված հոդվածներ կան։ Երեկ՝ արդարադատության նախարարության մշակած նախագծի հրապարակումից հետո, ընդդիմությունն արձանագրեց, որ նոր նախագծում եթե կան էլ փոփոխություններ, ապա՝ ոչ դրական: Եվ այն հիմնականում «կարվել» է Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության «հագով», ու եթե անգամ սահմանադրությունը չփոխվեր Ալիեւի պահանջով, այս նախագծին չեն կարող կողմ քվեարկել։
Նոր սահմանադրության նախաբանում, բնականաբար, բացակայում է հղումը 1990 թվականին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագրին։ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատեւության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ եւ այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»,- գրված է նախագծի նախաբանում: Սակայն սա արդեն հայտնի էր եւ վաղուց էր քննարկվում: Նոր սահմանադրության նախագծով փոփոխվում է նաեւ սահմանադրության կամ դրա փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշման ընդունման կարգը` անհրաժեշտ ձայների շեմը երկու երրորդից իջեցվում է երեք հինգերորդի: Այս նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովում դրա օգտին քվեարկի առնվազն 70 պատգամավոր` խորհրդարանի երկու երրորդը, որը ներկայում ՔՊ-ն չունի, անգամ երեք հինգերորդ չէր ունենա, եթե չգողանար ԲՀԿ-ի քվեները։ Առանց ընդդիմադիրների 6 ձայնի ՔՊ-ն չի կարող ընդունել այդ որոշումը, իսկ ընդդիմությունը հայտարարում է, որ չեն կարող մեր երկրի մայր օրենքն Ալիեւի պահանջով փոխելուն կողմ լինել եւ չեն աջակցի իշխանության նախագիծը հանրաքվեի դնելուն:
Նոր նախագծում գրեթե անփոփոխ է մնացել Փաշինյանի թմբկահարած սուպերվարչապետական մոդելը։ Փոխարենը դրոշի եւ զինանշանի փոփոխության հարցն իջեցվել է օրենքի մակարդակի, անձի իրավական վիճակը վատթարացնող որոշ օրենքներ հետադարձ ուժ կունենան եւ այլն։ Հաշվի առնելով, որ նախագիծը դեռ հում է, եւ քաղաքացիներին իշխանությունը կոչ է արել առաջարկներով հանդես գալ, ապա պետք չէ բացառել, որ վերջնական տարբերակը կարող է ավելի վատ տեսք ունենալ, եւ քաղաքացիների առաջարկների անվան տակ սղղացնեն ցանկացած փոփոխություն։
Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը, որն ընդգրկված է եղել 1995-ին ընդունված սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովի կազմում, հիշեցնում է՝ Հայաստանում մեկ անգամ սահմանադրություն է ընդունվել, երկու անգամ փոփոխվել, բայց որեւէ անգամ նման մակարդակի տեքստ չի գրվել։ «Այսպես` խցի մեջ նստած, պալատական մակարդակում չեն գրվել տեքստերը։ Թե՛ նախագծի նախաբանը, թե՛ գլուխները, թե՛ հոդվածներն անընդհատ քննարկման առարկա են եղել։ Այդ նույն ոչ բարով եվրոպացի դեմոկրատները միջոցներ էին տրամադրում, գործընկերներ էին ուղարկում, Գերմանիայից Լյուխտերգանգն էր եկել, որը լիբերալ-դեմոկրատների համար օգնեց սահմանադրության նախագիծ գրել, ֆրանսիացի երկու հայտնի սահմանադրագետ օգնեցին այն ժամանակ մեր կառավարությանը, մեզ՝ սահմանադրական հանձնաժողովին, տեքստը կազմելու համար։ Իսկ հիմա ոչ ոք չգիտի, թե այս սահմանադրության վրա ովքեր են աշխատել, բոլորը մեկուսացվել են, հիմա ի՞նչ են ուզում` Գալյանը գրել է տեքստը եւ մարդկանց առաջարկում է կարծիք հայտնել։ Բա ո՞նց կանեն` դալարիկցի Ժուժուն էլ գնացել է ԱՄՆ, ո՞նց կմասնակցի այս քննարկումներին, չգիտեմ էլ՝ ախուրյանցի Անոյի առողջականը ոնց է, նա ժամանակ կունենա՞, կամ` հոգսերը թույլ կտա՞ն Գալյանի սահմանադրության մասին կարծիք հայտնելու, կամ` Արագածի ջրբաշխ Սուրենը»,- հեգնեց Արա Սահակյանը։
«Դժվար խնդիր է` վերցրել են պալատներում, գաղտնի սենյակներում մի տեքստ են գրել, որի ամբողջ իմաստը Հռչակագիրը հանելն է, հիմա էլ ասում են` քննարկեք: Դե թող քննարկեն, միշտ վկայակոչում են ժողովրդի աջակցությունը, փաստորեն, դուրս է գալիս, որ ժողովրդի աջակցությունն ուզում են միայն քվե ստանալու ժամանակ: Նախապես չեն քննարկում, չեն ուզում իմանալ՝ ինչ է ժողովուրդը մտածում։ Օրինակ՝ մեր ժողովուրդը սահմանադրության ինչի՞ց է դժգոհ, ասենք, որ կարկուտ է գալիս: Կամ՝ սահմանադրության ո՞ր հոդվածն է ժողովրդին այդպես տառապանքներ պատճառել, կամ` ո՞ր փոխհատուցումը չեն ստանում»։
Փաշինյանն ասում է` հռչակագիրը պատերազմածին է․ «Անկախության հռչակագիրը սահմանադրության այս տեքստում հիշատակեն-չհիշատակեն, դա անանց արժեք է, չեղյալ հայտարարեն էլ․․․ թռնեն վերեւ, իջնեն ցած, դա մեր պատմության անբաժան մասն է եղել ու մնում է»։
Վերջում Արա Սահակյանը հիշեցրեց․ «Ընդդիմությունը պնդում էր անում, որ սահմանադրությունը փոխելու ներքին՝ հասարակական, այդ թվում՝ քաղաքական պահանջ գոյություն չունի, դա արտաքին պարտադրանք է, եւ մերժում էին արտաքին պարտադրանքով սահմանադրությունը փոխելու ուղեգիծը: Հիմա, երբ կարդացել եք տեքստը, հասկացել եք, որ ընդդիմությունը ճիշտ է»։